Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար». Ալվինա Գյուլումյան

Հունիս 26,2020 16:00

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր եկել էր աշխատավայր` Սահմանադրական դատարան: «Ես շարունակելու եմ աշխատել, շարունակելու եմ իմ գործունեությունը»,- ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը, որի լիազորություններն այսօրվանից դադարել են, ըստ սահմանադրական փոփոխությունների:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ հավաքվել են Սահմանադրական դատարանի մոտ: Այսօր ուժի մեջ է մտնում խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Մասնագիտական շրջանակները նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը եւ չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էին ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր դիմումն այսօր նաեւ թղթային տարբերակով ներկայացրեց ՍԴ։

Լրագրողները հետաքրքրվեցին`մտահոգություն չունի՞, որ իրեն կարող են ուժով հեռացնել: Տիկին Գյուլումյանն ասաց, որ այդ հարցը կարգավորվում է սահմանված կարգով. «Որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել: Դատարանում, երբ որեւէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, ոչ էլ ձեր` աշխատանքից ազատվելու հիմք չեն»:

Հստակեցնող հարցին`ինքը շարունակելո՞ւ է գալ աշխատանքի, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Դատարանը կոլեգիալ մարմին է համարվում, եւ, բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ պետք է չլինեմ, դատարանն էլ ինձ թույլ չի տա այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում ուժով դա անելու: Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար: Ուկրաինայում, հայտնի դեպքերից հետո, նույնպես ՍԴ անդամների հետ այսպես վարվեցին`հեռացրեցին, ձեւավորեցին նոր ՍԴ՝ իրենց սրտի դատարանը, բայց անցավ որոշակի ժամանակ, Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահը, որն առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց միեւնույն է՝ գտնելով, որ այն ժամանակ ՍԴ անդամների իրավունքները խախտվել են, վերականգնեց նրանց աշխատանքի: Չեմ կասկածում, որ նույնը կլինի այստեղ»:

Ալվինա Գյուլումյանն ասաց, որ իրենք իրավական ճանապարհով են պաշտպանելու սեփական իրավունքները. «Դա պետք է լինի դատական կարգով մեր իրավունքների պաշտպանությունը: Եթե գտնում են, որ ներպետական դատարաններ չկան այդ մասով, ուրեմն կդիմենք ՄԻԵԴ»:

Ի դեպ, Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանն արձակուրդ են գնացել: Ալվինա Գյուլումյանը դա իրենց իրավունքն է համարում եւ հավելում, որ երբ ՍԴ նախագահը արձակուրդ է գնում, նրան փոխարինում է տեղակալը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930