Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, ամեն ինչն ավարտվի, մենք էլ կարող ենք ստեղծել». Նարեկ Զեյնալյանը՝ ԲՀԿ-ի քայլի մասին

Հունիս 25,2020 14:09

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նախաձեռնություն են մշակել, որով արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկների կառավարումը եւս պետք է անցնի կառավարությանը: ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե մասնավոր բուժհաստատությունների հետ քննարկում եղե՞լ է, ինչպե՞ս դա կազդի բուժծառայությունների վրա՝ պատասխանեց, որ դեռ նախագիծն ԱԺ չի եկել. «Մանրամասներին ծանոթ չեմ: Նախագիծը կգա, կհասկանանք ինչ մեխանիզմ է դրված, ինչպես պետք է իրականացվի՝ կառավարման փոխանցումից սկսած, ենթադրելի փոխհատուցումից վերջացրած, ըստ այդմ կորոշենք մասնավորի հետ քննարկման ֆորմատը եւ դիրքորոշում կհայտնենք; Նախագիծը կազմել է ԱՆ-ն, դեռ քննարկումներ այդ մասով չեն եղել»:

Զեյնալյանն ասաց, որ նախագիծը միտված է ավելի կառավարելի դարձնելու առողջապահական համակարգը, որպեսզի մեկ կենտրոնից կառավարվի:

Հարցին՝ ԲՀԿ-ն ցանկանում է կորոնավիրուսի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել, դուք կողմ կլինե՞ք, որ այդ հանձնաժողովը ստեղծվի եւ պարզվի՝ արդյունավե՞տ են եղել կիրառված գործիքները, որքան գումար է ծախսվել եւ այլն՝ Զեյնալյանը պատասխանեց. «Այս պահին ժամանակը չէ քննիչ հանձնաժողով ստեղծելու: Այս պահին գործելու ժամանակն է: Այս ամեն ինչը ավարտվի, մենք էլ կարող ենք ստեղծել: Այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խոսք լինել չի կարող»:

Անդրադառնալով կորոնավիրուսի ավելացող թվերին՝ Զեյնալյանն ասաց, որ դեռ պիկին չենք հասել՝ վերլուծելով այդ թվերը, կարեւոր է կոնտակտավորների հայտնաբերումը, նրանց մեկուսացումը. «Քանի դեռ թեստավորումն ավելանում է ու դրանց մեջ դրական դեպքերի թիվն ավելանում է, պետք է այնպես անել, որ անձինք չմնան, ովքեր վարակակիր են եւ հայտնաբերված չեն: Պետք է հնարավոր լինի շղթան կոտրել, միաժամանակ կարեւոր է նաեւ բնակչության զգոնությունը»:

Կորոնավիրուսի վարակակիրների ռեկորդային թվերից, ըստ Զեյնալյանի, պետք չէ վախենալ, որովհետեւ դա կախված է թեստավորվողների քանակից, սա նշանակում է, որ հայտնաբերվում են վարակակիրներն ու պատշաճ վերահսկողություն են իրականացնում՝ ցուցաբերելով պատշաճ բուժօգնություն. «Եթե վերցնում ենք տոկոսային հարաբերակցությունը արված թեստերի եւ դրական հայտնաբերվածների, ցածր թվերը դրականի մասին չեն խոսում, սա նշանակում է, որ մենք ունենք վարակակիրներ, որոնց չենք հայտնաբերում: Իսկ բարձր թվերը նշանակում են հակառակը՝ մենք հայտնաբերում ենք նրանց»:

Նարեկ Զեյնալյանը նաեւ ասաց, որ երեկվանից շրջանառության մեջ են նաեւ հայկական արտադրության թեստերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930