Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն կտրամադրվի աշխատանքը կորցրած քաղաքացիներին. կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը

Հունիս 25,2020 14:53

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում  անդրադարձ է կատարվել  Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել  երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման գործընթացի վերաբերյալ: «Երեկ ունեցել ենք վատ իմաստով բացարձակ ռեկորդային թիվ՝ 771 նոր դեպք՝ կատարված 2336 հետազոտությունից։ Տոկոսի առումով նոր դրական դեպքերի թիվը կատարված հետազոտություններից տատանվում է 30 տոկոսի սահմաններում։ Հոսպիտալիզացիայի իրավիճակի առումով մենք ունենք բավական բարվոք վիճակ վերջին մի քանի օրերին՝ կիրակի օրվանից սկսած: Առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ տեղափոխման կարիք ունի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն է  գտնվում տանը, մնացած 49-ը այլ հիվանդանոցներում են:

 Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա, բայց այդ տեղերի ազատվելը և զբաղված լինելը շատ արագ է տեղի ունենում։ Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նույնպես կայուն է. 502՝ ծանր վիճակում, 113՝ ծայրահեղ ծանր։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված այս պահին ունենք 40 քաղաքացի»,- նշել է  նախարարը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեկ հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ. «Ըստ էության՝ արձանագրեցինք, որ այսօր մեր առաջարկած կանոնների 3 գագաթնակետը հենց այն է, ինչն աշխարհում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Խնդիրն այստեղ կարգապահության մեջ է՝ խոսքը դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ ձեռքերը ախտահանելու կանոնների մասին է։ Իհարկե, մեր խնդիրները կարգապահական կանոնները պահպանելու մեջ են, և այս առումով ինչպես հաղորդակցությունը, այնպես էլ վարչական լծակները պիտի գործադրենք», -ասել է վարչապետը։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան ներկայացրել է արտակարգ դրության կանոնների չպահպանման հիման վրա կազմված վարչական արձանագրությունների վիճակագրությունը։ «2020թ. հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից 939 –ը՝ Երևանում: Բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն: Ոստիկանության ծառայողները ծառայություն են  իրականացրել 397 երթուղիներում: Հիմնականում խնդիրներ ունենք բակերում. ծառայությունն այնտեղ ավելի կուժեղացվի»,- ասել է ոստիկանապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջնային ամենակարևոր օջախները բակերն են։ «Մենք պետք է ուշադրություն դարձնենք հատկապես բակային տարածքներին, հատկապես երեկոյան ժամերին, և այս առումով պետական մարմինների ներկայացուցիչները, կամավորները պետք է շատ մեծ աշխատանք կատարեն։ Խնդիրը սահմանված կանոնների պահպանման մեջ է: Դրանում մենք համոզվել ենք փորձագետների հետ քննարկումների, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների, այլ երկրների փորձը հաշվի առնելու արդյունքում:

 Կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել. սիրելի՛ հայրենակիցներ, մենք պետք է հակահամաճարակային կանոնները պահպանենք։ Եթե մենք հակահամաճարակային կանոնները չպահպանեցինք, մեր պրոբլեմները գնալով խորանալու են բոլոր ուղղություններով։ Մենք, իհարկե, պետք է նաև վարչական մեթոդները գործի դնենք, բայց այստեղ ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա, որը մենք մեզնից ենք սկսել։ Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակը որևէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահում ենք հակահամաճարակային կանոնները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը և դրանով սահմանված միանվագ աջակցություն տրամադրելու կարգը: Միջոցառման նպատակն է օժանդակել աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին: Միջոցառման շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թ. հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից  2020 թ. մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Միանվագ աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով: 22-րդ միջոցառումից չեն կարող օգտվել, մասնավորապես,  այն անձինք՝ ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը, ով 2020 թ. հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա:

 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է. «Մի քանի օր առաջ մենք արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրիլին՝ համատարած սահմանափակումների շրջանում, շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է, մայիսին դրանցից 50 հազարը վերականագնվել կամ բացվել է: Արդյունքում մենք արձանագրեցինք, որ մոտավորապես 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք չեն գտել։ Մենք որոշում կայացրեցինք, որ այդ քաղաքացիներին ցուցաբերենք աջակցություն։ Ընդ որում, մենք հույս ունենք, որ աշխատանքի շուկայի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի։  Նաև մեր գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար է շատ կարևոր  այս վիճակագրությունը: Ապրիլին ընթացիկ հաշիվների ուսումնասիրությամբ արձանագրել են, որ ՀՀ տնտեսությունը գահավիժում է և դրա համար որոշեցին տնտեսական գործունեության սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնալ: Եթե այդ որոշումը չկայացվեր, գուցե մայիսի արդյունքներով փակված լիներ ոչ թե 70 հազար այլ 100 կամ 150 հազար աշխատատեղ։ Այս առումով շատ եմ կարևորում այն, որ մենք կարողանանք, ի վիճակի լինենք բոլորով չգնալ լոքդաունի վիճակի, որովհետև դա ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատատեղեր փակվում են դրանից բխող սոցիալական, տնտեսական և այլ հետևանքներով։ Սա նշանակում է նաև, որ կարող է պետական եկամուտների հավաքման առումով խնդիրներն ավելի խորանան, ինչը կնշանակի, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ ամենատարբեր, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով: Այսօր մենք այդ խնդիրը չունենք»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ  աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով, որովհետև 9-րդ միջոցառման ժամանակ շահառուների թիվը մոտավորապես 180 հազար երեխա էր, ինչը նշանակում է մոտավորապես 100 հազարից ավելի շահառու: «Ենթադրվում էր, որ այդ մարդկանց մեծ մասը չունի բանկային քարտ և այլն: Կանխիկով տրամադրվեց բանկային համակարգում և այդտեղ էլ կար շատ հստակ խնդիր. ի՞նչ անել նրանց աջակցելու համար՝ իմանալով, որ դրանով նրանց շարժունակությունը ավելացնում ենք: Այսինքն՝ մարդը պետք է գնա ինչ-որ տեղ փող ստանա, հերթ կանգնելու պրոբլեմի առաջ կանգնի և այլն, թե ասել, որ քանի որ կորոնավիրուս է՝ այդ մարդկանց ոչ մի բանով չենք օգնում՝ վարակի տարածման շարժունակությանը չնպաստելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը և նշել, որ սոցիալական ծանր վիճակը հաշվի առնելով՝ որոշել են, որ պետք է օգնություն ցուցաբերեն։

Վարչապետի խոսքով, քանի որ քաղաքացիները հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահելու սիրահար չեն, արդյունքում ունեցանք նաև համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում: «Իմիջիայլոց հերթ կանգնելու խնդիրը մինչև հիմա որևէ համակարգում լուծված չէ։ Եթե փոստային բաժանմունքների, բանկերի ներսում հարցը լուծված է, ապա դրսում չի լուծվում՝ նույնիսկ այն պարագայում, երբ գծանշումներ են արվում։ Եթե ակտիվություն է ցուցաբերվում, ֆլեշմոբեր են լինում, 1 օր այդ հարցը լուծվում է, գծանշումներ են հայտնվում: Այսինքն՝ երբ ցուցադրական մասի պոտենցիալ կա, ամեն ինչ նորմալ է։ Հարյուրավոր ահազանգերից հետո հայտնվում են հազարավոր օրինակներ, թե ինչպես են բոլորը բոլոր տեղերում շատ օրինակելի հերթ կանգնում։ Այդ օրն անցնում է, ակտիվությունը նվազում է՝ հաջորդ օրվանից մենք ունենում ենք գործնականում նույն վիճակը ամեն օր, ամեն տեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները

Կառավարությունը պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով կատարել է վերաբաշխում  2020 թ. պետբյուջեում և   փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Մ – 3, Թուրքիայի սահման – Մարգարա –Վանաձոր – Տաշիր – Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացնել 1,732,805.2 հազար ՀՀ դրամ, իսկ  Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման  հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 434,645.0 հազար ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ  գործազրկության հետ կապված խնդիրը լուծելու կարևորագույն գործիքներից են նաև կապիտալ ծախսերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այդ առումով իրավիճակը վատ չէ, ամեն ինչ արդեն հունի մեջ է ընկնում: «Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք միջոցներ ձեռնարկեցինք այլ տեխհսկող ներգրավելու:

 Պարզապես կուզեմ նշել, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ դրամ ծախսերից զատ, այս որոշումը հաստատելուց հետո,   այսօրվա դրությամբ մենք կունենանք շուրջ 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ մեր կողմից հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործման համար»,-ասել է նախարարը:

Առողջապահական ԲԿ-ի շենք շինությունները կօտարվեն մրցույթով. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում

Գործադիրի որոշմամբ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով  շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի մրցույթով: Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ և հողամաս ու փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։ Գույքը նախատեսվում է օտարել մրցույթով՝  նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  1 333 763 159 ՀՀ դրամ։

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Սա, ըստ էության, մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է, որովհետև երրորդ ուղղությունը, այսպես ասած, ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է՝ ընդ որում, ծրագրով, որ  այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու»:

Այլ որոշումներ. արտոնություն է տրվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունը բավարարել է «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում) (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 254.3 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ:

Գործադիրը հավանություն է տվել 2020 թ. մայիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 14 փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ այդմ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 7 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: Ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար: Լրացուցիչ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930