Բրիտանական BBC-ն ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին: Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանը Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է, որտեղ օրական գրանցվում են հարյուրավոր նոր դեպքեր: Այս ֆոնին քննադատության է ենթարկվում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս վարակվել էր կորոնավիրուսով: Հայաստանյան իշխանություններն ասում են, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ լոքդաուն, ասվում է ռեպորտաժում:
BBC-ի լրագրողը շեշտում է, որ Հայաստանի հիվանդանոցները գերծանրաբեռնված են և անդրադառնում վարչապետ Փաշինյանի այցին՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից տեղեկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում կա ընդամենը 3 ազատ տեղ:
Ռեպորտաժում անդրադարձ կա նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին, ինչից հետո վերջինս ազատվեց իր պաշտոնից։ Նշվում է, որ Արտակ Դավթյանի հետ կապված այս իրադարձությունից հետո շատ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը համավարակին լուրջ չի վերաբերվում։ Թեպետ վարչապետը միջադեպից հետո ազատել է Դավթյանին պաշտոնից, բայց այդ փաստը չի գոհացրել ՀՀ ընդդիմությանը, որը պահանջում է կառավարության հրաժարականը, հաղորդում է լրագրողը՝ ներկայացնելով կադրեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ վերջին օրերի իրադարձություններից:
«Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը կորոնավիրուսի դեմ կառավարության քաղաքականությունը որակելով որպես աղետ՝ ասում է, որ Հայաստանը հայտնվել է ամենավատ վիճակագրություն ունեցող երկրների շարքում։
Կարդացեք նաև
Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ «եթե մենք ամիսներ, տարիներ շարունակ փակ պահենք մեր սահմանները, բիզնեսները, մենք այլ պատճառներից կմահանանք»։
BBC-ի թղթակիցը ռեպորտաժը եզրափակում է ասելով, որ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հեղափոխության շնորհիվ և հիմա, երբ կանգնած է իր վարչապետության ամենամեծ մարտահրավերի առաջ, կրկին ապավինում է ժողովրդին՝ օգնելու պայքարել վիրուսի դեմ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ