Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում շարքային քաղաքացիներին, այդ թվում հասարակության խոցելի խմբի անձանց, բարձրացվող գույքահարկի պարագայում

Հունիս 25,2020 20:30

«Ազգային օրակարգ» կուսակցության տեսակետը «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարությունը առանց հաշվի առնելու ներկա ծանր սոցիալական, տնտեսական, առողջապահական վիճակը, գումարած արտակարգ իրավիճակի սահմանափակումները, հանձն է առել ներմուծելու մի նոր հարկատեսակ, որի անունն է «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք, որը վերջերս ուղարկվել է ՀՀ ԱԺ:

Յուրաքանչյուր քիչ թե շատ, սոցիալական, մարդասիրական, ժողովրդավարական երկրում նախ կմտածեին ցանկացած գործող կարգերի փոփոխության, դրա անհրաժեշտության, պատեհ առիթի մասին, հետո կընթանար պետական-մասնավոր-հանրություն ընթացակարգերով քննարկման, հիմնավորման և ընդունման գործընթացը:

Այս նախագծով նախատեսված փոփոխությունները բերելու են որոշ խմբերի համար գույքահարկի չափի անհամեմատ բարձրացման, անկառավարելի գնագոյացման, որն իր հերթին բերելու է այլ ապրանքների և ծառայությունների գների անկառավարելի տատանումների: Ինքնին, ցանկացած գույք, սեփականություն պետք է հանդիսանա հարկման առարկա, սակայն հարկը լինի հիմնավոր, ապացուցված, արդար և թափանցիկ: Ցավոք, այս պարագայում չի կարելի խոսել ոչ հիմնավորության, ոչ արդարության, ոչ պատեհության մասին, անթաքույց փորձ է արվում սոցիալական որոշ հատկապես նվազ եկամուտներով խմբերի նկատմամբ կիրառել չարդարացված նոր հարկատեսակ, առաջացնելով բողոքի և խիստ անհանգստության չարդարացված առիթ:

Ինչպես ներկայացվում է, սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և միասնական հարկման համակարգը, և անշարժ գույքի հարկով հարկման բազա կհամարվի անշարժ գույքի հարկման օբյեկտի շուկայական արժեքը կամ անշարժ գույքի հարկման օբյեկտի շուկայական արժեքին մոտարկված արժեքը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը, և դրանք խիստ տարբերվում են համապատասխան շուկայական արժեքներից: Նախագծի ամփոփաթերթում նշված է, որ սույն նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների ավելացմանը, և ցավոք չի խոսվում հարկատուներին հուզող հարցերի մասին:

Այստեղ մեր մոտ առաջանում են մի շարք հարցեր.

– Արդյո՞ք պատշաճ կերպով է հաշվի առնվել շինությունների մաշվածությունը բնութագրող գործակիցը, քանի որ Նախագծով նախատեսված է մինչև 9 տարի (ներառյալ) շահագործման տևողություն ունեցող շինության համար մաշվածությունը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0 գործակից, իսկ 46 տարի և ավելի շահագործման թողություն ունեցող շինության համար մաշվածությունը բնութագրող գործակիցը սահմանվում է 0.76 գործակից։

– Արդյո՞ք գնահատելիս հաշվի առնվելու է շենքի սեյսմակայունությունը (դա մաշվածություն չի), որը տարիների ընթացքում նվազում է։

Ռիսկեր

Նախագիծն իր մեջ պարունակում է բարձր կոռուպցիոն ռիսկեր, մասնավորապես`

անկախ գնահատողների գնահատումը արդյո՞ք կլինի օբյեկտիվ ու համարժեք, արտացոլելով գույքի իրական գինը, քանի որ համաձայն նախագծի, գույքի գնի ձևավորման որոշիչ խոսքը գնահատողինն է։

Հարկ է նկատել, որ թե՛ սույն նախագծում, թե՛ հիմնավորումներում ներկայացված չեն հատկապես հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գոտիներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի գնահատման և փոխհատուցման մեխանիզմներն ու առանձնահատկությունները։

Առաջարկություններ

  1. Հարկման ստորին շեմ սահմանել մինչև 10 մլն դրամ արժեք ունեցող անշարժ գույքը, որի դեպքում սահմանել 0 դրույքաչափ:
  2. Գույքահարկի անհարկի շահարկումներից և կոռուպցիոն եղանակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել երկրի գոտիականության բաժանման սկզբունքը, սահմանելով յուրաքանչյուր գոտու համար ստորին և վերին գին:
  3. Եթե անշարժ գույք մարդու սեփականությունն է եղել ի սկզբանե, կամ ծնողներից ժառանգություն է ստացել և այդ գույքում ապրում է 1-ից ավել մարդ, ապա յուրաքանչյուր բնակչի հաշվով հարկավոր է կիրառել գույքահարկի նվազման գործակից 0.8, 0.6, 0.4, 0.2:
  4. Հարկման համար հարկավոր է կիրառել բազմաստիճան սանդղակ օրինակ՝
  • 0-50 մլն դեպքում 0% դրույքաչափ,
  • 51-100 մլն դեպքում 0.25 դրույքաչափ,
  • 101-200 մլն դեպքում 0.5% դրույքաչափ,
  • 201-500 մլն դեպքում 0.75% դրույքաչափ,
  • 500 մլն-1 մլրդ դեպքում 1% դրույքաչափ,
  • 1 մլրդ-2 մլրդ դեպքում 2% դրույքաչափ
  • 3 մլրդ և ավելի դեպքում կիրառել 3% դրույքաչափ:

Այսպիսով, ներկայացնելով մեր առաջարկությունները ակնկալում ենք կառավարությունից ստանալ բարձրացված հարցերի առարկայական պատասխաններ և հետևություններ։ Պնդում ենք կազմակերպել աշխատանքային հանդիպումներ և հանրային լայն քննարկումներ, հասարակության և մասնագետների շահագրգիռ ներկայացուցիչների հետ:

Միաժամանակ կարծում ենք, որ համաճարակի, տնտեսության անկման պայմաններում նման հակասական և անհեռանկար որոշման ընդունումը չի բխում մեր երկրի ոչ տնտեսական և ոչ սոցիալական շահերից:

«Ազգային օրակարգ» կուսակցության «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի նախագահ Աշոտ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930