Լրահոս
Օրվա լրահոսը

Նորի՞ց են վիրավորվում

Հունիս 26,2020 10:00

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ժամանակ առ ժամանակ Հայաստանի իշխանությունների մտքով անցնում է, որ լրատվամիջոցներն իրենց չափից դուրս շատ են վիրավորում եւ զրպարտում, ու դրա համար անհրաժեշտ է սահմանել խիստ պատժամիջոցներ: Այժմ մենք մոտենում ենք նման հերթական շրջափուլին, որն, ի դեպ, լճացման շրջանի հիմնական ցուցիչներից մեկն է:

Իհարկե, ինչպես եւ առաջներում, իշխանավորներն ասում են, որ այդ օրենքի շահառուները միայն իրենք չեն, որ դա վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Բայց մենք հո գիտենք, որ նման հայցերով դատարան են դիմում հիմնականում իշխանության ներկայացուցիչները եւ մեծահարուստները, իսկ մեր դատարաններն այնքան «անկախ» են, որ շատ հավանական է՝ որոշումներ կընդունեն լրատվամիջոցների դեմ՝ նրանցից միլիոնավոր դրամներ առգրավելով: Հիմա արդեն՝ 3 եւ 6 միլիոն դրամի փոխարեն՝ 5 ու 10 միլիոն, ինչպես առաջարկում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Իշխանավորների եւ մեծահարուստների «վիրավորվելու ու զրպարտվելու» նախորդ ալիքը 2010-ականների սկզբին էր, երբ այս հանցատեսակները ապաքրեականացվեցին: Այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս հարցով դիմել էր Սահմանադրական դատարան եւ ստացել էր լրատվամիջոցների համար քիչ թե շատ բարենպաստ պատասխան: Նրա եւ լրագրողական հանրության ջանքերով հաջողվեց հիմնականում կանխել վտանգավոր զարգացումները:

Հիմա իրավիճակն այլ է. փոփոխությունները հնարավոր կլինի անցկացնել հասարակական այլ տրամադրությունների, «նախկինների» եւ նրանց լրատվամիջոցների դեմ պայքարի «սոուսի» տակ:

Այսօրվա Հայաստանում ընդդիմադիր լրատվամիջոցները (որոնք, եկեք ընդունենք, ավելի ազատ են գործում) վիրավորում եւ զրպարտում են իշխանավորներին, իսկ իշխանական ԶԼՄ-ները՝ ընդդիմադիրներին: «Առավոտը» ոչ մեկին չի վիրավորում եւ չի զրպարտում, բայց դա չի նշանակում, որ մեզ դատի չեն տալիս եւ չեն տալու: Պատճառները երկուսն են: Առաջինն այն է, որ մենք վերարտադրում ենք այս կամ այն ճամբարի ներկայացուցչի խոսքերը, որոնք կարող են հակառակ ճամբարի ներկայացուցչին վիրավորական կամ զրպարտչական թվալ: Երկրորդն այն է, որ, մասնավորապես, վիրավորանքի սահմանները խիստ առաձգական են: Օրինակ, արդյոք նախկին իշխանությունների հասցեին «թալանչի» կամ ներկաների հանդեպ «ապաշնորհ» բառերը վիրավորակա՞ն են, թե՞ դրանք գնահատականներ են, որոնք միանգամայն ընդունելի են քաղաքական պրակտիկայում: Եվ վերջապես, արդյոք ֆեյսբուքյան գրառումները հավասարեցվո՞ւմ են լրատվամիջոցների հրապարակումներին: Եթե՝ ոչ, ապա մարդիկ կփորձեն իրենց զսպել լրատվամիջոցներում եւ առավել սանձարձակ կդառնան սոցցանցերում:

…Գիտեմ, որ օրենքը հետադարձ ուժ չունի, բայց եկեք մի ֆանտաստիկ ենթադրություն անենք. եթե ես դատի տայի բոլոր նրանց, ովքեր վերջին 30 տարում ինձ վիրավորել են, եւ շահեի այդ դատերը, ես, առաջարկվող օրենքով, մի քանի հարյուր միլիոն դրամ կունենայի իմ հաշվին: Բայց ես ոչ միայն դատի չեմ տալիս, այլեւ, ըստ էության, չեմ էլ վիրավորվում, եւ իմ հասցեին «վատ բառեր» գրողներին ի սրտե առողջություն, երջանկություն եւ հաջողություն եմ ցանկանում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետական ծառայողը պետք է ունենա իր քաղաքացիների վստահության մեծ պաշար, որպեսզի իրեն թույլ տա իրականացնել դառն ու անհաճո բարեփոխումներ, ինչպես հիվանդը պետք է վստահի իր բժշկին իր բուժման համար: Բայց մյուս կողմից մենք պետք է ունենանք քաղաքացիների կողմից մեծ վստահություն վայելող ազգային անվտանգության ծառայություն, որը ջրի երես պետք է հանի հակազգային դրսի քաղաքական գործակալներին, որոնք պետական ու քաղաքական գործիչների դեմ սուտուսխալ տեղեկություններ են տարածում ժողովրդի մեջ: Առանց վստահության կամ քիչ վստահությամբ պետական ծառայողը քիչ էլ գործ կարող է անել իր ազգի համար, դրա համար էլ պետք է հրաժարվի պաշտոնից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930