Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ուղիղ հարված էր բազմակարծությանը». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Հունիս 26,2020 14:36

Ըստ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի՝ այժմ Հայաստանն ապրում է նիկոլիզմի ժամանակաշրջանում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ամենևին զարմացած չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններից, քանի որ դա իր ոճն է: Նա նշեց, թե հիշում է՝ 2018-ին Փաշինյանը հրապարակում հայտարարեց, որ ՀՀ-ն կամ չի ունենա վարչապետ, կամ ինքը պետք է լինի: Նա հիշեցրեց, թե այսպիսով Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ի ապրիլին վերջնագիր ներկայացրեց ոչ թե ՀՀԿ-ին, քաղաքական ուժերին, այլ շանտաժի ենթարկեց Հայաստանը:

Էդուարդ Շարմազանովի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս երկու տարիներին հետևողականորեն քայլեր է կատարում դեպի իր իշխանության բացարձակություն:

Անդրադառնալով մեկ օր առաջ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դա բավականին ծիծաղելի, անհեթեթ հակաժողովրդավարական և հակապետական հայտարարություն էր, որը բնորոշ է, օրինակ՝ Ներոնին, Կալիգուլային, Գեբելսին, Հիտլերին՝ բռնապետերին: Ի՞նչ է նշանակում՝ նրանք, որոնք չեն եղել իմ կողմնակիցը և չեն եղել հեղափոխության ջատագովներ, խորհրդարանում չեն լինելու: Եթե այդպես է, թող Նիկոլ Փաշինյանը բոլոր պետական կառույցներն ուղարկի թոշակի, կառավարի միայն ինքը, իր ընտանիքի անդամները՝ ցարի դեկրետներով: Սա ուղիղ հարված էր բազմակարծությանը»:

Այն, որ օրական 15-20 մահ է գրանցվում, և որ կորոնավիրուսը ՀՀ-ում մեծ տարածվածություն ունի, դրա մեղավորը Էդուարդ Շարմազանովը համարում է Նիկոլ Փաշինյանին: Նա հայտարարեց. «Մենք օրական ունենում ենք 15-20 մահ, մենք ունենք 22 հազարից ավելի դեպքեր՝ տարածվածությամբ ռեկորդակիր ենք տարածաշրջանում, և դրա միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Երբ տարածաշրջանի երկրներն արդեն վարակված էին կորոնավիրուսով և նրանք արդեն քայլեր էին ձեռնարկում կորոնավիրուսի դեմն առնելու համար, Նիկոլ Փաշինյանը կամ հանրահավաք էր անում, կամ առանց դիմակի շրջում, փողոցներում, սելֆի անում, կամ ծառից կեռաս էր հավաքում: Համեմատեք, թե այս օրերին քանի լայվ է մտել Վրաստանի վարչապետը և քանի լայվ Հայաստանի վարչապետը»:

Խոսելով հանրաքվեն չեղարկելու մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ չունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը և հանրաքվե արշավը վերածվեց ԱԺ 89 պատգամավորին քրեական օրենսգրքով ուշ թե շուտ դատվելու գործընթացի, քանի որ այն, ինչ արեցին, սահմանադրական կարգի յուրացում էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930