«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրին պատուհասած համավարակի պայմաններում յուրաքանչյուր առողջ դատողություն ունեցող անձի մոտ կարող է և պետք է ձևավորվի ողջամիտ տպավորություն, որ ստեղծված ծանր ու վտանգավոր պայմաններում իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը պետք է բացառապես ուղղված լինեն միայն այդ սպառնալիքի չեզոքացմանն ու դրա հասցրած ծանր հետևանքների հաղթահարմանը։
Վարակվածության ահագնացող տեմպերի ու մարդկային ավելացող կորուստների պայմաններում տրամաբանության ու ողջամտության սահմաններում գտնվող ցանկացած իշխանություն պետք է մտածի միայն մեկ ուղղությամբ․ ինչպես հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Դա են հուշում առողջ տրամաբանությունն ու տարբեր երկրների կառավարությունների գործելաոճը։ Բայց արի ու տես, որ Հայաստանում անգամ այս դեպքում ունենք աննախադեպ տարբերվող իրավիճակ։
Չանսալով հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների կողմից հնչեցված հորդորներին՝ ձեռնպահ մնալու այս ծանր իրավիճակում բնակչության հարկային բեռն ավելացնելուն ուղղված քայլերից, Կառավարությունը հունիսի 12-ին, երբ երկրում մոլեգնում էր համաճարակը, իսկ միայն մեկ օրում գրանցված մահվան դեպքերը հասնում մոտ երկու տասնյակի, Ազգային ժողով է ներկայացնում անշարժ գույքի հարկի ավելացմանն ուղղված իր օրենսդրական նախաձեռնությունը։ Ու ոչ միայն ներկայացնում է, այլ նաև այն համարում է անհետաձգելի և հրատապ քննարկման ենթակա՝ այն ընդգրկելով հունիսի 24-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Արդյոք այսօր երկրում կա՞ ավելի անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող խնդիր, քան համավարակի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իշխանության կողմից իրականության զգացողության կորստի պերճախոս վկայություն։ Չեմ ուզում քննարկել գույքահարկի բարձրացման տնտեսական ու սոցիալական հիմնավորվածությունն ու արդարացվածությունը, ինչը շատ խնդրահարույց ու վիճահարույց է։ Սակայն մեկ բան աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում իշխանությունը ոչ միայն պետք է ձեռնպահ մնա բնակչության ֆինանսական բեռի ավելացմանն ուղղված ցանկացած քայլից, այլև պետական աջակցության տարբեր գործիքներ կիրառի ստեղծված վիճակը հաղթահարելու ուղղությամբ։ Ի դեպ, այս պարագայում արդեն երկրորդական է դառնում այն հարցը, թե ի՞նչ չափով ու ինչպե՞ս է բարձրացվելու գույքահարկը։ Դրանից ավելի կարևոր է իշխանության մոտեցումը և սոցիալական ծանր պայմաններում հայտնված բնակչությանն այդ քայլով ուղղված մեսիջը։
Կարդացեք նաև
P.S. Ի դեպ, հենց այդ նույն օրը, երբ Հայաստանում իշխանությունը հանդես էր գալիս գույքահարկի բարձրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ, Գերմանիայի կառավարությունը որոշում կայացրեց մինչև 2021 թվականը նվազեցնել ավելացված արժեքի դրույքաչափը՝ 19 տոկոսի փոխարեն սահմանելով 16 տոկոս։ Եվ որ ամենակարևորն է, դա արեց առանց սիրում եմ ձեզ, հպարտանում եմ բոլորովդ ու խոնարհվում եմ բոլորիդ առաջ սրտաճմլիկ արտահայտությունների զուգակցման։ Ի դեպ, սա այն դեպքում, երբ համաձայն տարբեր փորձագիտական գնահատականների, Գերմանիան համաճարակից համեմատաբար ավելի քիչ տուժած երկրներից է»։