Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը». Ռուբեն Հակոբյան

Հունիս 26,2020 15:26

«Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Կարծում եմ, ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես կարողացավ այս մեկ տարին կանգնել, մարդավարի պայքարել իշխող ուժի դեմ: Այսօր մենք պետք է վարձահատույց լինեինք, որովհետեւ իշխող ուժը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ ցինիկորեն, հակաօրինական ձեւով հարձակվել է ՍԴ-ի վրա»,- այսօր Սահմանադրական դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ հավաքվել են Սահմանադրական դատարանի մոտ: Այսօր ուժի մեջ է մտնում խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Մասնագիտական շրջանակները նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը եւ չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էին ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր դիմումն այսօր նաեւ թղթային տարբերակով ներկայացրեց ՍԴ։

Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ այսօր հասարակությունը, ընդդիմությունը պետք է փողոցները փակեին, քանի որ իշխող ուժն օգտագործում է կորոնավիրուսի համավարակը` հակաօրինական օրենքներ ընդունում, Սահմանադրությունը «ցեխաջրի» մեջ գցում, իսկ հասարակությանը պարտադրում է, որ ենթարկվի արտակարգ դրությանը. «Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը: Ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հակաօրինական դաշտում է գործում: Ինչպես ինքն իրականացրեց պետական հեղաշրջում՝ անշուշտ, նաեւ այդ ժամանակ գործող իշխանությունների որոշ ուժային ստրուկտուրաների հետ միասին, հիմա պետք է նաեւ այդպես` պետական պահպանության օբյեկտները գրավելով՝ իրեն վռնդել իշխանությունից: Իրենք այսօր պետությունը տանում են դեպի կործանում»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նրա կարծիքով, ժամանակն է նաեւ, որ ընդդիմությունն իսկապես համարժեք քայլեր անի` մի կողմ թողնելով «նվնվոցները», թե իշխանությունը հակաօրինական եւ հակասահմանադրական քայլեր է անում. «Հասկացանք: Մենք դա ասում ենք, ինքն էլ ասում է`մենք թքած ունենք այդ օրենքների, Սահմանադրության վրա, իմ ընտանեկան կապալը որոշում է այսպես ապրել. գտնում է, որ պետք է ծխախոտի, ադամանդի, զենքի մաքսանենգությամբ զբաղվի: Եվ ինքը կարողացել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հակաօրինական դաշտում պարտադրում է ժողովրդին, որպեսզի ենթարկվեն իրեն: Ես գիտեմ`ինչ եմ ասում, ես գիտեմ իմ խոսքի արժեքը, պատասխանատվությամբ եմ ասում եւ եթե պետք է՝ պետք է համարժեք քայլերի գնալ: Կգտնվեն մարդիկ, ովքեր կգնան դրան: Ինքը հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն է. ինքը մինչեւ հիմա ոչ մեկին դատի չի տվել այս ձեւակերպման համար, որովհետեւ եթե միջազգային կոնսիլիում հրավիրեն…, իսկ ես մասնագետների հետ խոսել եմ, իսկապես այս մարդը լուրջ խնդիրներ ունի: Ինքը վտանգ է պետության համար»:

Երեկ ԱԺ-ում վարչապետի ունեցած ելույթից Ռուբեն Հակոբյանն ամաչել է. «Նման ելույթ, նույնիսկ էն հաստավիզների կողմից չեմ լսել: Էդ ելո՞ւյթ է: Մատ է թափ տալիս, թե մենք որոշել ենք` ով պիտի գա խորհրդարան: Դրանից առաջ ասել էր`ընդդիմության հետ հարաբերվելու միակ ձեւը չափալախն է լինելու… տո դու ո՞վ ես: Նորմալ մարդը, իրեն հարգող տղամարդը`էդպիսի ղժղժան… ներողություն, փողոցի անբարոյական կնոջ նման է իրեն պահում: Այն բառամթերքը, որը ինքը այսօր օգտագործում է`ընդդիմության նկատմամբ, դրան համարժեք միայն այդ բառերը կարելի է ասել»: Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանին դրսի ուժերն են բերել իշխանության`«դավադիր համաձայնությամբ»:

Ռուբեն Հակոբյանի համար ցավալի է, որ Արմեն Սարգսյանը, որը որոշակի կենսագրություն ունի, կեսգիշերին, փոխարեն մտածի պետության մասին, ենթարկվել է Նիկոլ Փաշինյանի սադրանքին եւ ստորագրել է հակասահմանադրական օրենքը: Բայց մյուս կողմից, հասկանում է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր`«թագավորը մերկ է», նկատի ուներ վերջինիս`քաղաքացիության հետ խնդիրը, ինչը եւ առավելագույնս օգտագործում է: Ինչեւէ, այս վիճակի համար, նրա գնահատմամբ, հավասարապես պատասխանատու է նաեւ Արմեն Սարգսյանը:

«Միակ բաստիոնը, որ նվաճված չէր իշխանության կողմից, ՍԴ-ն էր, ժողովուրդը պետք է տեր կանգնի ՍԴ-ին, պետք է տեր կանգնի այն մարդկանց, որոնք պայքարում են այս բռնապետության դեմ: Իշխանությունները գտել են ժողովրդից էմոցիա գողանալու ձեւը, նախկին իշխանություն ասելով՝ իրենք կարողանում են արդարացնել իրենց»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930