Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են. Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահության անդամներ Նորայր Խաչատրյանը («Իմէքս գրուպ» ՍՊԸ), Արմեն Մկոյանը («Էլիտ գրուպ» ՓԲԸ), Վահագն Մկրտչյանը ( «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ), Արմեն Տեր-Տաճատյանը («Տեր-Տաճատյան իրավաբանական և բիզնես խորհրդատվական» ՓԲԸ):
«Հստակ է, որ համավարակի հետևանքով տնտեսությունը դժվար օրեր է ապրելու։ Խնդիրները բազմաթիվ են։ Կա սպասվելիք դժվարությունների, խնդիրների ընդհանուր ֆոն՝ հատկապես տնտեսության, աշխատանքի շուկայի ոլորտներում,-ասել է նախագահը։ – Անհանգիստ եմ բոլորի համար՝ տնից աշխատողից, չգրանցված աշխատողից մինչև արտագնա աշխատողի համար։ Պետք է փորձենք օգնել և՛ անհատ ձեռներեցին, և՛ մեծ ընկերություններին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն։ Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են»։
Բացի համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարումից, նախագահը կարևորել է նաև պարենային անվտանգության խնդիրները. «Այդ ոլորտում մենք շատ զգայուն իրավիճակում ենք։ Աշխարհի բոլոր երկրներն այսօր ունեն մթերքի անվտանգության խնդիր։ Կան շատ մեծ պետություններ, որոնք սկզբունքորեն կարող են ինքնաբավ լինել, բայց միջին պետություններն այսօր արդեն դժվարություններ ունեն, որովհետև լոգիստիկ, առևտրական, աշխատանքի բաշխման խնդիրներ ունեն»։
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանը նշել է, որ համավարակից հետո փոփոխված աշխարհում վերաբաշխվելու են դերերը և շուկաները. «Մենք պետք է ուղղակի իրականության աչքերին նայենք և կարողանանք լուծումներ գտնել՝ և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում»: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել արդյունաբերության զարգացման լոկոմոտիվներ, և որը վերաբերում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը։ Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան ավելի քան 15 ընկերությունների հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է սննդի անվտանգության «միջանցքի» ստեղծմանը: «Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք,-ասել է նախագահը։ -Նպատակը հետևյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև՝ դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»:
Գործարարները նախագահին են ներկայացրել իրենց ոլորտներում առկա տարբեր խնդիրներն՝ օրենսդրականից մինչև բարեփոխումներ, ինչպես նաև իրենց մոտեցումներն ու հիմնահարցերի լուծման պատկերացումները:
Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի զարգացման տեսլական ունենալու, ներդրողների պահանջներին արագ արձագանքելու խումբ ստեղծելու կարևորությանը՝ նշելով, որ այդ մասին ասվում էր նաև Հանրապետության նախագահի առաջարկով ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում:
Անդրադառնալով բարձրացված հարցերին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ կարևոր է ունենալ զարգացման հստակ տեսլական, դրանից բխող ռազմավարություն և ծրագիր: «Նշեցիք UNCTAD-ի հետ մեր աշխատանքի մասին: Առաջիկայում կլինի նաև կորանավիրուսային հավելում այդ փաստաթղթին, որը պատրաստվել է նախագահի աշխատակազմի հետ համատեղ,-ասել է նախագահը: -Արագ արձագանքման խմբի ստեղծումն, այո, այս պահին անհրաժեշտություն է: Քանի որ փոփոխվող աշխարհում դու ստիպված ես նորից քեզ ներկայացնել, ասել՝ ով ես, ինչ ունես: Շատ էական է, որ եթե մի բան նախաձեռնում ես, այդ գործընթացի ապագան տեսնես, պատկերացնես՝ ինչ է լինելու սրանից 10, 20 տարի հետո: Կարևոր է, որ ամեն մի հաջորդ ծրագիր լինի հեռանկարային»:
Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախատեսում է նախագահական ինստիտուտի հովանու ներքո համաժողովներ կազմակերպել, որոնց նպատակը լինելու է կապերի ստեղծումը, հայաստանյան գործարարներին աջակցելը: Մասնավորապես, այս տարի հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Հորասիս-Չինաստան» միջազգային ներդրումային համաժողովը, որին մասնակցելու են մի քանի տասնյակ չինական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչը լավ առիթ է նրանց ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներուժը:
Ամփոփելով հանդիպումը՝ նախագահը գործարարներին առաջարկել է ներկայացնել իրենց մտքերը, գաղափարները, բարձրաձայնել խնդիրները՝ ընդգծելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել դրանց լուծմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ