Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսին փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ»

Հունիս 25,2020 12:25

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը: Նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած քաղաքացիներին:

Ըստ նախագծի, միջոցառման շահառուներ են այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ ( որոշ բացառություններ կան) 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի: Այս աջակցությունը միանվագ է՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մի քանի օր առաջ մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է, սակայն մայիսին դրանից 50 հազարը վերականգնվել է կամ բացվել է»:

Ըստ վարչապետի, արձանագրել են, որ 20 հազար քաղաքացի կա, որ կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել է եւ նոր աշխատանք չի գտել. «Ապրիլին արդեն արձանագրում էինք, որ տնտեսությունը գահավիժում է եւ ինչքան էլ ծանր լիներ, մենք որոշեցինք, որ տնտեսական սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնանք: Եթե այդ որոշումը չկայացնեինք, գուցե մայիսի արդյունքներով արդեն փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 150 հազար աշխատատեղ: Կարեւոր է, որ կարողանանք ի վիճակի լինեն չվերադառնալ լոքդաունի, որովհետեւ դա հանգեցնում է տասնյակ հազարավոր աշխատատեղերի փակման՝ իրենց տնտեսական ու սոցիալական հետեւանքներով: Դա նշանակում է, որ նաեւ հարկերի հավաքագրման առումով խնդիրները խորանալ,ինչը կնշանակի, որ խնդիրներ կարող ենք ունենալ, այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930