Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ հետ վերցրին Սահմանադրական դատարան մուտք արած իրենց դիմումը, որով ՍԴ-ն պետք է հուլիսի 7-ին քննի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որով մեղադրվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի պաշտպանների խոսքով՝ իրենք դիմումը հետ են վերցնում, որպեսզի Էդմոն Մարուքյանը չկաշկանդվի եւ միանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմումին։
Բայց միայն Քոչարյանի դիմումի հիման վրա չէ, որ ՍԴ-ն պետք է քննի կամ չքննի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը․ նույն հարցով ՍԴ էր դիմել նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Դրանք համատեղ դիմումներ են եղել, որոնք ՍԴ-ն միավորել դարձրել է մեկ ընդհանուր գործ։
Զրուցեցինք ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։
– Պարոն Ղազարյան, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հետ է վերցրել իր դիմումը, դա նշանակո՞ւմ է, որ գործի քննությունը տեղի չի ունենա, թե՞ Դավիթ Գրիգորյանի դիմումը դեռ կա, եւ այն բավարար է, որպեսզի նիստը կայանա։
Կարդացեք նաև
– Դա ավտոմատ չի ենթադրում։ Սահմանադրական դատարանն ինքը պիտի աշխատանքային կարգով որոշի՝ գործի քննությունը կարճո՞ւմ է, թե՞ չի կարճում, դրա համար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ։ Ես տեսական բաներ եմ ասում, ոչ թե էս դեպքերի հետ կապված։ Նույնիսկ հնարավոր է, որ դիմումատուն իր գործը հետ վերցնի, բայց ՍԴ-ն նպատակահարմար համարի գործի քննությունը եւ շարունակի դա իրականացնել։ Բայց նաեւ կարող է բավարարել դիմող կողմի խնդրանքը, եւ դա հիմք հանդիսանա գործը կարճելու համար։ Այսինքն՝ այդ հարցերը դատարանից բացի, ուրիշ ոչ ոք չի կարող ասել։ Հիմա մենք ստացել ենք արդեն Քոչարյանի փաստաբանների դիմումը, որ իրենց դիմումը հետ են վերցնում, եւ այդ դիմումը դատարանը կքննարկի առաջիկա իր աշխատակարգային նիստի ընթացքում։
– Ընդդիմադիրները, բազմաթիվ իրավաբաններ պնդում են, որ այս սահմանադրական փոփոխությունների ընդունումն օրենքի կոպիտ խախտմամբ է տեղի ունեցել, որ դրանով սահմանադրական կարգի տապալում է եղել, սահմանադրական հեղաշրջում։
– Ես հիմա պարտավոր չեմ բոլորի տված որակումներին արձագանքել, ամեն մարդ իր կարծիքի տերն է, ես մի բան գիտեմ, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո չի փոփոխվել։ Այսինքն, հո միայն Սահմանադրությո՞ւնը չէ, Սահմանադրությունից բխող իրավական ակտեր գոյություն ունեն նաեւ։ Հիմա, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուց հետո ենթադրվում է, որ օրենսդիրը հաջորդ էտապում պիտի անցնի իրենց կատարած փոփոխությունից բխող իրավական ակտերում փոփոխություններ կատարելուն, որպեսզի հանրային կյանքը հնարավոր լինի կարգավորել։ Հակառակ դեպքում մենք միայն Սահմանադրություն կունենայինք, ուրիշ ոչ մի օրենք չէինք ունենա։
– Բայց օրենսդիրն այդ մասին չի խոսում, Ձեր նշած այդ իրավական ակտերի փոփոխություն կարծես թե չի նախաձեռնել, եւ վաղը կարող է գան ասեն՝ Սահմանադրության մեջ փոփոխություն ենք արել, որով պետք է ՍԴ երեք դատավոր հեռանա։
– Ես չգիտեմ՝ միայն ասելով հնարավո՞ր է։ Միայն ասելով չէ, մեր հասարակական կյանքը հո ասելո՞վ չի կարգավորվում, օրենքներով է, չէ՞, կարգավորվում։ Հիմա ես Ձեզ մի բան ասեմ՝ սահմանադրական հանրաքվեն չեղարկելու մասին որոշում դեռեւս չի ընդունվել։ Սահմանադրության այն հոդվածը, որն Ազգային ժողովը փոփոխել է, դրված է սահմանադրական հանրաքվեի, որը չեղարկելու մասին որոշում դեռեւս ոչ ոք չի կայացրել։ Այսինքն, եթե էսօր կառավարությունը որոշում կայացնի արտակարգ դրությունը չեղարկել, օրենքով սահմանված 55-65 օրվա ժամանակահատվածում պետք է նշանակվի հանրաքվեի անցկացման օրը։ Այս պահի դրությամբ՝ ուրիշ ոչ մի իրավական ակտ գոյություն չունի։ Այսինքն՝ մեր երկրի քաղաքացիները, որոնք սպասում էին, որ պիտի հանրաքվեի միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտեին, նրանք այդ սպասման մեջ են, ոչ մի որոշում չկա, որ հանրաքվեն չեղարկվել է։
Վահե Մակարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: