Լրահոս
Օրվա լրահոսը

Դեքսամետազոն ընդունել չի թույլատրվում անախտանիշ, թեթև կորոնավիրուսային հիվանդներին. բժշկի զգուշացումը. «Հայկական ժամանակ»

Հունիս 26,2020 12:57

Դեռևս ս. թ. ապրիլի 23-ին armtimes.com-ում հրապարակված կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ գիտաբժշկական ծավալուն հոդվածում համարձակություն էի ունեցել հայտնել արհեստական շնչառության ցածր արդյունավետության, փոխարենը արյան փոխներարկման և հիպերբարիկ օքսիգենացիայի (թթվածնաբուժություն) առավել բարձր արդյունավետության մասին։ «Համարձակ» կանխատեսում-եզրահանգումս հիմնված էր կորոնավիրուսային հիվանդության ախտածագման մեխանիզմների վերաբերյալ ամենատարբեր վարկածների ու տեսակետների խոր ուսումնասիրության վրա։

Այս անգամ` կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում դեքսամետազոն դեղի դերի մասին։

Դեքսամետազոնը հակաբորբոքային, իմունադեպրեսսիվ ազդեցությամբ օժտված պրեպարատ է, որը թափանցելով կենտրոնական նյարդային համակարգ՝ կանխում է ուղեղի այտուցը։ Ինչպես տեսնում ենք, կենսական անհրաժեշտության ու նաեւ մատչելի դեղամիջոց է։ Գրագետ բժշկին հայտնի է դեքսամետազոնի արտահայտված հիպերգլիկեմիկ ազդեցությունը։ Ուստի շաքարային դիաբետով հիվանդների մոտ COVID-19-ի բուժման ժամանակ պետք է զգուշանալ դեքսամետազոնի նշանակումից, օգտագործել միայն կենսական անհրաժեշտության դեպքում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի խիստ հսկողությամբ։

Օքսֆորդի համալսարանի հետազոտողներն ապացուցեցին, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերի ժամանակ դեքսամետազոնը զգալիորեն նվազեցնում է մահացությունը (արհեստական շնչառության կարիք ունեցող հիվանդների մահացությունը նվազեցնում է մոտ 3 անգամ, իսկ թթվածնի կարիք ունեցող անձանց մոտ` 5 անգամ)։

Եթե խորամուխ լինենք անգլիացի հետազոտողների հայտարարության մեջ, դժվար չէ հասկանալ դեքսամետազոնի անփոխարինելի դրական ազդեցությունը COVID-19-ի ծանր ընթացքի ժամանակ, երբ անհրաժեշտ է օգտվել արդեն իսկ զարգացող ցիտոկինային փոթորկի դեքսամետազոնային ընկճումից։

Պրեպարատը չի կարելի ընդունել անախտանիշ, թեթև, անգամ միջին ծանրության դեպքերում, երբ չկա արտահայտված բորբոքային պրոցես, այլապես դեքսամետազոնի կիրառումը ոչ միայն անարդյունավետ, այլև վնասակար դրսևորումներ կարող է ստանալ։ Ընկճելով իմուն համակարգը՝ դեքսամետազոնը կարող է թուլացնել վարակի հանդեպ պայքարելու օրգանիզմի սեփական ուժերը։

Այսպիսով, միայն փորձառու և գրագետ բժշկի որոշելիքն է հիվանդության զարգացման որ էտապում, որ հիվանդներին և ինչ դեղաչափով նշանակել դեքսամետազոն։

Փետրվար-մարտ ամիսներին COVID-19-ի բուժման հարցում հակամալարիային պրեպարատների «փրկարար» դերը թմբկահարելուց հետո ԱՀԿ-ն ստիպված եղավ վերջին օրերին հանդես գալ հայտարարությամբ` այդ պրեպարատների պարզապես անարդյունավետ, հաճախ` վնասակար և մահացու կողմնակի ազդեցությունները հաշվի առնելով։

Համոզված եմ, որ լուրջ ռեանիմատոլոգների և էնդոկրինոլոգների գրագետ եզրակացությունը դեքսամետազոնի կիրառման վերաբերյալ չի ուշանալու։

Զգուշացնում եմ`

անախտանիշ, թեթև կորոնավիրուսային հիվանդների, ինչպես նաև կանխարգելիչ նպատակով պրեպարատի ընդունումն անթույլատրելի է։

Չափազանց մեծ զգուշություն ցուցաբերել նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի առկայության դեպքում դեքսամետազոն նշանակելիս։

Բժիշկ Վահան Վարդապետյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930