Լրահոս
Օրվա լրահոսը

COVID 19-ը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա չմեկնելու հիմնական պատճառը չէր. Սերգեյ Մարկեդոնով

Հունիս 25,2020 15:05

«Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները երկու մարդու`Փաշինյանի եւ Պուտինի փոխհարաբերություններ են կամ ինչ որ քաղաքական խմբերի»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը`պատասխանելով հարցին`իր կարծիքով ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունիսի 24-ին, չմասնակցեց Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմի 75 ամյակին նվիրված տոնակատարություններին:

Հայ-ռուսական հարաբերությունները քաղաքագետը որակում է ռազմավարական բնույթ ունեցող եւ բավական լուրջ հարաբերություններ, որոնք պայմանավորված չեն եղել ՌԴ-ում եւ ՀՀ-ում իշխանությունների փոփոխությամբ, դրանք առ այսօր պահպանում են հետխորհրդային շրջանում ձեռք բերված բնույթը:

ՀՀ վարչապետի`Մոսկվայում կայացած տոնական շքերթին մասնակցել-չմասնակցելը քաղաքագետը հիմնական խնդիր չի համարում: Նա ուշադրություն է հրավիրում առավել կարեւոր փաստի վրա`շքերթին մասնակցում էր հայկական զինվորական միավորը: «Առաջին դեմքերը գալիս են, գնում են, իսկ ռազմական-ռազմավարական համագործակցությունը մնում է: Դա, ըստ իս, առավել մնայուն արժեք է»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը: Իր գնահատմամբ, թե Ալիեւը, թե Փաշինյանը, եւ թե մյուսները անկախ պետությունների ղեկավարներ են եւ կարող են սեփական օրակարգերը ունենալ:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի Մոսկվա չմեկնելու բուն առիթին, COVID 19-ի համավարակի աստիճանը նա լուրջ, բայց ոչ միակ պատճառն է համարում: Փաշինյանի Մոսկվա չմեկնելու պատճառներից մեկն էլ քաղաքագետը համարում է ներհայաստանյան զարգացումները, մասնավորաբար, ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները: Բայց, քաղաքագետի արձանագրմամբ, հայ-ռուսական հարաբերությունները հունիսի 24-ով չեն ավարտվում:

Ընթացիկ ամառը, առհասարակ, նրա գնահատմամբ, Հայաստանի համար թեժ է ոչ միայն եղանակային առումով, քանի որ տեղի է ունենում հայաստանյան իշխանական լանդշաֆտի վերաֆորմատավորում: Սերգեյ Մարկեդոնովի դիտարկմամբ, «թավշյա հեղափոխության» հաղթանակից ի վեր իշխանության ճյուղերը ղեկավարվում էին մեկ կենտրոնից`այդ հեղափոխությամբ իշխանության եկած ուժի կողմից եւ դա ոչ լավ է, ոչ վատ, տրամաբանությունն է այդպիսին: Միակ անվերահսկելի ճյուղը մնում էր դատական իշխանությունը եւ այդ ուղղությամբ քայլերը սկսվեցին մեկ տարի առաջ`առայժմ իրենց տրամաբանական հանգրվանը գտնելով խորհրդարանի վերջին քվեարկությամբ: «Հիմա մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը նույնպես ներկայացված կլինի այն ճամբարի կողմից, որն իշխանության եկավ 2018-ին: Այստեղ մենք բավական ուշագրավ պահ ենք տեսնում, երբ այն մարդիկ, ովքեր երկու տարի առաջ, տարբեր ժամանակաշրջանում եւ տարբեր պատճառներով սատարում էին թավշյա հեղափոխությանը`ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», այսօր գտնվում են ընդդիմադիր դիրքերում»,- ասաց քաղաքագետը` բավական խորհրդանշական որակելով, որ սահմանադրական փոփոխությունների եւ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին խորհրդարանում քվեարկեց միայն իշխող ուժը:

Ռուս քաղաքագետի գնահատմամբ, ի դեմս «Հայրենիք», ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների՝ կոնտրընդդիմադիր դաշտ է ստեղծվում իշխանության համար, որն ամբողջովին «նախկիններից» բաղկացած չէ, այլ Նիկոլ Փաշինյանի երբեմնի զինակիցներին է ներառում:

Ինչ վերաբերվում է «նախկիններին», քաղաքագետը ուշադրություն է հրավիրում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան վերջին հանդիպմանը. «Երկու նախկին նախագահները փորձում են դեռեւս խորհրդանշական հարթությունում ցուցադրություններ անել: Հստակ չէ, որ ինչ որ բան նրանց մոտ կստացվի, քանզի ոչ մեկը, ոչ մյուսը հզոր կուսակցական հենարան չունեն. ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք նախագահների թիկունքում են, ցրված վիճակում են»:

«Նախկինների» հնարավորությունները քաղաքագետն այսօր զրոյական է գնահատում: Փոխարենը, իր գնահատմամբ, իշխանությունն ամենալավ վիճակում է, քանի որ դեռ հանրային աջակցություն ունի, դրան գումարած իշխանական լծակները: Քաղաքագետը զգուշացնում է, որ նման վիճակները մշտական չեն կարող լինել եւ ամեն ինչ արագ կարող է օդ ցնդել, ինչպես ժամանակին եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում`վարկանիշի կտրուկ աճ եւ կտրուկ անկում:

Փորձագետը հայաստանյան իրավիճակի բացառիկությունը համարում է այն, որ երբեւէ չի եղել իրավիճակ, երբ երկու նախագահների նկատմամբ հետապնդում իրականացվի եւ կարեւոր է, որ երկու նախկին նախագահները նախկինում, թե քաղաքականապես, թե ֆիզիկապես համատեղ գոյատեւել էն: Հիմա այդ ավանդույթը խախտվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Школа Эффективных Коммуникаций «Репное»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930