Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանը՝ Էդմոն Մարուքյանին եւ ԼՀԿ-ին. «Դա նման է նրան, որ ձեր աչքի առաջ մեքենա այրեն, ասեք՝ հետո կդիմեմ ոստիկանություն»

Հունիս 25,2020 16:32

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը ՍԴ-ի դիմաց լրագրողներին տված հարցազրույցում նշեց, որ իրենց դիմում-միջնորդությունը՝ հասցեագրված Սահմանադրական դատարանին՝ այն մասին է, որ 2019 թ մայիս-հունիս ամիսներին երկու դիմում էին ներկայացրել, սակայն 2020 թ, հունիսին, նրա խոսքերով ականատես են լինում շահարկումների. «Պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտականությունը՝ չեն կատարում: Ես շատ լավ ճանաչում եմ Էդմոն Մարուքյանին, Տարոն Սիմոնյանին, իրենք իրավաբաններ են, իրավաբանները միմյանց ճանաչում են: Իրենք խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն չեն կատարում»:

Արամ Վարդեւանյանը մի օրինակ բերեց. «Դա նման է նրան, որ հիմա մեր առջեւ մի խանութ կամ մի մեքենա այրեն, թալանեն, ես այդ ժամանակ ասեմ՝ գիտեք, ես մեքենայի սեփականատիրոջը միգուցե ճանաչում եմ, ես հաղորդում չեմ ներկայացնի ոստիկանություն, եկեք, թող մի որոշ ժամանակ անցնի, կտեսնենք… Հիմա այդ նույն վիճակն է, նույն վերաբերմունքը: Հենց այս բոլոր շահարկումներից ելնելով՝ մենք այսօր դիմում ներկայացրինք:

Այս դիմումն արվում է ոչ թե կոնկրետ ինչ-որ միավորի համար, այլ՝ հանուն իրավական պետության, հանուն սահմանադրական կարգի: Դա առավել քան այն հիմնավորումներից մեկն է, որն ուներ Ռոբերտ Քոչարյանը, որի համար անընդունելի էր ցանկացած տեսակով, ձեւով կամ բովանդակությամբ իր անունը, իր գործը շահարկելը, առավել եւս հիմք ընդունելը դասական իմաստով անգործության համար…սա որպես սահմանադրագետ եմ ասում: Առհասարակ, երբ կա լիազորություն, երբ կա գործիք, օրինակ` դիմել ՍԴ, դա ոչ թե իրենից ենթադրում է քայլ՝ լավ զգալու համար, այլ դա նախեւառաջ պարտականություն է ենթադրում: Իսկ պարտականությունները կատարում են, ոչ թե շահարկումներով պայմանավորված՝ փորձում են խուսափել»:

Արդյոք դիմումը հետ վերցնելու քայլով երկրորդ պլան չի գնում Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս հարցին ի պատասխան՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ մեղադրանքը երբեւէ չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, ՍԴ-ում վիճարկվում են նորմեր, ոչ թե քրեական գործեր: «Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Տարոն Սիմոնյանն ասում են՝ այս ողջ գործընթացը հակասահմանադրական էր, հակասում է իրավական պետության սկզբունքին, բայց մենք հիմա դիմում չենք ներկայացնի:

Հարգելիներս մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար առավել բարձր արժեքներ գոյություն ունեն, այո Հայաստանի Հանրապետության իրավական պետության սկզբունքի հանդեպ մենք այնպիսի վերաբերմունք ունենք, որ թեկուզ, եթե այդպիսի շահարկումներ կան, մենք պատրաստ ենք հետ վերցնել դիմումը, որ էլ ոչ ոք չփորձի Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգությունները, անգործությամբ արձագանքելը, իրավական պետության սկզբունքը խարխլելը ինչ-որ կերպ արդարացնելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930