Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանը պնդում է, որ պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով

Հունիս 26,2020 12:08

ՀՀ ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների համաձայն, այսօրվանից դադարում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ դատավոր։ Այս պահին ՍԴ դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ «Ադեկվադ» միաբանության և «ՎԵՏՕ» շարժման անդամները՝ ի պաշտպանություն նշված դատավորների:

ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում 2019 թվականին ՍԴ դատավոր նշանակված Վահե Գրիգորյանն ասաց, որ ընդունված փոփոխությունները պատշաճ կերպով կյանքի կոչելու դեպքում ճգնաժամը կհաղթահարվի պետական մարմիններում առկա ճգնաժամը: «Այս պահին դատարանում կա 6 դատավոր, որը ՍԴ բոլոր լիազորությունների իրականացման համար բավարար քվորում է»:

Վահե Գրիգորյանը նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր. «Ես այս կազմը սահմանադրական չեմ համարել և համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն»: Նա ասաց, որ իր պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է: «Դուք ինձ հարցնում եք՝ արդյոք պետական պաշտոնյան չաշխատելով պետք է աշխատավարձ ստանա: Ոչ, չպետք է ստանա, բայց ես չեմ համարում, որ այս դատարանում եղել է անհրաժեշտ քվորում: Այն չի եղել, այսօրվանից գոյություն ունի», – հայտարարեց Վահե Գրիգորյանը:

ՍԴ որոշ դատավորներ, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, խորը մտահոգություն են հայտնել փոփոխությունների առիթով: Վահե Գրիգորյանը վստահ է, որ ԱԺ ընդունած փոփոխությունը լրիվ իրավական է. «Հանրաքվեն նույնպես եղել է իմ առաջարկած միջոցների շարքում, սակայն ինչու այն չկայացավ պետք է հարցնել քաղաքական մարմիններին: Ես ՍԴ դատավոր եմ՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ ունեմ պետական մարմինների, պաշտոնատար անձանց հետ»:

Իսկ փոփոխությունների դեմ ՍԴ դատավորների բողոքը, նրանց իրավունքն է, պնդում է Գրիգորյանը. «Դա կողմի իրավունքն է, ես չեմ ցանկանում այն մեկնաբանել: Եթե նրանք համարում են, որ խախտված իրավունքներ ունեն, միայն ողջունելի է, որ կդիմեն այդ իրավունքների վերականգնման համար: Ոչ մի սխալ եւ անարդար բան չկա նրանում, որ ՍԴ նախկին անդամները, ներկա դատավորները իրենց իրավունքների խախտման դեպքում անցնեն բոլոր այն ընթացակարգերով, որոնցով անցնում են հազարավոր ՀՀ քաղաքացիներ եւ տասնյակ հազարավորներն անցել են: Ես հուսով եմ, որ նախկինում այդ տասնյակ հազարավորների բախտին նրանք չեն արժանանալու: Մեծ հաշվով ես կարծում եմ, որ ՍԴ-ն մեծ դերակատարություն ունի այդ մարդկանց նկատմամբ գործած անարդարությունների հարցում: ՍԴ-ի ժամանակին անգործությունը, եթե իրենք իսկապես ունեն սուբյեկտիվ խախտված իրավունքներ, ոչ պակաս կարեւոր դերակատարություն ունի նաեւ հենց իրենց իրավունքների խախտման հարցը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930