Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորում գրանցված «Իստինվեստոր»-ի տնօրեններն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի

Հունիս 26,2020 09:30

Գերմանացի գործարարների կողմից կառավարվող «Իստինվեստոր» ընկերությունը, որը 2006 թվականի մայիսին ձեռք էր բերել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի 1.520 բաժնետոմսերը եւ գերմանացի գործարարների խոսքով՝ կորցրել, սեփականության իրավունքը վերականգնելու նոր գործընթաց է սկսել:

Եվ չնայած, գերմանացի ներդրողների բողոքն անցել է Հայաստանի եռաստիճան դատարաններով, սակայն գործարարները հաջողության չեն հասել եւ նրանց խոսքով ասած՝ համարժեք փոխհատուցում չեն ստացել: «Իստինվեստոր»-ի ներկայացուցիչները խնդրի մասին կրկին բարձրաձայնել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, սակայն քննչական մարմինները մերժել են քրեական գործ հարուցելու գործարարների բողոքը:

Վերջերս Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը հիմք ընդունելով, գերմանացի ներդրողները որոշել են շարունակել պայքարն ընդդեմ «Մուլտի Գրուպի» սեփականատիրոջ՝ արդարությունը վերականգնելու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ «Իստինվեստոր»-ը ներդրումային հիմնադրամ է, որը 2006 թ.-ից ՀՀ-ում ներդրումներ է իրականացրել: Ըստ ընկերության պատասխանատուների, «Իստինվեստոր»-ը 5 միլիոն եվրո ընդհանուր գումարը գերազանցող ներդրումներ է կատարել նաեւ «Զարգացման հայկական բանկ»-ում, «Մաքուր երկաթի գործարան»-ում եւ այլ ընկերություններում:

«Առավոտին» ուղղված նամակում «Իստինվեստոր»-ի տնօրեններ Ա. Հինցմանն ու Ա. Գայգերը ներկայացրել են կոմբինատի խոշոր բաժնետեր Գագիկ Ծառուկյանի կողմից «Իստինվեստոր» ընկերության նկատմամբ թույլ տրված խախտումները: Դրանք կհրապարակենք՝ ներկայացնելով նաեւ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Իրավաբանական բաժնի ղեկավար Արա Սաղումյանի պարզաբանումները:

Ըստ տնօրենների, 2006 թվականի մայիսին «Իստինվեստոր»-ը ձեռք է բերել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի 1.520 բաժնետոմսեր, որոնք կազմում էին կոմբինատի կանոնադրական կապիտալի 3,2%-ը: Մնացած բաժնետոմսերից մոտ 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը՝ «Մուլտի Գրուպ»-ին, մոտ 3,3%-ը պատկանում էր այլ 124 բաժնետերերին, որոնք այդ կոմբինատի աշխատանքային կոլեկտիվից են եղել նախքան մասնավորեցումը:

Այս առնչությամբ Արա Սաղումյանը նշում է. «Ըստ ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից 09.10.2008թ. տրամադրած գրանցված սեփականատերերի (բաժնետերերի) ցուցակի, Բրիտանական Վիրջինիա կղզիներում գրանցված Իստինվեստոր ՍՊԸ-ն (Eastinvestor LTD) ունեցել է Երեւանի «Արարատ» ԿԳՕԿ ԲԲԸ կողմից թողարկված 8000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1520 հատ բաժնետոմս (ընդհանուրի 3,2156000 %):

Գերմանացի գործարարները նաեւ նշում են, որ 2008 թ.-ին տեղի ունեցած բաժնետերերի արտահերթ ժողովին որոշում է կայացվել համախմբել (կոնսոլիդացնել) «Արարատ» ԿԳՕԿ-ի բաժնետոմսերը, 47, 270 հատ բաժնետոմսերը վերածելով 20 բաժնետոմսերի, որի արդյունքում «Իստինվեստոր»-ը եւ բոլոր տեղացի 124 մանր բաժնետերերը զրկվել են իրենց բաժնետոմսերից:

Ի պատասխան, կոմբինատի իրավաբանն ասում է. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի 12.10.2008 թ. արտահերթ ընդհանուր ժողովի N 3/08-Լ որոշմամբ, Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան, կատարվել է Ընկերության 8000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի համախմբում (կոնսոլիդացիա): Բաժնետոմսերի համախմբման արդյունքում Ընկերության կողմից թողարկված եւ տեղաբաշխված 47.270 հատ 8000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերը փոխարկվել են 20 հատ 18.908.000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի: Այս կապակցությամբ ընկերության բաժնետերերն իրավունք են ստացել սահմանված կարգով ընկերությունից պահանջել իրենց պատկանող 8000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի հետգնում` անկախ գնահատողի կողմից որոշված գնով, ինչը նախատեսված է Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 57-58-րդ հոդվածներով եւ, որի մասին բաժնետերերը ծանուցվել են հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակներով»:

Պարոն Սաղումյանի ներկայացմամբ, բաժնետոմսերի նկատմամբ մանր բաժնետերերի իրավունքները դադարել են «Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի 56-րդ, 57-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա՝ Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի 12.10.2008թ. կայացած արտահերթ ընդհանուր ժողովի որոշման (արձանագրություն N 3/08-Լ) եւ այդ որոշմամբ հաստատված «Ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացման), բաժնետոմսերի փոխարկման եւ բաժնետոմսերի հետգնման կարգի համաձայն իրականացված գործընթացի հետևանքով:

Ի դեպ, «Իստինվեստոր»-ի տնօրենները պնդում են, որ «Արարատ» ԿԳՕԿ-ն այդ բաժնետոմսերի դիմաց սահմանել է «ծիծաղելի փոքր փոխհատուցում» եւ «Իստինվեստոր»-ին պատկանող 1.520 բաժնետոմսերի դիմաց (3,2%) սահմանվել է 14.791.623 ՀՀ դրամի չափով փոխհատուցում, ինչը կնշանակեր, որ «Արարատ» ԿԳՕԿ-ի ընդհանուր արժեքը կազմում է 470.000.000 ՀՀ դրամ (մոտ 870.000 եվրո):

«Այսինքն`Երեւանի կենտրոնում, մոտ 4,5 հեկտար տարածքի վրա տեղակայված, մեկ դարի պատմություն ունեցող խոշոր գործարանն իր արտադրական հզորություններով, սարքավորմամբ, կոնյակի զգալի պաշարներով, ինչպես նաեւ իր տասնյակ հազար քառակուսի մետր շենք-շինություններով հանդերձ գնահատվում էր 1 միլիոն եվրոյից պակաս՝ Երեւանի կենտրոնում գտնվող առանձնատան գնի չափով»,-նշում են գործարարները: Նրանց խոսքով, կոմբինատի իրական արժեքը գնահատելը հեշտ չէ, սակայն, ըստ մի շարք գնահատականների, կոմբինատի արժեքը գտնվում է 100-300 միլիոն եվրոյի սահմաններում, ինչը նշանակում է, որ «Իստինվեստոր»-ը կրել է նվազագույնը 3 մլն եվրոյի վնաս:

Սրան ի պատասխան, Արա Սաղումյանը նշում է. «Ընկերության 8000 ՀՀ դրամ անվանական արժեքով մեկ բաժնետոմսի հետգնումը իրականացվել է անկախ գնահատողի կողմից որոշված 28.000 ՀՀ դրամ գնով: Հետևաբար, եթե «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում իր 1520 հատ բաժնետոմսերի հետգնման պահանջ ներկայացներ, ապա կարող էր դրանց դիմաց ստանալ 1520 x 28000 = 42.560.000 ՀՀ դրամ»:

Պատասխանելով կոմբինատի իրական արժեքի վերաբերյալ գործարարների գնահատականներին ու հաշվարկներին, կոմբինատի իրավաբանն ասում է.

«Դժվար է ենթադրել, թե ինչ է նշանակում «Կոմբինատի իրական արժեք» հասկացությունը: Տվյալ պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ընկերության սեփական գույքի արժեքը, այլեւ ընկերության պարտավորությունների չափը, որից հետո կարելի է խոսել ընկերության զուտ ակտիվների չափի մասին: Սակայն, տվյալ պարագայում հատուկ գիտելիքներ ունեցող անկախ գնահատողը, օրենքով սահմանված կարգով, որոշել է 8000 դրամ անվանական արժեքով մեկ բաժնետոմսի հետգնման գինը, որը կազմել է 28000 դրամ: Անհասկանալի է, թե ինչպես է հաշվարկվել ենթադրյալ «3 մլն եվրոյի վնասը»:

Արա Սաղումյանը ներկայացրեց նաեւ կոմբինատի՝ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա կատարած կոմբինատի հարցման պատասխանը:

Դեպոզիտարիան իր 20.10.2008թ: N 03-3076 գրությամբ տրամադրել է 01.01.2004-31.12.2007 թթ. ընկած ժամանակահատվածում Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ի 8000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Ըստ Արա Սաղումյանի, սկսած 21.12.2004թ. մինչեւ 23.07.2007թ. կատարվել են բաժնետոմսերի առուվաճառքի ընդամենը 16 գործարքներ: Ընդ որում, 8000 դրամ անվանական արժեքով մեկ բաժնետոմսը 2004-2005 թթ. վաճառվել է 7000, 6500, 6000 ՀՀ դրամ գներով: Իսկ 2006 եւ 2007թթ. 8000 դրամ անվանական արժեքով մեկ բաժնետոմսը վաճառվել է 10000 ՀՀ դրամով:

Իրավաբանի խոսքով, «Սակայն, զարմանք է հարուցում հետեւյալը՝ 05.05.2006թ. կատարված գործարքով վաճառվել է 1520 հատ 8000 դրամ անվանական արժեքով բաժնետոմս, որի մեկ հատը գնվել է անհավանական 105000 ՀՀ դրամ գնով: Գործարքի ընդհանուր գինը կազմել է 1520x 105000 = 159.600.000 ՀՀ դրամ: Ակնհայտ է, որ նշված 1520 հատ բաժնետոմսերի գնորդ է հանդիսացել «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն, որից էլ, հավանաբար, սկսել է կրել վնասներ»:

Արա Սաղումյանի խոսքով, «Իստինվեստոր» ընկերության ներկայացուցիչների միջնորդությունը դատարանը բավարարել է եւ նշանակել դատահաշվապահական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն: Սակայն դա որևէ ազդեցություն չի ունեցել հետգնված բաժնետոմսերի շուկայական գնի վրա և այն մնացել է նույնը, ինչպես գնահատել էր անկախ գնահատողը:

«Իստինվեստոր» ընկերության վերը բերված փաստարկները չեն հաստատվել Հայաստանի Հանրապետության ներպետական դատական բոլոր ատյաններում, իսկ «Իստինվեստոր» ընկերության հայցը չի բավարարվել»,-պատասխանելով «Առավոտի» հարցերին ասաց պարոն Սաղումյանը:

«Իստինվեստոր»-ի տնօրենները սակայն գտնում են, որ ՀՀ օրենսդրության համաձայն, փոխհատուցումը պետք է հաշվարկվեր բաժնետոմսերի շուկայական արժեքի հիման վրա, ինչն անհամեմատ ավելի մեծ գումար է կազմում:

«Իստինվեստոր»-ը դիմել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դիմումներ է ներկայացրել նաև ՀՀ մի շարք իրավասու մարմիններին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930