Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նորմալ է, թող Քոչարյանի դիմումը հետ վերցնեն, բայց գործը քննվելու է ՍԴ-ում». ԼՀԿ-ն Քոչարյանի՝ իրենց դաշտ նետած գնդակը չի վերցնում

Հունիս 25,2020 17:18

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամներն այսօր հայտարարել են, որ հետ են վերցնում ՍԴ-ի իրենց դիմումը ու հիմա գնդակը ԼՀԿ-ի դաշտում է:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի ստորագրահավաքին կմիանա ու միասին կդիմեն ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությունից հետո, որ իրենց չկապեն Քոչարյանի հետ ու չքաղաքականացվի հարցը:

Այս իրավիճակում, երբ Քոչարյանի դիմումը հետ են վերցնում, ինչպե՞ս է վարվելու ԼՀԿ-ն՝ քիչ առաջ ԱԺ-ում նրանք վստահեցրին, որ Քոչարյանի փաստաբանները մանիպուլյացիա են արել, եթե նույնիսկ դիմումը հետ են վերցնում, դա չի նշանակում, որ ՍԴ-ն հուլիսի 7-ին գործը չի քննելու:

Խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը այդ գործը ՍԴ-ում քննության հետ: Այդ գործը քննվելու է, որովհետեւ դատարանն էլ է նույն հարցով դիմել: Պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ դիմումը հետ են վերցնում՝ նորմալ է, թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն որոշի, որ ինքը չի քննելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է, ոչ ոք սրանից հետ չի կանգնելու: Մենք ասել ենք ինչու ենք այս պայմանն առաջ դրել: Հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վեճը մաքուր իրավական գործընթաց է եւ որեւէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով: Հուլիսի 7-ին դեռեւս այդ գործը քննվելու է, ՍԴ-ն է որոշում՝ քննի՞, թե՞ չքննի»:

Թե իրավական ի՞նչ մեխանիզմ կա, որ ՍԴ-ն չքննի այդ գործը, երբ վարույթ է ընդունվել՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ եթե առաջին ատյանի դատարանը, որը դիմել էր ՍԴ-ին, էլի հետ վերցնի իր դիմումը, այդ ժամանակ նոր ՍԴ-ն որեւէ որոշում կկայացնի:

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Քոչարյանի պաշտպաններն այս քայլով ուզում են գործընթացը քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ. «Եթե դա է իրենց հետապնդած նպատակը, ես պիտի հիասթափեցնեմ նրանց»:

Հարցին՝ համարե՞նք, որ սա ԼՀԿ-ին հնարավորություն էր ու դուք չեք ուզում այդ հնարավորությունից օգտվել՝ Տարոն Սիմոնյանը զարմացավ. «Ի՞նչ հնարավորություն: Հնարավորությունն այն էր, որ երկու օր է՝ չի դադարում տարբեր ԶԼՄ-ների թիրախ հանդիսանալ, կամ տարբեր անձանց, ովքեր շատ լավ իմանալով, որ իրավաբանորեն ամենագրագետ քայլը մեր քայլն էր, գործընթացը թեքում են անընդհատ դեպի քաղաքական ճյուղավորում ու փորձում են մեր անունի վրա ինչ-որ դիվիդենտներ շահել»:

Արամ Վարդեւանյանն ասել էր՝ տեսնենք հիմա այսքանից հետո ԼՀԿ-ն ինչ է անելու, գնդակը նետեց ԼՀԿ-ի դաշտ՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Պարոն Վարդեւանյանը դեռ ուսանողական տարիներից սիրում էր գնդակը նետել իմ դաշտը, բայց լավ արդյունք չէր ունենում: Պարոն Վարդեւանյանին խնդրում եմ իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթել, տարբեր հարթություններ են»:

Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ որեւէ գնդակ չեն նետել իրենց դաշտ. «Մեր դիրքորոշումը ներկայացնելուց հետո որեւէ բան չի փոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930