ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին տնտեսական ճգնաժամը ավելի է խորացել՝ կազմելով -3,9 տոկոս։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում բացասական արդյունքներ և սպասումներ կան, որն իր արտացոլում է գտել պաշտոնական վիճակագրության մեջ, մասնավորապես՝ հունվար-մայիս ամիսներին՝ արդյունաբերության աճը դանդաղել է՝ կազմելով +2,4 տոկոս, շինարարությունը անկում է գրանցել -23,6 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ -10,2 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ -4,2 տոկոսով։ Առավել մտահոգիչ է արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատումը (–11,2 տոկոսով). մասնավորապես՝ արտահանումը նվազել է -8,1 տոկոսով, ներմուծումը՝ -12,8 տոկոսով։
Հայաստանի այս տարվա տնտեսական վիճակի և հետագա զարգացումների մասին բազմիցս եմ խոսել։ Ցավոք, ևս մեկ անգամ պետք է արձանագրել, որ մեր երկիրը դեռ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում։ Գործող իշխանությունները օր առաջ պետք է վերանայեն իրենց օրակարգը՝ առաջին պլան մղելով սոցիալ-տնտեսական հարցերը, հակառակ դեպքում ճգնաժամը կդառնա աղետ մեր տնտեսության և ժողովրդի համար։
Իշխանությունները պետք է ճիշտ ազդակներ փոխանցեն հանրությանը և այս ճգնաժամային իրավիճակում գոնե փրկեն քիչ թե շատ «առողջ» կազմակերպությունները։ Այս իրավիճակից ավելի քիչ կորուստներով դուրս գալու համար՝ ձեռնարկատերերին առաջարկում եմ.
1․Վերանայել իրենց ծախսերը՝ կրճատելով բուն բիզնեսի հետ չկապված ծախսերը,
Կարդացեք նաև
2․Իրենց ձեռնարկատիրական գործունեությունը նախապատրաստել հեռավար ընթացակարգով իրականացնելուն՝ միաժամանակ զարգացնելով առցանց առևտուրը և առաքումները,
3․Խուսափել խոշոր պարտքով գործարքներից,
4․Հետաձգել վարկային պարտավորությունների մարումները,
5․Հնարավորինս պահել որակյալ կադրերին,
6․Դոլարային վարկերը վերափոխել դրամայինի,
7.Ավելացնել վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների անվանացանկը,
8.Իրականացնել առավել ճկուն գնային քաղաքականություն.բաց չթողնել հաճախորդի,
9.Ներգրավել նոր գործընկերներ (փայատերեր) իրենց կապիտալով և կապերով,
10.Էականորեն նվազեցնել վարձակալության վճարները․ներկայումս ազատ և ավելի մատչելի առևտրային տարածքներ հեշտ կարող եք գտնել,
11.Պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և այլն։
Սուրեն ՊԱՐՍՅԱՆ
տնտեսագետ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու