«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկում է միաձայն, խոսում են միանման ու մտածում են միակերպ։ Անկեղծության համար պետք է նշենք, որ նախորդ տարիներին, գուցե բացառությամբ առաջին գումարման խորհրդարանում, նույնպես նման երևույթներ էինք դիտարկում, սակայն ոչ այս կարգի «կարգապահության» դրսևորումներով։ Հատկապես զարմանալի է, որ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը հիշեցնող պահելակերպը ցուցադրում է մի քաղաքական կազմակերպություն, որի անդամների մեծ մասը կուսակցական չի եղել, իրենց համարում են ըմբոստներ ու հեղափոխականներ, իրենց հիմնական նպատակը «ժողովրդի» շահն է, որի տեսակետները «ներկայացնում» են։ Փաստորեն, «ժողովուրդն» ունի մեկ տեսակետ, մեկ շահ, մեկ կարծիք։ Պարզ է, որ մենք գործ ունենք մի ֆենոմենի հետ, որը ոչ միայն ԽՄԿԿ-ին կամ ՔՊԿ-ին է բնորոշ։
Ինչու են ՔՊ-ականներն միմյանց այդքան «նման»։ Գուցե նրանք բոլորը գաղափարակիր են, սակայն ՔՊ-ի առաջնորդը հայտարարել է, որ իրենք չունեն «իզմեր», այսինքն չունեն գաղափարախոսություն։ Կամ գուցե բոլորի վրա կան կոմպրոմատներ, ըստ հայկական կուսակցական հին ավանդույթների, սակայն դա էլ է քիչ հավանական, բոլորի վրա հնարավոր չէ այդքան «գործ» հավաքել։ Իսկ գուցե պարգևավճարներն են իրենց դերը կատարում՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն», սակայն հաշվի առնելով անգամ փողի միստիկական ազդեցությունը՝ այնուամենայնիվ, ոչ բոլոր պատգամավորների համար է դա վճռական։ Գուցե այդ մարդկանց կյանքի միակ շանսը Նիկոլ Փաշինյանն է, որի օգնությամբ կարող են կարևորել իրենք իրենց, ունենալ հանրային դիրք, սակայն այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ, կարծես թե ոչ բոլորն են այդքան անընդունակ ու անհաջողակ։ Ընդունելով, որ վերը նշված տարրերից յուրաքանչյուրը կարևոր է, իսկ ոմանց համար գուցե վճռորոշ՝ միաձայն քվեարկելու համար, սակայն, դա բավարար չէ․ այստեղ գուցե կան նաև սոցիալ–հոգեբանական պատճառներ։
Միլգրեմի սոցիալական էքսպերիմենտը
Սթենլի Միլգրեմը Յելի և Հարվարդի համալսարաններում դասավանդել է «սոցիալական հոգեբանություն» առարկան, այնուհետ Նյու Յորքի քաղաքային համալսարանի պատվավոր պրոֆեսոր է եղել։ Նրան մեծ հռչակ է բերել «Հեղինակություններին ենթարկվելու» վերաբերյալ արդեն դասական դարձած սոցիալական էքսպերիմենտը։
Կարդացեք նաև
Էքսպերիմենտի նպատակն է եղել բացահայտել, թե որքանով են մարդիկ ենթարկվում իրենց համար հեղինակություն համարվող անձի հրահանգներին՝ առանց հաշվի առնելու դրանց հետևանքները։
Նշենք, որ սկզբնական շրջանում փորձարկումը ցանկանում էին անցկացնել Գերմանիայում, որպեսզի հասկանան, թե նացիստների ժամանակ ինչպես էին մարդիկ ենթարկվում տիրող մթնոլորտին ու անպաշտպան մարդկանց հանդեպ իրականացնում կտտանքներ, սակայն առաջին իսկ փորձերից հետո պարզվել է, որ Գերմանիա գնալ պետք չէ, արդյունքները նույնն են Ամերիկայում, իսկ հետագայում նույն պատկերն է եղել Լեհաստանում և այլ երկրներում։ Փորձարկման մասին տեսաֆիլմը կարելի է դիտել այստեղ:
Փորձարկումների բովանդակությունը
Փորձարկման մասնակիցներին դրա նպատակը բացատրում էին որպես հիշողության վրա ցավի ունեցած ազդեցության բացահայտման համար գիտափորձ։
Փորձին մասնակցում էին փորձարկողը, փորձարկվողը («ուսուցիչը») և դերասանը («աշակերտը»)։
Փորձի իմաստը հետևյալն է՝ «աշակերտին» տալիս են բառերի երկար ցուցակ և դրանց բացատրությունը, որը պետք է արագ հիշի, որից հետո «ուսուցիչը» հերթականությամբ նրա համար կարդում է բառերը և տալիս հնարավոր 4 պատասխաններ։ Սխալ պատասխանի դեպքում միացնում է էլեկտրաշոկը և ամեն անգամ սխալ պատասխանից հետո ավելի ուժգին հոսանք է հաղորդվում «աշակերտին»։ «Ուսուցիչը» տեղյակ չի լինում, որ «աշակերտն» իրականում դերասան է և «հոսանքահարման» հետևանքով ցավերն իրականում իմիտացիա են, նրա համար այդ ամենն իրական է։ Հոսանքի ուժգնությունը կոճակների վրա գրված է «թույլ», «միջին», «ուժեղ», «չափազանց ուժեղ», «ահավոր ուժեղ», «անտանելի» ուժգնություն՝ նշելով հոսանքի ուժգնության միավորը։
Փորձարկման ժամանակ, երբ հոսանքի ուժգնությունը մեծանում էր, «աշակերտը» խնդրում էր այլևս չմիացնել հոսանքը, հետո բղավում էր, հետո լաց լինում, հետո աղերսում, հետո պահանջում դադարեցնել փորձարկումը՝ բողոքելով սրտի ցավերից, հետո ուշագնաց լինում, հետո, միգուցե, անգամ «մահանում»։ Սակայն ամեն անգամ, երբ «ուսուցիչը» խղճահարությունից ելնելով փորձում էր չսեղմել կոճակը, փորձարկողը նրանից պահանջում էր շարունակել փորձարկումը և սեղմել էլեկտրականության հաղորդման համար նախատեսված կոճակը։
Փորձարկման արդյունքը
Միլգրեմի փորձարկման ժամանակ 40 մասնակցից 26-ը (65 %) չեն խղճացել «զոհին» և գնացել են մինչև վերջ՝ սեղմելով 450 վոլտ ուժգնության կոճակը (բնականաբար, դա իմիտացիա էր, որի մասին փորձարկվողը չգիտեր), մինչև որ փորձարկողը չի դադարեցրել փորձը։ Հինգ մարդ (12,5 %) սեղմելով 360 վոլտանոց կոճակը կանգ է առել՝ անսալով փորձարկողի հրահանգներին շարունակել այն, ևս 4 մարդ (10 %) կանգ է առել 315 վոլտը սեղմելուց հետո, ևս 2 մարդ (5 %) հրաժարվել է մասնակցել փորձին 300 վոլտին հասնելուց հետո, երբ «աշակերտը դադարել է կենդանության նշույլներ ցույց տալ, մեկական մարդ (համապատասխանաբար 345, 360 և 375 վոլտի մակարդակին հասնելով) հրաժարվել է սեղմել կոճակը։ Ամեն անգամ, երբ փորձարկողները ցանկանում էին հրաժարվել փորձարկումից, փորձարկողը հետևյալ խոսքերով էր հրահանգներ տալիս՝
- խնդրում եմ՝ շարունակեք,
- էքսպերիմենտը պահանջում է, որ շարունակեք,
- բացարձակապես անհրաժեշտ է, որ շարունակեք,
- դուք այլ ելք չունեք, պետք է շարունակեք։
Մասնակիցները սովորական մարդիկ էին, որոնք սադիստական հակումներ չունեին։ Փորձարկումը ցույց է տվել, որ մասնակիցների սեռը էական չէր արդյունքի համար, կանայք իրենց պահում էին այնպես, ինչպես տղամարդ «ուսուցիչները»։
Փորձարկման ժամանակ «ուսուցչի» համար փորձարկողը հեղինակություն էր, ներկայացնում էր գիտական ինստիտուտ և նրա հրահանգները հեղինակավոր էին։
Ըստ Միլգրեմի՝ «փորձարկումը ցույց է տվել, որ ամբողջովին նորմալ, չափահաս մարդիկ պատրաստակամ են իրենց գործողություններով գնալ բավականին հեռու իրենց համար հեղինակություն հանդիսացող անձի հրահանգները կատարելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» սոցիալական էքսպերիմենտը
Միլգրեմի էքսպերիմենը շարունակվել է տարբեր վարիացիաներով։ Օրինակ, երբ աշակերտի կողքին մեկ այլ «աշակերտ» է լինում (նույնպես դերասան), ով սկսում է խղճալ զոհին, ապա այդ դեպքում փորձարկվողը հրաժարվում է կատարել փորձարկողի հրահանգները կամ երբ զոհը լինում է անմիջապես նրանց կողքին և տեսնում են նրա տառապանքները։ Փորձարկման վարիացիաները հետագայում շատ են եղել։
Հիմա վերադառնանք խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությանը։ Բոլորի համար պարզ է, որ կառավարությունն այնպիսի օրենսդրական ակտեր է բերում խորհրդարան, որոնք ակնհայտորեն հակասահմանադրական են ու հետագայում դրանց համար կարող են պատասխանատվության ենթարկվել։ Իրենց խոսքերն և գործողությունները հաճախ քրեական օրենսգրքով պատիժներ են սահմանում՝ սպառնալիքներ, վիրավորանքներ, ծեծ և այլն։ Որքա՞ն հեռու կարող են գնալ «Իմ քայլի» պատգամավորները։ Ասենք՝ կարո՞ղ են քվեարկել Արցախի հարցում զիջողական մի որևէ նախագծի տակ կամ քվեարկել այնպիսի օրինագծի տակ, որը զանգվածային բռնությունների պատճառ կարող է հանդիսանալ։ Սրանք հարցեր են, որոնք այսօր, ցավոք, դարձել են խիստ արդիական։ «Իմ քայլը», հաշվի առնելով արդեն եղած փորձը, կարող է հետևել իր համար հեղինակություն համարվող անձի հրահանգներին՝ առանց գիտակցելու դրանց հետևանքներն ու պատասխանատվության աստիճանը։ Սա արդեն գիտափորձ չէ, այլ իրականություն։
Միլգրեմի գիտափորձի գիտական նկարագրության մեջ այն հետևությանն են հանգում, որ դեստրուկտիվ բյուրոկրատական համակարգերում խելացի մենեջերը կարող է այնպես ընտրել իր կադրերին, որպեսզի բռնություն կիրառեն ամենաբութ և ամենաանսիրտ մարդիկ, իսկ մնացած պերսոնալը, որը հեռու է ուժի կիրառման ակտերից, չունենա հոգեբանական անհարմարություններ՝ կատարելու մնացած օգտակար աշխատանքը։ Պատասխանատվության զգացումից նրանք ձերբազատված են, որովհետև կատարում են օրինական հեղինակության հրահանգները, երկրորդը՝ իրենք անձամբ չեն մասնակցում գործի «կեղտոտ» հատվածին։ Բնականաբար, փորձառու մենեջերին պետք է համընդհանուր հավանության մթնոլորտի իմիտացիա ստեղծել, դրա համար պետք են նաև ֆեյքերի բանակները, որոնք հանրային կարծիք ստեղծեն, ինչպես նաև «առաջամարտիկները»՝ ըստ քիչ առաջ նկարագրածի։
Միլգրեմի գիտափորձը ցույց է տալիս, որ հասուն, նորմալ անձանցից շատերը հակում ունեն հետևել իրենց հեղինակություններին և կատարել այնպիսի գործողություններ, որոնք «սթափ» վիճակում երբեք չէին կատարի, և դա պետք է լավ հասկանալ այսօրվա քաղաքական իրողությունները լավ գիտակցելու համար։
Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ