Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրականացնում են հավասար մրցակցության համա՞ր. բոլոր դաշտերը կարգավորել են՝ անցել մամուլի դաշտը «կարգավորելուն». «Հրապարակ»

Հունիս 25,2020 12:04
lurer

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը որոշել է պատմության մեջ մնալ որպես մամուլի դեմ արշավ սկսած ՏՄՊՊՀ նախագահ։ Այս օրերին ՏՄՊՊՀ-ն իբրեւ թե ուսումնասիրություն է սկսել՝ լրատվական դաշտում գովազդի քաղաքականության հետ կապված։

Ընդ որում, հայտարարում են, թե մեզ համար են անում, ու մեզնից պահանջում են այնպիսի տվյալներ, որոնք առեւտրային գաղտնիք են պարունակում։ Ասենք, օրինակ, Գուգլ անալիտիկի տվյալներ, որոնք միայն ներքին օգտագործման են, կամ՝ գովազդային գնային եւ զեղչային քաղաքականության մանրամասները, կամ՝ բոլոր գովազդային պայմանագրերի պատճենները եւ գովազդատուին ընտրելու չափանիշները։ Մի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն որոշել է սողոսկել լրատվամիջոցների ներքին խոհանոցը, բնականաբար՝ ոչ սեփական նախաձեռնությամբ։ Ակնհայտ է, որ այս ամենի հետեւում մամուլի մրցակից ու արդեն, կարելի է ասել՝ մամուլի թշնամի, մեր երբեմնի գործընկեր Նիկոլ Փաշինյանն է կանգնած, որը մեր մրցակիցն է՝ սեփական լրատվամիջոցն ունի եւ որոշել է հասկանալ, թե ինչպես ամբողջ գովազդն ուղղել դեպի սեփական լրատվամիջոցը եւ ինչպես չեզոքացնել մրցակիցներին։ Եվ Գեղամ Գեւորգյանի ղեկավարած կառույցը, ինչպես բոլոր պետական կառույցները, զբաղված են վարչապետի շահերը սպասարկելով։

Այս «ուսումնասիրության» հետ կապված նամակներ լրատվամիջոցները ստացել էին արտակարգ դրությունից առաջ, ապա կորոնավիրուսն ընդհատել էր գործընթացը, հիմա ՏՄՊՊՀ-ն վերադարձել է իրեն տրված հանձնարարությանը եւ կրկին սպառնալից նամակներ է ուղղում լրատվամիջոցներին, թե իր ուզած տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում կենթարկեն պատասխանատվության։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանից երեկ հետաքրքրվեցինք, թե  ով է որոշել լրատվամիջոցներից նման տվյալներ պահանջել՝ իրենց հանձնաժողո՞վը, թե՞ քաղաքական որոշում է։ «Ոչ մի քաղաքական որոշում կապ չունի․ ՏՄՊՊՀ-ն՝ մենք մեդիա-դաշտում գովազդի շուկայի ուսումնասիրություն ենք կատարում, ոչ միայն լրատվամիջոցները, այլ նաեւ հեռուստատեսությունը, IT-ն, եւ մենք ուսումնասիրում ենք ոչ թե բովանդակային հատվածը, այլ զուտ գովազդի տրամադրման պայմանները։ Սա ավելի շատ ուղղված է հենց լրատվական դաշտի պահանջից․․․ հենց լրատվական դաշտն է էդ պահանջով դիմել, որ մենք ուսումնասիրություն անենք»,- ասաց նա։

– Պարոն Գեւորգյան, մենք՝ որպես լրատվամիջոց, կարո՞ղ ենք մտավախություն ունենալ, որ մեր՝ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են հայտնվել ՏՄՊՊՀ-ից դուրս այլ շրջանակներում, եւ, ըստ այդմ՝ չտրամադրել այդ տեղեկատվությունը ձեզ։

– Դուք ցանկացած բան մտածելու իրավունք ունեք, բայց չտրամադրել չեք կարող, որովհետեւ օրենքով է կարգավորված։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտներն ասեն՝ մենք մտավախություն ունենք եւ տեղեկատվություն չենք տրամադրում, մենք ո՞նց ենք գործ ուսումնասիրելու։ Եվ մեր կառույցն այս տարի արդեն 250 հատ վարույթ է իրականացրել, մի հատ դեպք կարո՞ղ եք ասել, որ մեր կառույցի կողմից հրապարակվել է որեւէ տեղեկատվություն կամ ոչ իրավաչափ ձեւով հայտնվել է որեւէ մարմնում։

– Դուք գիտե՞ք, որ սրանով դառնում եք պատմության մեջ ՏՄՊՊՀ առաջին նախագահը, որը մամուլի դեմ այսպիսի արշավ է իրականացնում․․․

– Մենք մամուլի դեմ արշավ չենք իրականացնում, մենք սա իրականացնում ենք դաշտում հավասար մրցակցության համար։ Ես գործ անում եմ զուտ օրենքի շրջանակներից ելնելով եւ չեմ կարող մտավախություն ունենալ, որ իմ մասին լավ կամ վատ բան կգրեն։

Մենք որեւէ ձեւ չենք ուսումնասիրում, թե դուք ինչ բովանդակությամբ հոդված եք գրում, մենք զուտ ուսումնասիրում ենք, թե էդ գովազդը հասնո՞ւմ է տեղ։ Ընդ որում՝ ձեզանից որեւէ մեկի վրա որեւէ վարույթ չկա։ Պետք է համագործակցենք, ձեզնից պետք է ինֆորմացիա ստանամ, ձեր օգնությունը ստանամ, որ կարողանանք ձեր դաշտը կարգավորել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930