Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունը կարող է ստացած լինել 70 տոկոս ձայն, բայց նույն այդ 70 տոկոսը լուրջ չվերաբերվի նրա ասածներին. Վահե Հովհաննիսյան

Հունիս 26,2020 13:46

Ի՞նչ է լինելու. արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է

Կան մի քանի հարցեր, որոնք ամբողջացնելու են պատասխանը։

Հարց 1. Ի՞նչ է կատարվում աշխարհում։
Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցությունը։ Իրական մահերը և իրական դժվարությունները հասարակություններին ստիպելու են մտածել։ Գլոբալ փոփոխությունների երրորդ ուղղությունը ներհասարակական հարաբերություններն են։ Կա տեսակետ, որ կարող են աճել ազգայնական տրամադրությունները, բայց մեծ է նաև հավանականությունը՝ ներհասարակական համերաշխության և նոր որակի փոխօգնության վրա հիմնված բարքերի հաստատման համար։ Փոփոխությունների չորրորդ ուղղությունը վերաբերելու է ինտեգրացիոն համակարգերի վերաիմաստավորմանը՝ տնտեսական, անվտանգության համակարգեր և անմիջական հարևաններին հետ հարաբերությունների նոր որակ։ Համավարակը ստիպելու է աշխարհին՝ ենթարկվել փոփոխությունների։ Հայաստանը չի կարող լինել բացառություն։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում
Վիրուսի անզուսպ տարածում, տասնյակ հազարավոր հիվանդներ, մեծ թվով մահեր, գործազրկության կտրուկ աճ, տնտեսական լրջագույն խնդիրներ, սահմանադրական կարգի տապալման պրոցես և պատերազմի մշտական վտանգ։ Զուգահեռ՝ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը գաղտագողի բերում է օրենքներ, և մեծամասնությունը քվեարկում է կողմ։ Այդ օրենքների բովանդակությանը հասարակության 90 տոկոսը տեղյակ չէ, բայց հենց դրանք սկսեն աշխատել, ազդեցությունն իրենց կյանքերի վրա զգալու են բացառապես բոլորը։ Դա «Ուրիշ Հայաստանի» օրենսդրական բազան է, որն ապահովելու է ամբողջական շուկաների փլուզում, ներքին թշնամանք և իրավական նիհիլիզմ։

Սա Հայաստանի օբյեկտիվ վիճակն է։ Բայց սա ողբերգություն չէ, սա կործանում չէ, սա ընդամենը բարդ վիճակ է, որն ունի լուծումներ։ Այն կդառնա ողբերգություն միայն այն դեպքում, եթե լուծումները ուշանան։

Եթե տեղայնացնենք Ռեյգանի հայտնի ձևակերպումը՝ տրված այլ համատեքստում՝ «Կառավարությունը մեր պրոբլեմների լուծումը չէ. կառավարությունը ինքը պրոբլեմն է» կարելի է ասել՝ Հայաստանի հիմնական պրոբլեմը Հայաստանի կառավարությունն է։

Ի՞նչ է կատարվում իշխանության մեջ
Իշխանությունը Հայաստանում ինտենսիվ նույնականացվում է մեկ մարդու հետ։ Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ վարչապետ Փաշինյանն ունի իր սեփական իրականությունը։ Նրա իրականությունը և Հայաստանի իրականությունը մի օր բախվելու են։
Ինչո՞ւ ստացվեց այդպես։ Շատ դժվար է դիմանալ փառքին, երբ փողոցի, սոցիալական ցանցերի, սփյուռքի հարյուր հազարները քեզ երկրպագում են։ Չներշնչվել, որ դու մեսսիա ես կամ առնվազն՝ առաքյալ, հնարավոր է երկու պայմանի դեպքում՝ ուժեղ անհատական առանցք, ձևավորված աշխարհայացք և սթափ քաղաքական շրջապատ։ Երբ այս պայմանները չեն ապահովվում, սկսվում է իրականության աղավաղված ընկալումը, սեփական իրականության ձևավորումը։

Դրանից հետո կատարվում է այն, ինչին մենք ինտենսիվ ականատես ենք լինում վերջին օրերին. իշխանության մեջ գնում է մարդաոչնչացման պրոցես։ Փաշինյանը չի ուզում կաշկանդվել իր քաղաքական շրջապատում որևէ անհատի առկայությամբ։ Վերջին քվեարկությունները և իրավապահ համակարգի քայլերը վկայում են պրոցեսի ավարտական փուլի մասին։ Իշխանության հիմնական բնորոշիչը դառնում է ճակատագրական անլրջությունը։ Հնարավոր չէ, որ մեկ երեկոյի ընթացքում վարչապետը ՍԴ-ի վերաբերյալ իրար հետևից երեք գրառում անի, և հանրությունը նրա ուղերձներին հետո լուրջ վերաբերվի։ Հնարավոր չէ, որ առողջապահության նախարարը առավոտյան հաշվի նոր հիվանդների և մահերի թիվը, ցերեկը հաշվի վերակենդանացման բաժանմունքներում մահերի տոկոսը, իսկ երեկոյան՝ ՍԴ դիմելու անհրաժեշտ ստորագրությունների բանաձևը։ Պարադոքս է՝ իշխանությունը կարող է ունենալ լեգիտիմություն, բայց չունենալ լրջության նվազագույն աստիճան։ Իշխանությունը կարող է ստացած լինել 70 տոկոս ձայն, բայց նույն այդ 70 տոկոսը լուրջ չվերաբերվի նրա ասածներին։

Ի՞նչ է կատարվում իշխանությունից դուրս
Իշխանությունից դուրս այսօր կատարվում է այն, ինչը չէր ստացվում 20 և ավել տարիներ շարունակ՝ քաղաքական առողջ գործընթացների գեներացիա, միտքը՝ որպես քաղաքական պրոցեսի պարտադիր պայման լինելը։
Երեք կուսակցությունների համատեղ աշխատելու հայտը քաղաքական դեֆոլտից դուրս գալու առաջին նշաններից է։ Եվ չպետք է վախենալ բարդություններից, ծագող տարաձայնություններից։ Իրար հետ անկեղծ աշխատելու ցանկությունը կհարթի բոլոր դժվարությունները։

Ես կցանկանամ, որ այս եռյակը խուսափի Հայաստանի քաղաքական ամենամեծ ծուղակից՝ լայն կոնսոլիդացիայի սևեռուն մտքից։ Հայաստանում կա առնվազն 20-30 մարդ, ով տանն ունի կուսակցության կնիք և ժամանակ առ ժամանակ չեղած տեղից քաղաքական գործունեության հայտ է ներկայացնում։ Մոռացեք նրանց, նրանցից ոչ մի էֆեկտիվ դերակատարում սպասել պետք չէ։
Եռյակի հնարավոր գոյությունը («Հայրենիք» ԲՀԿ, ՀՅԴ) առողջացման ցուցանիշ է։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այն հեռու է քաղաքական ողջ դաշտը ծածկելու միտումից։ Հայաստանում քաղաքական փոփոխությունների և երկրի հետագա արդիականացման համար վճռորոշ գործոն է դառնալու այսօր քաղաքական ուժ չներկայացնող, բայց հանրային կյանքում առկա և ակտիվ մարդկային մեծ ռեսուրսը։ Դրանք այն մարդիկ են, այն շրջանակները, որոնք մշտապես պոզիտիվի մեջ միտք, գաղափար և լուծումներ են փորձում գեներացնել։ Վերջին երկու տարում իշխանությունից դուրս ձևավորվել է ինտելեկտուալ հսկայական էներգիա։ Հնարավոր է, որ այս պահին այդ մարդիկ և շրջանակները միմյանց չեն էլ ճանաչում, բայց նրանց բոլորին միավորելու է երկրի արդիականացման գաղափարը և հայտնի տոքսիկ շրջանակներից կտրվելու, սեփական նոր, հեռանկարային հոսանքները ձևավորելու ձգտումը։

Արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է։
Երբեք հարգանքի և ուշադրության արժանի չէ ողբերգություն և կործանում գուժող քաղաքական գործունեությունը։ Առնվազն վերջին 20 տարում հայաստանյան ընդդիմության՝ միմյանց փոխարինող առաջնորդները «գալիս էին ազգը փրկելու»։ Սովորաբար դա արվում է աշխարհայացք չունենալու և անելիքի բացակայության պայմաններում։

Այսօրվա Հայաստանը կարիք ունի երկու խոշոր ծրագրի. ա/անվտանգության բարձրացում բ/պետության արդիականացում։ Այս երկու կետն էլ անհնար է իրագործել լալահառաչությամբ ու գուժկանի հոգեբանությամբ։
Այս իշխանությունը մի մեծ դրական բան արել է։ Շատ բաներ ջարդել է։ Շատ բաներ զրոյացրել։ Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ թռիչքաձև հաջողություններ են հաճախ արձանագրվում ավերիչ ցնցումներից հետո։ Այն, որ Հայաստանում շատ արատավոր երևույթներ քանդել էր պետք՝ կասկած չի հարուցում։ Բայց եթե քանդելու փուլը ձգվի, իսկ կառուցման փուլն ուշանա, դա երկրի համար աղետալի կարող է լինել։ Առայժմ կա ոչ միայն աղետից խուսափելու, այլև՝ էական հաջողության հասնելու հնարավորություն։ Քաղաքական առաջիկա զարգացումների հիմքում սա պետք է լինի։ Հայաստանին պետք է իշխանություն, որի լրջությանը հանրությունը կվստահի։ Հենց այդ լրջությունը կապահովի հանրային համերաշխությունը, առանց որի ոչ մի հաջողություն հնարավոր չէ։ Սա ունիվերսալ կարգախոս է, որը միաժամանակ չի ենթադրում քաղաքական դաշտի միատարրություն, և միևնույն ժամանակ ունի քաղաքական տարբեր հայացքների, սոցիալական տարբեր խմբերի միավորման մեծ պոտենցիալ՝ «Մերժիր անլրջությունը»։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930