Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ձրիակեր է, եւ ուտում է ձեր փողերը». Արա Սահակյանը՝ Վահե Գրիգորյանի մասին

Հունիս 26,2020 14:52

«Հայաստանում տեղի է ունենում ՍԴ հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում»,- այսօր Սահմանադրական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ հավաքվել են Սահմանադրական դատարանի մոտ: Այսօր ուժի մեջ է մտնում խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Մասնագիտական շրջանակները նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը եւ չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր դիմումն այսօր նաեւ թղթային տարբերակով ներկայացրեց ՍԴ։

«Հավանաբար իշխանությունները երեկ գիշերային ժամադրություններից դատելով՝ կրկին հետամուտ են իրենց հեղափոխական քայլերին, իսկ ժողովուրդը գիտի՝ ինչ բան է հեղափոխությունը. հեղափոխությունները բերում են դժբախտություն եւ կործանում: Մենք համոզվում ենք, որ կործանման թիրախ է ընտրվել Սահմանադրական դատարանը»,- ասաց Արա Սահակյանը` հավելելով որ հասարակությունը պետք է միավորվի, քանի որ միայն քաղաքացիական հասարակությունը կարող է զսպել իշխանությանը եւ դա է պատճառը, որ «Հայրենիքի» անունից իրենք եկել են իրենց բարոյական աջակցությունը հայտնելու ՍԴ-ին. «ՍԴ բոլորինս է եւ այն պաշտպանել՝ նշանակում է պաշտպանել մեր իրավունքները»:

Բանախոսի կարծիքով, արտակարգ դրության ռեժիմի պահպանումը եւ այդ հիմքով հավաքների արգելումը դիտավորություն է. «Այն շատ ծիծաղելի հետևանքներ ունի, շատ նման է այն արտակարգ դրությանը, որ 1988 թվականին Սովետական կենտրոնը հայտարարում էր ղարաբաղյան շարժման դեմ: Արդյունքում՝ Սովետական միությունը փլուզվեց, իսկ ղարաբաղյան շարժումը՝ հաղթեց: Հիմա էլ հեղափոխական նպատակահարմարությունը մենք հակադրում ենք իրավական գիտակցությանը»:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ՍԴ ճգնաժամն այս փոփոխությամբ լուծվում է, Արա Սահակյանը պատասխանում է. «Ես այդպիսի անունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում, ես գիտեմ այդպիսի անուն ազգանունով մի դասալիք, գործալիք: Սովորական մի բանվորը, ուսուցիչը մի քանի ժամ աշխատանքից բացակայելու դեպքում վաղուց հեռացվել էր: Նա ձրիակեր է, եւ ուտում է ձեր փողերը: Նա որեւէ բարոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ»:

Արա Սահակյանի գնահատմամբ, Սահմանադրությունը փոփոխվել է` խախտելով Սահմանադրական դատարանի կարծիքի իրավունքը. «Գործադիր և օրենսդիր երկգլխանի հիդրան, որը կոչվում է ներկա իշխանություն, ոտնահարել է Սահմանադրության այդ պահանջը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արա Սահակյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930