Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ճգնաժամի ժամանակ չի կարելի մարդկանց ուսերին հարկերի տեսքով բեռ ավելացնել. «Փաստ»

Հունիս 26,2020 12:17

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է վերանայել գույքահարկի համակարգը, արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք խնդրահարույց համարվող նախագծին, խոսել նաև տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների մասին: Նաիրի Սարգսյանի համոզմամբ՝ գույքահարկի վերաբերյալ փոփոխությունը այս պահին առնվազն չպետք է նախաձեռնվեր:

«Հայաստանի տնտեսությունն այժմ ճգնաժամի մեջ է: Առհասարակ, կանխատեսվում է, որ այդ ճգնաժամն աշխարհում մինչև հինգ տարի կշարունակվի, իսկ մենք չգիտենք, թե Հայաստանում տնտեսական ճգնաժամը այդ հինգ տարուց որքան ավելի կտևի, քանի որ եթե անգամ աշխարհում տնտեսությունը վերականգնվի, Հայաստանի տնտեսության վերականգնման համար դեռ ժամանակ է հարկավոր:

Կա դասագրքային ճշմարտություն, ըստ որի՝ հակաճգնաժամային քաղաքականությունը կառավարությունները շատ դեպքերում իրականացնում են ֆիսկալ քաղաքականության միջոցով: Ֆիսկալ քաղաքականությունը ենթադրում է հարկադրույքների նվազեցում կամ պետական գնումների ավելացում:

Չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ այն երևույթին, երբ անգործության մատնված կառավարությունները չեն անում այս քայլերը և, առհասարակ, ոչինչ չեն անում ու այդ ամենին զուգահեռ նաև հարկադրույք են ավելացնում:

Տնտեսական ճգնաժամի ժամանակ չի կարելի մարդկանց ուսերին հարկերի տեսքով բեռ ավելացնել, քանի որ սպառողները նաև բացասական սպասումներ ունեն: Անգամ հագուստ չեն գնում. եթե դուրս գանք փողոց, կտեսնենք, որ ոչ մի սպառում չի կատարվում: Գումարները խնայում են, որովհետև չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ: Ու այս պայմաններում գույքահարկ բարձրացնելն անթույլատրելի և անընդունելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Վերջինս անհասկանալի է համարում նաև վերոնշյալ փոփոխության նպատակները, մյուս կողմից՝ ընդգծում հնարավոր իրական խնդրի մասին:

«Առհասարակ նպատակները սահմանելուց պետք է հասկանալ, թե ինչ հարց ենք կարգավորելու դրանով: Այսինքն, հարկի բարձրացումն ի՞նչ խնդիրներ է լուծելու և ի՞նչ հնարավոր բացասական հետևանքներ կարող է թողնել: Սկզբից հայտարարվում էր, որ նպատակը դղյակների գույքահարկն ավելացնելն է: Բայց նշվածի համար կա հակադարձ ու պարզ պատասխան՝ այդ դղյակների համար շքեղության հարկ ներդրեք: Արդար նպատակ չէ դղյակի սեփականատեր հանդիսացող 100, 200, 300 անձանց փոխարեն հարկային բեռ ավելացնել բնակչության վրա, որի մեկ երրորդն աղքատ է կամ աղքատության շեմին է:

Ասում են՝ ԱՄՆ-ում, Անգլիայում ու Ճապոնիայում ՀՆԱ-ի մեջ համապատասխանաբար 2, 7 տոկոս, 1,4 և 1,9 տոկոս է գույքահարկի տեսակարար կշիռը: Մյուս հակադարձումը՝ իսկ որքա՞ն են այդ երկրներում նվազագույն, միջին աշխատավարձերը, չաշխատող մարդկանց համար սոցիալական աջակցության գումարի չափը:

Հաջորդը՝ ասում են այդ փոփոխությամբ եկամուտների արդար վերաբաշխում ենք իրականացնում: Մենք երկու տարի առաջ կռիվ էինք անում՝ ասելով՝ եկամտային հարկը պրոգրեսիվ համակարգից մի տեղափոխեք հարկման համահարթ համակարգ: Հիմա էլ ասում են՝ գույքահարկով փորձում ենք պրոգրեսիվություն հաղորդել եկամուտներին, որպեսզի սոցիալական արդարությունը վերականգնեն: Սոցիալական արդարությունը շատ եկամուտ ստացած անձանց հաշվին ավելի ցածր եկամուտ ունեցող անձանց օգտին եկամուտների վերաբաշխում է նշանակում: Շեշտում եմ՝ եկամուտների վերաբաշխում, իսկ իրենք ի՞նչ են անում»,-ասաց նա՝ այս համատեքստում հիշելով ու մեջբերելով իշխող մեծամասնության պատգամավորներից մեկի դիտարկումը, որով առաջարկում էր մարդկանց՝ Կենտրոնի տները վաճառել, գնալ ու ավելի համեստ բնակարաններ գնել: «Իրենց պատկերացրած սոցիալական արդարությունը հետևյալն է. Կենտրոնի հնաբնակների հաշվին նորաթուխ հարստացածների օգտին սեփականության վերաբաշխում անել: Սա սոցիալական արդարության վերականգնում չէ, սա նշանակում է ընդամենը մարդկանց տարհանել, հարկային բեռի տակ մտցնել, որ որոշ հավակնություններ ունեցող մարդիկ կարողանան Կենտրոնում բնակարան ձեռք բերել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930