Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այս ամբողջ ֆոկուսը ուրիշ բանի համար է». Մարուքյանը բացում է փակագծերը, թե ինչու է քոչարյանամերձ դաշտն ուզում իրենց վերացնել ընդդիմադիր դաշտից

Հունիս 25,2020 17:28

«Ովքե՞ր են եղել ՍԴ-ի մոտ բրիֆինգին, դուք եղե՞լ եք: Ձեզ խաբել են: Ովքեր նայել են դա՝ իրենց խաբել են: Իրենք ասում են՝ դիմումը հետ ենք վերցնում, էլ այդ նախապայմանը չկա, կարող են ԼՀԿ-ից դիմել, դա սուտ է», – ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ինչ այդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր հայտարարել էին, որ հետ են վերցնում ՍԴ-ի իրենց դիմումը ու հիմա գնդակը ԼՀԿ-ի դաշտում է:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի ստորագրահավաքին կմիանա ու միասին կդիմեն ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությունից հետո, որպեսզի իրենց չկապեն Քոչարյանի հետ ու չքաղաքականացվի հարցը:

ԼՀԿ-ից վստահեցնում են, որ եթե նույնիսկ դիմումը հետ են վերցնում, դա չի նշանակում, որ ՍԴ-ն հուլիսի 7-ին գործը չի քննելու. «Եթե մեզ հարցնեին, կասեինք՝ ընդհանրապես անիմաստ է դիմումը հետ վերցնելը: Կարող էին պարոն Թովմասյանին՝ ՍԴ նախագահին խնդրեին, որ գործը, օրինակ, երեկ քննեին, այսօր էլ որոշումը կայացնեին, մենք էլ վաղը դիմումը գրեինք: Հիմա ժամը քանի՞սն է, թող հիմա ՍԴ-ում քննեն գործը, որոշումը երեկոյան հրապարակի, գրավոր ընթացակարգով գործ է, մենք վաղը առավոտ դիմումը մուտք կանենք»:

Դիմելով Քոչարյանի փաստաբաններին՝ Մարուքյանն ասաց. «Մե՞նք ենք շահարկում Քոչարյանի գործը, թե՞ դատարանը: Այն պահին, երբ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագիծն է քննարկվում, իրենք աշխատանքային կարգով քննարկում են անում ու Քոչարյանի գործով նիստի օր նշանակում: Մենք էլ ասում ենք՝ եղբայր, լավ, նշանակե՞լ ես, ՍԴ-ում էլի դիմումներ կան, բա ինչո՞ւ մյուս դիմումներով ժամկետներ չես բերել առաջ, շուտ քննեիք: Հիմա նշանակել են ամսի 7-ին, թող նշանակեին երեկ, որոշումը հրապարակեին, մենք մուտք անենք»:

Հետո Մարուքյանը հայտարարեց. «Այս ամբողջ ֆոկուսը ուրիշ բանի համար է. մեր որոշման հրապարակումից հետո մի ամբողջ լայնածավալ կամպանիա է սկսվել ԼՀԿ-ի դեմ: Ես երբեւէ որեւէ մեկի քննադատությունից չեմ նեղվել, քննադատելու մեջ որեւէ վատ բան չեմ տեսել: Երեկ, դրանից առաջ մի երեք օր շանտաժի միջոցով մեր նկատմամբ տեղի է ունենում հայհոյախոսություն, ակնհայտ վիրավորական բառապաշարով հայտարարություններ, ֆեյսբուքում գրառումներ, նաեւ կեղծ սարքած խմբեր կան, որ 20-30 հազար հետևորդ ունեն, ամենավատ վիրավորանքները մեր, մեր ծնողների, մեր ընտանիքների հասցեներին: Երեկ այդ ալիքը ստացել է իր կուլմինացիան: Այսօր այդ ալիքը պետք է նվազեր, մարդիկ նախաձեռնում են նոր բան՝ աճպարարություն, որ երկրորդ ալիքը լինի: Նպատակը մեզ վարկաբեկելն է, ընդդիմադիր դաշտը վարկաբեկման միջոցով ազատելն է, որպեսզի կարողանան ընդդիմադիր դաշտում իրենց տեղը գտնեն, որովհետեւ իրենք հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը ով որ զբաղեցնում է, նա հաջորդ իշխանությունն է: Քանի որ իրենք ուզում են լինել հաջորդ իշխանությունը, հետ գան, ուզում են ազատել ընդդիմադիր դաշտը…Մարդիկ գրում են՝ 30 արծաթ եք վերցրել: Ումի՞ց: Այդ 30 արծաթից որ խոսում եք, կներեք, կարո՞ղ է ձեր ամբողջ կյանքն ու կենսագրությունը 30 արծաթով եք անցկացրել, դրա համար դիմացինին այդ ձեւով եք դիտարկում»:

Մարուքյանը հայտարարեց, որ այսօր վերջնաժամկետն է, եթե իրենց նկատմամբ այս արշավը չդադարեցնեն, ունենալու է հետեւանքներ. «Հասկացանք, չի նշանակում, որ ձեր ամբողջ մեդիան պետք է թնդանոթի պես շրջեք մեր վրա ու կրակեք: Արդեն ամենօրյա ռեժիմով կրակում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930