Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքանով է արդի գրականագիտական միտքը համահունչ գրական ընթացքին

Հունիս 26,2020 13:00

Հարցազրույց գրականագետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Կարեն Մանուչարյանի հետ

 – Ի՞նչ միտումներ են նկատվում հայ ժամանակակից գրականության համատեքստում։

– Ժամանակակից հայ գրականությունն աչքի է ընկնում բազմազանությամբ եւ խայտաբղետությամբ։ Այսօր չկան գաղափարական պարտադրանքներ, գրողը ստիպված չէ ենթարկվել այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատին։ Ստեղծագործական պրոցեսի այս հարաբերական անկախությունը պայմանավորել է ժանրահղացքային աննախադեպ բազմազանություն։ Հենց այս հանգամանքներն էր կարեւորում ժամանակակից արձակագիր Գուրգեն Խանջյանն իր հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ ինչ-որ առումով վերջին 20-25 տարվա ընթացքում ստեղծվել է ամենահետաքրքիր գրականությունը։ Ես լիովին համաձայն եմ այդ տեսակետին, քանի որ նշված ժամանակաշրջանում ապահովվել է արվեստագետի ստեղծագործական գործընթացի ամենաառաջնային կողմերից մեկը՝ գաղափարական ազատությունը։

– Ի՞նչ կասեք գրականություն-գրականագիտություն կապի մասին։ Ըստ Ձեզ՝ ինչու՞ են գրականագետները քիչ անդրադառնում ժամանակակից գրողների ստեղծագործություններին…

– Ինչքանո՞վ է արդի գրականագիտական միտքը համահունչ գրական ընթացքին։ Արդյո՞ք գիտականորեն ընդհանրացված են հայ ժամանակակից գրականության գերիշխող միտումներն ու ուղղությունները, ժանրային համակարգը, փիլիսոփայական հիմքերը։

Արդի հայ գրականագիտական միտքը վիթխարի անելիքներ ունի մերօրյա գրականության դաշտում։ Հայ ժամանակակից ընթերցողը կարիք ունի նաեւ գրականագիտական լուսաբանումների։ Իհարկե, ժամանակակից գրականությանը գրականագիտական անդրադարձները շատ չեն։ Դրանք առանձին դեպքերում սահմանափակվում են հակիրճ գրախոսականներով, քննադատական հոդվածներով։ Ուսումնասիրությունները հազվադեպ են հասնում տեսական ընդհանրացումների մակարդակի։ Հայ ժամանակակից գրականության գրականագիտական անդրադարձների սակավության պատճառներից մեկն այն է, որ միշտ էլ պրակտիկան առավել լայն է, քան տեսությունը։ Գրական փաստերը գրականագիտական մակարդակում լուսաբանելու համար որոշակի ժամանակ է պահանջվում։ Սակայն մյուս կողմից էլ գրականագետի համար չափազանց կարեւոր է մատն ընթացիկ գրականության զարկերակի վրա դնելը, համաժամանակյա գրական փաստեր արձանագրելը։ Եվ հուրախություն բոլորիս՝ կան գրականագետներ, որոնք փորձում են ոչ միայն լուսաբանել առանձին գրական փաստերը, այլեւ կատարել ինչ-ինչ տեսական ընդհանրացումներ։ Հատկապես վերջին տարիներին արդի գրականության գրականագիտական անդրադարձների աճ է նկատվում, որ շատ ողջունելի է։

– Դուք գրե՞լ եք հոդվածներ եւ գրախոսություններ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների մասին։

– Դեռ ուսանողական տարիներից պարբերաբար անդրադարձել եմ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին։ Տարբեր գիտաժողովների ժամանակ զեկուցումներ եմ կարդացել Լեւոն Խեչոյանի, Խաչիկ Մանուկյանի, Արամ Պաչյանի, Էլֆիք Զոհրաբյանի եւ այլ հեղինակների ստեղծագործությունների մասին։

– Տեղյակ ենք, որ ատենախոսություն եք գրում։ Ո՞րն է ատենախոսության թեման։ Դրա շրջանակներում անդրադառնալո՞ւ եք արդի գրողների երկերին։

– Ատենախոսությանս թեման է «Գուրգեն Խանջյանը հայ ժամանակակից գրականության համատեքստում»։ Գիտական ղեկավարս բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն է։ Ատենախոսության վերնագիրն արդեն հուշում է, որ անդրադառնալու եմ ժամանակակից գրական կյանքի իրողություններին։

– Ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը։

– Դեռ ուսանողական տարիներից մեծ հետաքրքրություն ունեի այդ հեղինակի ստեղծագործությունների նկատմամբ։ «Հայ ժամանակակից գրականություն» դասընթացի շրջանակներում  անդրադառնում էինք տարբեր հեղինակների ստեղծագործությունների, բայց Գուրգեն Խանջյանը մի տեսակ առանձնանում էր իր ընդգրկունությամբ։ Ատենախոսության շրջանակներում կփորձեմ Խանջյանի ստեղծագործությունը ներկայացնել ժամանակակից գրական իրողությունների համատեքստում։ Խոսել Խանջյանի ստեղծագործության մասին, նշանակում է ընդհանրացնել արդի հայ գրականության գերիշխող միտումներն ու ուղղությունները։

– Համավարակային պայմաններն ինչպե՞ս են ազդել գրական գործընթացների վրա։

– Համավարակային պայմաններում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել գրական գործընթացներում։ Գրական-մշակութային կյանքը ենթարկվել է որոշակի սահմանափակումների։ Իհարկե, ողջունելի է այն հանգամանքը, որ թեկուզ առցանց հարթակում շարունակվում են գրական միջոցառումները։ Այս ընթացքում շարունակվել է նաեւ գրահրատարակչական գործունեությունը։ Սակայն ամեն դեպքում կա հոգեբանական ճնշվածության զգացում, որը, հուսով եմ, մոտ ապագայում կհաղթահարվի։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930