Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։
Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը։
Նա «Gazete Kars» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այս պահին միայն հիմքերը մնացած կամուրջի վերանորոգման համար Թուրքիայի ցամաքային ճանապարհների Կարսի 18-րդ վարչությունը մրցույթ է կազմակերպում և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։
Արսլանը նշել է, որ Անիի ավերակները իրենց համար շատ կարևոր են, քանի որ 1064 թ․-ին Անին եղել է Ալփարսլան սուլթան 1-ին կանգառը «Անատոլիայում»։
Կարդացեք նաև
«Անիի կարևոր առանձնահատկություններից մեկը Մետաքսի ճանապարհի վրա գտնվելն է։ Աստծո կամքով ցամաքային ճանապարհների գլխավոր վարչությունը Մետաքսի ճանապարհը եզրափակող ու Հայաստանի ու Թուրքիայի սահմանը գծող Ախուրյանի վրա գտնվող այս պատմական կամուրջը կվերկառուցի այնպես, ինչպես վերաշինել է մյուս պատմական կամուրջները։ Աշխատանքները շուտով կմեկնարկեն» ասել է թուրք պատգամավորը։
Պատգամավորը, սակայն, կամուրջի վերականգնման մասին այլ մանրամասներ չի հաղորդել, հատկապես այն հարցում, թե արդյոք Հայաստանի հետ որևէ համաձայնություն ձեռք բերվել է այդ հարցում, քանի որ կամուրջի 2 հենարաններից (ոտքերից) մեկը գտնվում է Ախուրյանի՝ Հայաստանյան ափին։
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում կամուրջը վերականգնելու մասին տեղեկություններ են շրջանառվել նաև 2010-ին։ Այն ժամանակ հաղորդվում էր նաև, որ Թուրքիայից պատվիրակություն է գործուղվել Հայաստան, որը տեղում համաձայնություն է ձեռք բերել հայկական կողմի հետ այս հարցում։