Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանը չի ուզում ՍԴ նախագահ դառնալ

Հունիս 26,2020 12:25

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության դիմումին, որով պատգամավորները վիճարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ասել է. «Իմ կարծիքը կիմանաք, երբ որ դիմումի ընթացակարգի որեւէ փուլում ես մասնակից կլինեմ գործին: Եթե նման դիմում կա, նշանակում է, որ ընթացակարգ է լինելու եւ դատավորները իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն եւ պետք է արտահայտեն դատական ակտերում»:

Այս փոփոխություններով դադարում են ՍԴ մի շարք գործող անդամների լիազորությունները: Այդ դատավորներն էլ պետք է քննեն դիմումը: Վահե Գրիգորյանը սա աբսուրդ է համարում. «Մինչեւ հիմա քննարկվում է, թե արդյոք կողմնակալ ՍԴ անդամները կարող են քննել իրենց վերաբերյալ պրոցեսը… կողմնակալությունը մի վիճակ է, երբ որ արբիտրը այս կամ այն կողմի օգտին կամ դեմ որոշման մեջ շահագրգռվածություն ունի, գործի ելքով շահագրգռվածություն ունի: Այստեղ իրենք ոչ թե կողմնակալ են, այլ կողմն են: Պատկերացրեք՝ գնում եք դատարան, ներկայացնում եք ձեր հայցը, ավարտում եք եւ նստում եք դատավորի փոխարեն եւ պատասխանողը պետք է պատմի ձեզ իր դեպքը: Դուք որքանո՞վ եք սա նորմալ համարում: Ամեն դեպքում դատավորական էթիկա կա այս ամենի մեջ, եւ ՍԴ դատավորները ավելի զգայուն պետք է լինեն սրա նկատմամբ: Այս ամենը կարող էր շատ ավելի պակաս հեղինակության կորստով լուծվել, եթե նվազագույն նախանձախնդրություն լիներ դատարանի, դատավորի հեղինակության նկատմամբ՝ ի վնաս անձնական շահերի ու պատկերացումների: Ես չեմ կարծում, որ այս պահին շատ բան է կորսված: Այս փոփոխությունները լավ հնարավորություն են, որ ՍԴ-ն արդյունավետ գործունեությամբ վերականգնի իր հեղինակությունը»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակման օրվանից լուրեր կան, որ ողջն արվում է Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու համար: Այսօր նա ասաց, որ չի հավակնում ՍԴ Նախագահի պաշտոնին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930