Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր կասկածյալ կամ մեղադրյալ այս գործով ի հայտ չի եկել, ինչը խոսում է նախաքննության ձևական, իմիտացիոն բնույթի մասին». «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ոստիկանական գործողություններից տուժել էր ԶԼՄ-ների 24 աշխատակից. «Ժամանակ»

Հունիս 26,2020 13:19

5 տարի առաջ այս օրերին Երևանի Բաղրամյան պողոտայում թեժ էր։ Հարյուրավոր երիտասարդներ 14 օր շարունակ պայքարեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, սակայն նախորդ իշխանության հրամանով՝ հունիսի 23-ին ոստիկանությունը երիտասարդների խաղաղ ցույցերը ցրեց՝ կիրառելով անհամաչափ ուժ ու գործի դնելով հատուկ միջոցներ: Ոստիկանական գործողությունների թիրախ էին դարձել նաև այդ իրադարձությունները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կիրառվեցին ֆիզիկական բռնություններ, զանգվածաբար խոչընդոտվեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը, ոստիկանները խլեցին ու ջարդեցին նկարահանող սարքերը, առգրավել են դրանց հիշողության քարտերը (չիպերը)։ Ընդհանուր առմամբ, այդ օրը ոստիկանական գործողություններից տուժեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակից՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։

«Էլեկտրիկ Երևան»-ից հետո ոստիկանական գործողությունների պատճառով հարուցված քրեական գործով տուժող էին ճանաչվել ԶԼՄ-ների 21 ներկայացուցիչներ։ Առայսօր մեղադրանք է առաջադրվել և դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով ու լուսանկարներով, որոնք վկայում են, որ ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներն ու բռնություններ կիրառողները մի քանի տասնյակ անձինք են։ 2019թ. մարտի 4-ին ՀՔԾ-ն որոշեց կասեցնել «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը՝ պատճառաբանելով, թե, որպես մեղադրյալ, ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Մի քանի լրագրողների կողմից ներկայացված բողոքի հիման վրա գործը կասեցումից հանվեց։

Բողոքարկման գործընթացին մասնակցած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քննությունն առ այսօր էլ շարունակվում է և շատ ձևական բնույթ ունի։ «Որևէ լուրջ առաջընթաց վերջին տարիների ընթացքում չի եղել։ Հակառակը՝ մենք տեսել ենք, որ ՀՔԾ-ն կասեցրել է նախաքննությունը, որը մենք և մի շարք այլ կազմակերպություններ, որոնք սատարում էին տուժածներին, բողոքարկեցին այն, ու նախաքննությունը վերսկսվեց 2020 թվականի հունվարից։ Պետք է ասել, որ, այնուամենայնիվ, վերսկսելուց հետո էլ որևէ առաջընթաց չի գրանցվել, և նոր կասկածյալ կամ մեղադրյալ այս գործով ի հայտ չի եկել, ինչը խոսում է նախաքննության ձևական, իմիտացիոն բնույթի մասին»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի դժվար է դառնում գործի բացահայտումը։ Անգամ լրագրողներն են ասում, որ մոռացել են իրենց նկատմամբ կիրառված բռնության մանրամասները։ «Բայց, ընդհանուր առմամբ, բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ կան, որոնք վկայում են, թե ովքեր են այդ վայրագ գործողությունները կատարել։

Լրագրող Թեհմինե Ենոքյանը բավական լուրջ աշխատանք էր կատարել, իդենտիֆիկացրել էր բռնություն կիրառողների դեմքերը, պարզել, թե հիմա նրանք որտեղ են աշխատում։ Ցանկության դեպքում կարելի էր գործը բացահայտել ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Բայց այդ ցանկությունը, կամքը գոյություն չունի։ Ձգձգելով պրոցեսը՝ ՀՔԾ-ն կարծես կոծկում է գործը»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930