Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյանը՝ իշխանական պատգամավորի մասին. «Իր արտահայտություններն իր մակարդակի մասին են խոսում»

Հունիս 26,2020 11:42

Aravot.am-ը Երեւանի պետական համալսարանի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությանը, որ պետք է «մաղել» անցանկալի դասախոսներին:

«Բնականաբար խիստ բացասական եմ վերաբերվում, ինչի արդյունքն է մեր գիտխորհրդի պահանջը, որպեսզի Երեւանի պետական համալսարանն անպայման արձագանքի, հակառակ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր մեկը, որ ունի որեւէ իշխանություն, կամ իրեն թվում է, որ ունի իշխանություն, իրեն իրավունք է վերապահում այդ ամբիոնից ինչ-ինչ հայտարարություններ անել: Ընդ որում, այդ ամբիոնի մասին արդեն մի քիչ կասկածանքով եմ ասում՝ հանրապետության թիվ մեկ ամբիոն, որովհետեւ այնպիսի ելույթներ, հայտարարություններ են հնչել, որ նսեմացնում է դրա արժեքը:

Այդ պատգամավորը հայտարարություններ է անում, որոնք ոչ միայն վիրավորում, վարկաբեկում են ամբողջ բուհական համակարգը, որովհետեւ անհասցե են, դրա համար յուրաքանչյուր բուհ, յուրաքանչյուր դասախոս, յուրաքանչյուր ֆակուլտետ կարող է այն իր հասցեին ընդունել: Պետք է լիներ հասցեական, որ այսինչ համալսարանի այսինչ ֆակուլտետի դասախոսը, խոսքը հայտարարության երկրորդ մասի մասին է, որը վերաբերում է ապօրինի գործողություններին, որ իբր օգտվելով իրավիճակից դասախոսները գումար են վերցնում թվանշան նշանակելու համար:

Դա ուղղակի հայտարարություն է հանցագործության մասին, որ տվյալ խմբակցության ներկայացուցիչը պետք է ուղիղ հաղորդում ներկայացներ իրավապահ մարմիններին եւ անվանական աներ: Իհարկե, դրա իրավական հետեւանքները տարբեր կարող էին լինել, եւ դասախոսի համար, եթե նման քայլի է դիմել, եւ պատգամավորի համար այդ հայտարարությունը կարող էր սուտ մատնության տեղիք տալ: Բայց նա ընդամենը բարձրագոչ հայտարարություն է արել՝ ի լուր ամբողջ հանրապետության, ընդ որում՝ ոլորտի պատասխանատուի ներկայությամբ եւ նրան դիմելով՝ սիրելի նախարար եւ այլն: Կարծես համաձայնության գալով իր ասածների ճշմարտացիության մեջ՝ նա արատավորել է ամբողջ համակարգը եւ առանձին դասախոսների վերցրած»,-ասաց Գագիկ Ղազինյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորի այն հայտարարությանը, որ դասախոսությունների ընթացքում քննադատական արտահայտություններ են արվում վարչապետի եւ կառավարության հասցեին, այս մասին էլ իրավաբանական ֆակուլտետի դեկանն ասաց. «Տվյալ տիկնոջը պետք է հայտնի լինի, որ համալսարանը նույնիսկ «ամենաավտորիտար» ռեժիմների պայմաններում միշտ եղել է բաց ամբիոն, բաց խոսքի հրապարակ, եւ որեւէ մեկը, մասնավորապես այդ տրամաչափի, ինչպիսին այդ պատգամավորն է, իրեն իրավունք չի վերապահել թույլ տալ նման մեղադրանքներ ու արտահայտություններ: Այսինքն, եթե դասախոսությունների ընթացքում վարչապետին եւ իշխանություններին գովեին, դա լավ է, ողջունելի է, չի կարելի քննադատել, ու եթե քննադատում են, ուրեմն մաղման գործընթաց պետք է գնա:

Ինչ ասեմ, իր արտահայտություններն իր մակարդակի մասին են խոսում: Իրենից շատ բարձր արժանիքներ ունեցող կառույցների եւ անձանց հասցեին արվող նման հայտարարություններն ու արտահայտությունները պատիվ չեն բերում ոչ իշխանությանը, ոչ այդ ամբիոնին, ոչ տվյալ սուբյեկտին: Ամենամեղմ բնութագրմամբ եմ ասում՝ պատիվ չի բերում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ինձ համար ակնհայտ է, որ կրթական հաստատություններում ստեղծված անմխիթար իրողությունների հոռի բարքերի վերաբերյալ ԱԺ ամբիոնից իմ բարձրաձայնումը ԵՊՀ դասախոսների ինձ շատ հայտնի անձանց շրջանում իմ դեմ հասունացրել է հարձակումների ալիք։ Անհերքելի է, որ այդ ալիքը մեծապես պայմանավորված է համալսարանում մեկնարկած ռեկտորի պաշտոնի համար մղվող պայքարով։ Այդ մարդկանց պարզապես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս շարունակել առաջ մղել ռեկտորի ընտրության օրակարգը՝ այդ ճանապարհին ձեռնպահ մնալով ԱԺ պատգամավորիս հասցեին ձեխարձակումները դիվիդենտի վերածելու անպտուղ փորձերից։ Խորհրդարանականի դեմ այս կազմակերպված գրոհը նման է ժողովրդի մանդատը ստացած ԱԺ պատգամավորի պարտականությունները կատարող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կազմակերպված հետապնդման` իր արտահայտած տեսակետի համար, ինչը սահմանադրության խախտում է։

Այդ ո՞ւմ համար է նորություն, որ տարիներ շարունակ, մինչ օրս, անբարեխիղճ դասախոսների մի շրջանակ շարունակում է լսարանում զբաղվել քաղաքական քարոզչությամբ։

Ի շարս իմ ձեռքի տակ առկա ուսանողներից ստացված նամակ-դիմումների, կոչ եմ անում բուհական ուսանողներին փակ եղանակով՝ անանուն, ինձ փոխանցել բուհին առնչվող կոռուպցիոն դեպքերի և քաղաքական քարոզչության մասին տեղեկություններ՝ անկախ անձի ընդդիմադիր կամ իշխանական լինելուց։ Տարօրինակորեն հենց ԵՊՀ իմ կողմից հարգված դասախոսներն են անհանգստացել ելույթիս անհերքելի բովանդակությունից, որում, ի դեպ, ես ոչ մի բուհի և դասախոսի անուն չեմ հիշատակել, ինչը փոքր-ինչ տարօրինակ է:

Տեղեկացնեմ, որ իմ տիրապետած տեղեկություններն ամբողջացնելուց հետո, կարծում եմ, հաջորդ քայլը պետք է լինի դրանք ամբողջությամբ իրավապահ մարմիններին հանձնելը՝ ուսումնասիրելի և համապատասխան իրավական գնահատական տալու համար։ Առողջ եղեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930