Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. Տեղի ունեցողը սահմանադրական կարգի տապալման գործընթաց է

Հունիս 26,2020 12:37

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ էր՝ սատարելու ՍԴ այն դատավորներին, որոնց լիազորությունները դադարում են այսօր՝ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն:

Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տեղի ունեցողը սահմանադրական կարգի տապալման գործընթաց է, որ սկսվել է 2019թ. հունիսի 20-ից: Սա վերջին՝ ամենակոպիտ արարն էր. «Մենք տեսանք, որ ՀՀ վարչապետը իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանել եւ ի լուր աշխարհի իր ֆեյսբուքյան էջով հայտարարում է, թե այս պահին ինչ է գործում: Այն բոլորիս հնարավորություն տվեց հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք՝ արդյոք գործ ունե՞նք մարդկանց հետ, որոնք իրավական արժեքներ են կարևորում, թե՞ մարդկանց հետ, որոնք իրավական արժեքները պատրաստ են ոտնատակ տալ՝ քաղաքական նպատակահարմարության շահից ելնելով: Հնարավորություն տվեց հասկանալ՝ արդյոք մենք ունե՞նք հանրապետության գլուխ՝ նախագահ, թե՞ ունենք մարդ, որ գիշերվա կեսին պատրաստ է լինել «Արտուշ պապիկ»: Արդյոք ունե՞նք խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժ, թե՞ միայն մեկ ընդդիմադիր ուժ, իսկ մյուս ընդդիմադիր ուժին կարելի է համարել «Իմ քայլը» դաշինքի առանձին, ներքին ֆրակցիա: Ես կարծում եմ, որ բոլորս պիտի գիտակցենք, որ Սահմանադրություն փոխելն իրավական ռեժիմ է:

Ես այն մոտեցման կողմնակիցն եմ, որ եթե անգամ համարենք, որ փոփոխությունները թղթի կտոր չեն, ուժի մեջ են մտել, ապա միեւնույն է, մենք ունենք «Սահմանադրական դատարանի մասին» օրենք , որտեղ լրիվ այլ դրույթներ են գործում, սա փնթիություն է եւ Ռուստամ Բադասյանն ընդունել է իրենց փնթիությունը: Փաստ է, որ նրանք սխալ են թույլ տվել, թող գնան իրենց սխալն ուղղեն: Այս սխալն ուղղելուց առաջ անհնար է խոսել իրավականության նշույլների մասին: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն, ՍԴ-ն՝ դիմումի հիման վրա, պարտավոր են վերացնել Սահմանադրության եւ օրենքների մեջ առկա հակասությունները: Խայտառակության չափաբաժին կա, այս աստիճանն անընդունելի է»,- ասել է Ռուբեն Մելիքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930