Ադրբեջանը պատկանում է այն գործընկերների թվին, որին ԱՄՆ Պետդեպարտամենը գովաբանել է ահաբեկչության կանխարգելմանը, պարզելուն, ինչպես նաև կանխելուն ուղղված «ակտիվ աշխատանքի» համար: Այս մասին ասվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին ամենամյա զեկույցում, որի համաձայն՝ 2019թ. Ադրբեջանում ահաբեկչական որևէ գործողության մասին չի հաղորդվել:
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հիշեցրել է՝ կան փաստեր առ այն, որ Ադրբեջանում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ճնշումներ են գործադրվել քաղաքական հակառակորդների վրա:
Ըստ զեկույցի՝ երկրի իրավապահ մարմինները «լայնորեն» կիրառել են «ահաբեկչություն» և «ծայրահեղականություն» որակումները, ինչի հետևանքով քաղաքական հակառակորդները և կրոնական ակտիվիստները ենթարկվել են դատական հետապնդումների, ձերբակալությունների և դաժան վերաբերմունքի: Ըստ տեղեկության՝ ֆիզիկական բռնություն ամենաշատը կիրառվել է ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության կողմից:
Զեկույցի համակարգող դեսպան Նաթան Սեյլզը մամուլի հեռավար ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին, ցավով փաստել է, որ աշխարհում շատ երկրներ կան, որոնք ահաբեկչության խնդիրները օգտագործում են որպես պատրվակ` քաղաքական բողոքները ճնշելու, կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին մեկուսացնելու նպատակով։ Նա ամենաամոթալի օրինակը համարել է Չինաստանի իշխանությունների գործողությունները ույգուր մահմեդականների դեմ:
Կարդացեք նաև
Նշենք, որ Հայաստանը ներառված չէ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ահաբեկչության դեմ պայքարի 2019 թվականի զեկույցում:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ