Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելի քայլին սպասելով

Հունիս 26,2020 12:00

ԵՄ-ից ակնարկեցին, թե՝ «պատրաստ են քննարկել Ադրբեջանի հետ վիզաների ազատականացման հարցը»

Մինչ Հայաստանում վերջին օրերին ներքաղաքական թոհուբոհ է՝ կապված Սահմանադրության հոդվածի փոփոխության հետ, պաշտոնական Երեւանը եվրոպացի գործընկերներին վստահեցնում է, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Անցյալ շաբաթ մինչեւ Վենետիկի հանձնաժողովը գրավոր ընթացակարգով կքննարկեր Հայաստանի իշխանությունների դիմումը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանին եւ դատավորներին, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դիմումին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, հունիսի 17-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ամփոփելով Հանձնաժողովի 2019-ի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրեց զեկույց, որում նա անդրադարձել էր նաեւ Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա, մասնավորապես, ասել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում, Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. «Մենք աջակցում ենք այս երկու երկրների՝ ժողովրդավարական համակարգեր ձեւավորելու ջանքերին: Հիմնական մարտահրավերներից մեկը, հատկապես Հայաստանի, բայց նաեւ Մոլդովայի իշխանությունների համար, ճիշտ հավասարակշռություն գտնելն է՝ մի կողմից մարդկանց սպասելիքները արդարացնելու եւ երկրում իրական փոփոխություններ անելու, մյուս կողմից էլ՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջեւ»:

Իր հերթին, պաշտոնական Երեւանն էլ անցյալ շաբաթ համամարդկային արժեքներին իր հավատարմությունը ներկայացրեց: Հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին, որին մասնակցում էին նաեւ Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը, Ավստրիայի կանցլերը, Նիդերլանդների վարչապետն ու եվրոպական երկրների այլ առաջնորդներ:

Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, վստահեցրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության եւ կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձեւավորելու նպատակով, եւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ դատական համակարգի վերափոխումը կառավարության օրակարգի առանցքում են: «Մեր ջանքերը, սակայն, հանդիպում են նախկին օլիգոպոլիաների եւ կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը: Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները եւ կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու եւ կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով: Չնայած այս բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար», -նշեց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է պետական կառուցակարգերի կայացման գործում, եւ այդ համատեքստում առանձնահատուկ կարեւորեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: «Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մշակութային ընդհանրությունների վրա: Արեւելյան գործընկերությունը մեր համագործակցության շարժիչ ուժն է: Այն ապահովում է արդյունավետ հարթակ ԵՄ-ի եւ տարածաշրջանի երկրների հետ երկխոսության եւ համագործակցության համար: Դրա ամբողջականության եւ շարունակականության պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի: Ներքին բաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ կխաթարի Գործընկերության բուն փիլիսոփայությունն ու ազդեցությունը»:

Նա եվրոպացի գործընկերներին հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը:

Այստեղ հատկանշական է, որ Հայաստանի եվրոպացի գործընկերները համառորեն խուսափում են վիզաների ազատականացման գործընթացի մասին հստակություն մտցնել՝ Հայաստանի հեռանկարների հարցում:

Մինչդեռ Ադրբեջանի հետ կապված՝ նորություններ կան… Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ վիզաների ազատականացման հարցը: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Արեւելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով հրավիրած մամլո ասուլիսում: Հանձնակատարը շեշտել է, որ շուտով կարող է քննարկվել Եվրամիության եւ ավելի շատ Արեւելյան գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի, առանց վիզայի ճանապարհորդության մասին հայցը: «Կարծում եմ, որ մեր չափանիշներն ու պայմանները հայտնի են: Եթե այդպիսի խնդրանքով մեզ դիմեն, իհարկե, մենք կներգրավվենք», – ասել է Վարհեին: Նրա փոխանցմամբ՝ Եվրոպայի համար Արեւելյան գործընկերությունը հիմնական գերակայություններից մեկն է, եւ այն կշարունակի մնալ ԵՄ համար առանցքային առաջնահերթությունը:

ԵՄ պաշտոնյայի խոսքերից, իհարկե, չի բխում, որ Ադրբեջանի հետ գործընթացը կարող է շատ արագ իրականություն դառնալ, բայց ԵՄ-ից ուղերձն ինքնին ուշագրավ է եւ խոսում է Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որոշակի փոփոխության մասին:

Ադրբեջանի հետ վիզաների ազատականացման հարցի քննարկումն անշուշտ կարող է ձգվել տարիներով, իսկ նմանատիպ հայտարարություններ եվրոպացի պաշտոնյաներից հնարավոր է հնչեն տարբեր պարբերականությամբ: Սակայն ԵՄ-ն ու Ադրբեջանն այս գործընթացն արագացնելու համատեքստում փոխշահավետ գործակցության այլ ուղիներ էլ կկարեւորեն: Օրինակ՝ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահեցրեց, որ Ադրբեջանը մոտ ժամանակներս սկսելու է գազ մատակարարել Եվրոպական միություն: Ելույթ ունենալով ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, Ալիեւը նշեց, որ ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական առեւտրային գործընկերն է: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները ֆինանսավորել են Հարավային գազային միջանցքի շինարարությունը, որը Ադրբեջանը կապում է ԵՄ-ի հետ: Ըստ Ալիեւի՝ գազամատակարարումները կսկսվեն մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին Արեւելյան գործընկերության՝ տեսաժողովի ձեւաչափով անցկացված նախարարական համաժողովի ելույթում շեշտեց, որ Հայաստանի համար կարեւորագույն առաջնահերթություն է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. «Հայաստանը արդյունավետորեն իրականացնում է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Հետընդունման մասին համաձայնագրերը: Մենք ներգրավված ենք անդամ երկրների հետ անհատական երկխոսության մեջ՝ ցույց տալու մեր աշխատանքը եւ մեր ձեռքբերումները, որոնք արդարացնում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը, ինչն էլ, լիահույս ենք, որ շուտով տեղի կունենա»:

Պաշտոնական Երեւանն, այսպիսով, առայժմ շարունակում է եվրոպացի գործընկերներին հրապարակային հիշեցնել, որ վիզաների ազատականացման հարցում Հայաստանի իշխանությունն ու հասարակությունն անհամբերությամբ սպասում են Բրյուսելի քայլին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930