Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանի պատասխանը՝ Փաշինյանի մատնանշած ՀՀԿ-ականների ընտրակեղծարարության մեխանիզմի, իր հրաժարականի ու Ծառուկյանի գործի մասին

Հունիս 25,2020 16:17

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս խոսեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին՝ ասելով. «Ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, անընդհատ հների հետ են կապում։ Մուկուչյանն ո՞վ է եղել, որ դեռ կա. առաջին ընտրակեղծարարը, որ ասում էին ընտրությունների համար։ Ո՞նց է, որ հիմա Մուկուչյանը կա»:

Aravot.am-ն այսօր Տիգրան Մուկուչյանին հարցրեց՝ դուք այդ հարցի պատասխանն ունե՞ք, թե ինչո՞ւ եք ձեր հին պաշտոնում մնացել: Մուկուչյանը պատասխանեց, որ ինքը, ԿԸՀ անդամները աշխատում են ու անում են այն գործողություները, որոնք նախատեսված են օրենքով:

Թե ինչպես կանդրադառնա ընտրակաշառքի քննվող քրեական գործը Տիգրան Մուկուչյանի վրա, պատրաստվո՞ւմ է այս սկանդալից հետո հրաժարական տալ՝ նա պատասխանեց. «Ընտրակաշառքի հետ կապված ԿԸՀ-ն միշտ էլ հրապարակային ներկայացրել է իր մոտեցումը՝ այդ երեւույթների քննադատության հետ կապված: Ավելին` մենք համապետական ընտրությունների ժամանակ ոչ միայն հրապարակային խոսել ենք, այլ նաեւ ունեցել ենք գովազդային վահանակներ, որոնք ուղղակիորեն կոչ էին: Դրանք կոչ էին ուղղված ընտրողներին՝ մերժելու այդ երեւույթը: Ընտրական գործընթացի ընթացքում, երբ եղել են առանձին դեպքեր, ԿԸՀ արձագանքը եղել է շատ օպերատիվ: ԿԸՀ-ն բացառապես առաջնորդվել է օրենքով»:

Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց այն մեխանիզմը, թե ինչպես են ՀՀԿ-ականները ընտրատեղամասում բեմականացում արել, ահազանգ են արել, լրատվամիջոցները, դիտորդները վազել են, ասենք, 1/04 տեղամաս, այդ ընթացքում 1/05-ում, 1/06-ում, 1/07-ում ընտրակեղծարարություն արել, բա որտե՞ղ է եղել ԿԸՀ-ն այդ ընթացքում, ինչո՞ւ այդ ընտրակեղծարարությունը չի արձանագրել: Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանը սկսեց օրենսդրական այն դրույթները մատնանշել, որոնք առնչվում են ԿԸՀ գործունեությանը՝ ապացուցելու, որ իրենք իրականացրել են օրենքով նախատեսված իրենց լիազորությունները, բոլոր այն դեպքերում, երբ փաստեր են եղել՝ ուղարկել են դատախազություն ու իրավապահ մարմիններին: Հարցին՝բա ինչո՞ւ մինչեւ հիմա բացահայտում չի եղել այդ դեպքերում ու մեղավորները չեն պատժվել՝ Մուկուչյանը պատասխանեց, որ ինչը հանդիսացել է վարչական վարույթի առարկա, իրենք քննել են ու որոշում կայացրել:

Մեր դիտարկմանը՝ դուք հիմա կարող եք հազարավոր օրենսդրական դրույթներ մատնանշել ու ցույց տալ, որ փաստաթղթերով դուք իսկապես ճիշտ եք եղել ու ամեն ինչ ճիշտ եք արել, բայց եթե ժողովրդական լեզվով ասած՝ «ծուռ նստենք՝ դուզը խոսենք», դուք 2011-ից ԿԸՀ նախագահ եք եղել, իսկ երկրի գլխավոր գերագույն հրամանատարն էլ հայտարարում է, որ միայն 2018-ի ընտրություններն են եղել լեգիտիմ, ընտրակաշառքներից զերծ, հետեւաբար նախորդ ընտրությունները ո՞նց եք լեգիտիմացրել ու համարել, որ ճիշտ է ամեն ինչ՝ Մուկուչյանը պատասխանեց. «Պետք է նկատի ունենալ, որ ընտրական գործընթացը ընդհանրական մեծ գործընթաց է, որի ժամանակ անելիք ունի ոչ միայն կենտրոնական, տարածքային, տեղական ընտրական հանձնաժողովները, այլ նաեւ գործընթաց է, որին մասնակցում են հազարավոր ընտրողներ, կարող են դրսեւորել ամենատարբեր վարքագիծ: Դուք խոսում եք ԿԸՀ-ի մասին, որը կազմակերպում եւ անցկացնում է ընտրությունները»:

Մենք հիշեցրինք, թե ինչպես էին տարատեսակ ՀԿ-ների ներկայացուցիչներ հայտնվում ընտրատեղամասերում՝ կուսակցություններին սատարող, որոնք նույնիսկ իրենց ՀԿ-ի անունները չգիտեին՝ Մուկուչյանը պատասխանեց. «Երբ որ ՀԿ-ն դիմում է գրում ԿԸՀ-ին, ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով պետք է իրականացնի հավատարմագրում: Հավատարմագրման համար պետք է իրականացնենք շատ պարզ բաներ՝ ստուգում ենք կանոնադրությունը, եթե համապատասխանում է, ապա նա հավատարմագրվում է: Իսկ եթե գնում է ընտրատեղամաս, դրսեւորում է կողմնակալ վերաբերմունք, մեր օրենսդրության մեջ մենք չունենք անգամ հավատարմագրումից զրկելու ինստիտուտ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930