Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կրիմինալ վարքագիծ էր. հրավիրեցինք ԿԲ, բայց մեզ տվեցին զրո ինֆորմացիա». ԿԲ նախագահ

Հունիս 25,2020 17:40

«Համավարակի պայմաններում ավելանում է վարկառուների թիվը, եւ քանի որ բանկերը զգույշ են վարկեր տրամադրելու հարցում, քաղաքացիներն ավելի շատ դիմում են վարկային կազմակերպություններին: Այդ վարկերը երբեմն աննորմալ բարձր տոկոսներով են տրվում: Վարկային կազմակերպությունների հանդեպ ուշադրությունն ավելացրե՞լ եք»,-կենտրոնական բանկի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Մարտին Գալստյանը նախ հայտնեց, որ վերջին ամիսներին վարկային կազմակերպությունների վարկավորման միջին տոկոսադրույքը 5%-ով իջել է: «Ինչ վերաբերում է ծավալին, ապա գյուղական բնակավայրերում վարկավորման ծավալն ավելացել է, որովհետեւ կառավարությունն աջակցության ծրագրեր ունի, եւ այդ վարկավորումն իրականացվում է ոչ թե վարկային կազմակերպությունների, այլ բանկերի միջոցով»,-տեղեկացրեց ԿԲ նախագահը:

Նա ապա վստահեցրեց, որ ԿԲ-ն չափազանց խիստ է վարկային կազմակերպությունների հանդեպ:

«Տեսնում ենք շահարկումների անախորժ դեպքեր, որոնք փորձում են ստվեր գցել ողջ համակարգի վրա: Ես այդ վարքագիծը կրիմինալ կանվանեմ, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են շահարկում: Դա իրականության հետ աղերս չունի: Այդ խմբին քանիցս փորձել ենք բերել առարկայական բանավեճի դաշտ: Նախորդ շաբաթ նրանց ի վերջո հրավիրեցինք ԿԲ, եւ ԿԲ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպեցին նրանց»,-նշեց Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով. «Հրավիրվածներին բացի թեժ գծից տրվել է անհատական հեռախոսահամար եւ էլեկտրոնային հասցե, եւ խնդրել ենք մեզ տրամադրել այս «տասնյակ հազարավոր» մարդկանցից ստացված դիմում բողոքները: Մեզ, սակայն, տրվել է զրո ինֆորմացիա»,-փաստեց Գալստյանը: Նրա խոսքով՝ նեղ անձնական կամ խմբային շահերից ելնելով հանրության վիճակը շահարկելը կրիմինալ գործելաոճ է:

Հիշեցնենք, որ ԿԲ-ի դիմաց վերջերս ցույցեր էր անում «Ոչ վարկային թալանին» նախաձեռնությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930