Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ելույթի ժամանակ տեղափոխվեցի հոկտեմբերի 27». Փաշինյանը՝ քաղաքական դիակների եւ «գարշահոտության» մասին

Հունիս 25,2020 13:07

«Խոսում եք խոսքի ազատության սահմանափակումներից: Երրորդ հանրապետության պատմության մեջ ցույց տվեք մի իրավիճակ, երբ 3-4, եթե ոչ՝ 4-5 հեռուստաալիքով առավոտից իրիկուն որքան քաղաքական դիակ կա (կներեք արտահայտության համար)՝ գարշահոտություն է տարածում երկրով մեկ»,-ԱԺ նիստում այսօր 2019թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իշխանությունը ճնշում է ընդդիմադիր լրատվամիջոցներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Մարուքյանի ահազանգին այն մասին, որ ՏՄՊՊՀ-ն թերթերից գովազդների մասին տվյալներ է պահանջում, Փաշինյանը նշեց, որ այս պահին չի կարող պարզաբանում տալ. «Եթե կարիք կա, համապատասխան մարմինները կպարզաբանեն առաջիկայում: Ձեր ելույթի ժամանակ ես տեղափոխվեցի հոկտեմբերի 27…գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե սխալվեմ, բայց այդ ժամանակ ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը՝ կենտրոնում դիակ: Մինչեւ հիմա էլ առեղծված է, թե ինչպես այդ օրն այդ նկարը լույս տեսավ այդ թերթում»:

Թե ինչպես է այսօր խոսքի ազատությունն օգտագործվում ՀՀ-ում, Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ որոշ ժամանակ առաջ հանվեցին կորոնավիրուսի պայմաններում ավելի վաղ սահմանված տեղեկատվական արգելքները. «Եվ ի՞նչ սկսվեց դրա արդյունքում: Այսօրվա իրավիճակի կարեւոր պատճառներից է դա: Այ դա ենք սխալ արել՝ ձեր եւ ժողովրդավարական կառույցների հորդորներով, եւ այդ մամուլն ու սոցցանցերի ազատությունն այսօր մարդկանց մղում են մահվան՝ այդ գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ: Նրանք համարում են, որ որքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով եւ մահանա, իրենք այնքան բարձր հնարավորություն կունենան խոսելու»:

Փաշինյանը հավելեց. «ՀՀ-ում կուսակցություններն ու ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ, որպեսզի նախկին նախագահներն իրենց թալանած փողերով չֆինանսավորեն «ֆեյքերի» դասակներ եւ գումարտակներ՝ ՀՀ-ի հանդեպ հիբրիդային պատերազմ մղելու համար: Չհասկացա՝ ինչո՞ւ պետք է կառավարությունը լինի թափանցիկ, իսկ մյուսները՝ ոչ: Այս ամբիոնից «ֆեյքերի» մասին խոսում են նրանք, ովքեր աշխատավարձով «ֆեյքերի» բանակ են պահում, եւ դա ԱԺ պատգամավորի կողմից է ղեկավարվում: Ժողովրդավարությունն ամենաթողությունը չէ, ժողովրդավարությունը չի կարող մնալ պատգամավորներին «ղազագիր» գրել տվող կուսակցությունների հույսին»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930