Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ովքեր ասում էին՝ կորոնավիրուս չկա, նրանց մի մասը սպասում է հոսպիտալացման, կահազանգեն՝ բա ինչո՞ւ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք, դրա՞ համար»

Հունիս 25,2020 13:17

«Կորոնավիրուսի թեմայով շարունակվում է հիբրիդային պատերազմը՝ ապատեղեկատվություն տարածելու միջոցով»,-այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին, եւ նշելով, որ քաղաքացիներն էլ կանոնները չեն պահպանում, օրինակ՝ բանկերի կամ խանութներում պատշաճ հերթ չեն պահում եւ այլն:

Վարչապետի խոսքով. «Ես տեսնում եմ, որ նույնիսկ սոցիալական ցանցերում տարածվող այսպիսի գրառումներ ՝ կառավարությունը կորոնավիրուսից օգտվելով ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք, սրանով նրանք նպատակ ունեն մեր ազգային ինքնությունը արմատախիլ անել։ Ասենք այդ երբվանի՞ց է փողոցում հանդիպելն ու համբուրվելով բարեւելը դարձել մեր ազգային ինքնագիտակցության մաս։ Ասենք՝ Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են՝ սենց բարեւել, գրկել, փաթաթվել ու համբուրվել են, հա՞, կամ Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը: Այդպիսի պատմական տվյալների ես չեմ տիրապետում:

Ոնց որ թե մեր հաջորդ սխալն այն է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կարգից տեղեկատվության կարգավորումների մասին դրույթը հանվեց՝ նաեւ տուրք տալով ահազանգերին, որ վայ, մարդու իրավունքները ոտնահարում ենք։ Դե չենք ոտնահարում հիմա, ով, ինչ ուզում ասում է։ Մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մյուսն ասում է՝ չիպ են դնում, մյուսն ասում է ամենաաբսուրդ բաները՝ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ գեյերի ժողով է, մի տեղ նատուրալների ժողով է, մի տեղ՝ հակահայկական ուժերի ժողով է, այն մյուս տեղերում պրոթուրքական ուժերի ժողով է։ Այսինքն՝ էս կորոնավիրուսի շրջանում կառավարությունը բոլոր գործերը թողել էր և բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական հնարավոր ժողովներ կար, որ չէր կարողանում իրականացնել, կորոնավիրուսի պայմաններում այդ բոլոր ժողովներն իրականացրեցին, որոշումները կայացված են, և բոլորը գոհ են: Այսինքն` այս խնդիրը կա եւ առերեսվում ենք դրան»:

Վարչապետի խոսքերով՝ վատ լուր էլ կա, եւ դա այն է, որ մարդիկ, որոնք նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում. «Ամեն օր, ովքեր այդ լուրերը տարածում էին, այդ հայտնի շրջանակներում, հիմա ալիքաձեւ այդ շրջանակներում տարածվում է։ Ես չեմ կարող բժշկական տվյալներ հրապարակել, բայց այդ մարդկանց մի մասը իր մասին հրապարակում է, մի մասը՝ ոչ, հարիր չէ իրենց, չեն ուզում խոստովանել, որ իրենք վարակվել են։ Բայց մենք գիտենք, այն մարդիկ են, ովքեր քարոզ էին անում, որ կորոնավիրուս չկա, մի մասը հոսպիտալացված են, մի մասը սպասում են հոսպիտալացման, կահազանգեն՝ բա ինչո՞ւ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք, դրա՞ համար։ Մի մասը գնում թաքուն տեղերում են հոսպիտալացվում՝ շրջապատից թաքցնելով, որ իրենք կորոնավիրուսով հիվանդ են: Եվ այսպես շարունակ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930