Հունիսի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր իրաքցի գործընկերոջը՝ փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր առաքելության մեջ:
Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս մարտահրավերների հասցեագրման ու բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերին և միջոցառումներին:
Նախարարներ Մնացականյանն ու Հուսեյնը գոհունակություն հայտնեցին պատմական կապերով միահյուսված հայ-իրաքյան բազմադարյա հարաբերությունների կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու այն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցները կարևորեցին հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
Կարդացեք նաև
ԱԳ նախարարները բարձր գնահատեցին երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած իրաքահայ համայնքի դերակատարությունը երկու ժողովուրդներին և երկրներին մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց իր իրաքցի գործընկերոջը՝ հայ համայնքի նկատմամբ դրսևորված ավանդական ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար:
ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Ֆուադ Հուսեյնը հանգամանալից մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման կարևորությունը:
ՀՀ ԱԳՆ