Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կասեցվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ հիմնադրամի վերակազմակերպելու գործընթացը, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:
Մասնավորապես՝ ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը նշել էր, որ տեղյակ չեն, թե ինչ պատճառով է գործընթացը կասեցվել, իսկ ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կարծիք էր հայտնել, որ այդպիսով հույս ունեն ապօրինաբար ռեկտոր «անցկացնել»:
«Պետական ոչ առեւտրային կազմակերպության մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է, որ պետական կազմակերպության հիմնադիրը ունի պետական կազմակերպության գործունեությանը եւ կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հիմնադրի բացառիկ լիազորություններից են պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը եւ դրանում փոփոխություններ կատարելը, պետական կազմակերպության վերակազմակերպումը եւ լուծարումը:
Նույն օրենքի համաձայն՝ լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը եւ պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:
Կարդացեք նաև
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ոչ առեւտրային կազմակերպությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու որոշման նախագիծը ՀՀ կառավարությունում, այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման արդյունքում հանվել է շրջանառությունից 2019 թ դեկտեմբերին»,-պատասխանեց ԿԳՄՍ փոխնախարարը:
Ի դեպ, ՀՊՏՀ ՊՈԱԿ-ի՝ հիմնադրամ դառնալու դեպքում, ռեկտորի թեկնածուների թիվը կարող էր աճել, որովհետեւ նոր կանոնադրությամբ հանվելու էր գիտությունների դոկտորի աստիճան ունենալու պահանջը, նաեւ այլ փոփոխություններ էին լինելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ