Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահե Գրիգորյանը քաղաքական գործիչ է եւ հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետի հակումներ ունեցող ղեկավարին». Ավետիք Իշխանյան

Հունիս 26,2020 14:16

«Այն, ինչ կատարվեց Սահմանադրական դատարանի հետ, ռուսերեն հայտնի արտահայտություն կա` «против лома нет приема»: Հայաստանում դա կատարվեց։ Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին։ Եվ ցավոք սրտի, Հայաստանում այդ քաղաքական բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբաններ, որոշ դատավորներ, ՍԴ անդամներ և փաստաբաններ»,- այսօր Սահմանադրական դատարանի մոտ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ հավաքվել են Սահմանադրական դատարանի մոտ: Այսօր ուժի մեջ է մտնում խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Մասնագիտական շրջանակները նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը եւ չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էին ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր դիմումն այսօր նաեւ թղթային տարբերակով ներկայացրեց ՍԴ։

Ավետիք Իշխանյանի կարծիքով, «ժողովրդավարություն», «լիբերալիզմ», «իրավական պետություն» գաղափարներ հռչակած քաղաքական ուժերը իրավական պետության կառուցման ճանապարհին անպաշտպան թողեցին իրավաբաններին, փաստաբաններին եւ մի քանի դատավորների. «Ինչ կարող էին անել այդ իրավաբանները, ՍԴ դատավորները՝ միայն օրենքներով եւ իրավունքով պայքարելով բացարձակ մեծամասնություն կազմող, հլու-հնազանդ, իրեն ենթարկվող քաղաքական ուժի հետ, որին ենթարկվում են բոլոր ուժային կառույցները, քննչական մարմինները և ԱԱԾ-ն, որոնց հանձնարարվել էր հետապնդումներ սկսել»: Ըստ իրավապաշտպանի, նրանք պայքարեցին այնքան, որքան կարող էին` առանց լուրջ հանրային եւ քաղաքական աջակցության:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը համոզմունք էր հայտնել, որ այսպիսով ճգնաժամը կհանգուցալուծվի: Ավետիք Իշխանյանը չմեկնաբանեց Վահե Գրիգորյանին. «Նա քաղաքական գործիչ է եւ հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետի հակումներ ունեցող ղեկավարին։ Եվ նրա ասածները որեւէ հիմք չպետք է ծառայեն»։

Հարցին`Հրայր Թովմասյանը քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործիչ է, քանի որ այս մասով էլ են կարծիքները տարբերվում, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Հրայր Թովմասյանն իր գործունեությունը սկսեց քաղաքացիական հասարակությունից, հետո անցավ քաղաքականություն, հետո անցավ իրավաբանություն եւ վերջին իր գործունեությունը ցույց տվեց, որ նա քաղաքականությունից հեռացել է։ Այդպիսի դեպքեր էլ են լինում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930