Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Որքան տարիքը բարձրացնում է, այնքան կորոնավիրուսի տարածվածության տեմպն աճում է»

Հունիս 25,2020 11:44

Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը՝ առողջապահության նախարարը, ինչպես մշտապես արվում է վերջերս, ներկայացրեց հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակը: 771 նոր դեպք, եւ ըստ նախարարի, նոր դրական դեպքերի թիվը մնում է նույնը՝ հետազոտությունների 30%-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ 10-15 օր առաջ դրական ախտորոշված ինչ-որ թիվ կար, բայց մենք գիտեինք, որ իրականում վարակակիրների թիվը մի քանի անգամ ավելի է՝ 60 կամ 100 հազար, հիմա այս դրական նոր դեպքերը, այսինքն` սկզբունքորեն, տեսականորեն մենք եթե այդ վիճակագրությունը վերցնենք, կարող ենք մի օրում 50 հազար նոր դեպք ախտորոշենք. «Այս ախտորոշումները որքանով են մեր իմացած թվի շրջանակներում եւ որքան է թիվը մեծանում, այսինքն, վարակի տարածքի եւ ամբողջականության առումով ինչ գնահատական ունենք»:

«Ձեր նկարագրածը մի քիչ այդպես չէ»,-պատասխանեց առողջապահության նախարարը: Պարոն Թորոսյանը մեկնաբանեց՝ եթե բոլորին նույն օրը հետազոտեն, բոլոր վարակակիրներին չեն կարող հայտնաբերել, որովհետեւ վարակված բազմաթիվ քաղաքացիներ կան, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, բայց վիրուսը հնարավոր է հայտնաբերվի չորս կամ հինգ օրից:

«Թեստավորման ծավալների ավելացումը կբերի նոր դրական դեպքերի, որոնց մեծ մասը հնարավոր է ասիմպտոմ լինեն եւ երբեք էլ չհաստատվեն: Գնահատական -թվի մեջ քաղաքացիներ են, որոնք հիմնականում որեւէ սիմպտոմ չունեն, այդ թիվը դուրս է բերվում հաշվարկելով տարբեր երկրներում ստացված մահացության իրական ցուցանիշները՝ մահաբերության: Օրինակ, եթե մենք մեր հաստատված դեպքերից տոկոս ենք հանում, ստանում ենք երեկվա դրությամբ 1.7%, մենք սակայն գիտենք, որ ավելի ծանր տարած երկրներում հաշվարկել են հակամարմինների առկայությունը եւ ստացել են, որ իրականում մահաբերությունը տատանվում է 0.3-0.4% սահմաններում: Մենք բազմապատկում ենք մեր ունեցած մահերի թիվը տոկոսին ու ստանում ենք այդ 60-100 հազարը»:

Ապա նախարարը տեղում 400 մահերը 0.4% ով հաշվարկ արեց, ասաց, հաշվիչ չունի, որ հստակ թիվ ասի, բայց մեծ թիվ է կազմում՝ մոտ 100 հազար. «Բայց այդ թիվը երբեւէ եղած թվերն են, ոչ թե այս պահին, նրանց մի մասն արդեն եղել են, լավացել են, մի մասը ունեն, բայց չգիտեն դրա մասին եւ դժվար է ասել, որ մենք ունենք 100 հազար վարակակիր, ավելի քիչ ունենք: Ընդ որում` թիվը սկսած մարտի 1-ից հաշվարկով»:

Բացի այս, Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում ակնհայտ միտում կա՝ երիտասարդների շրջանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի տարածվածության տեմպը չի աճում, որքան տարիքն իջնում է, այնքան նվազում է տարածվածության տեմպի աճը: Իսկ ահա տարեցների շրջանում, ինչպես ասաց նախարարը, աճ ունենք եւ որքան տարիքը բարձրացնում է, այնքան տեմպն աճում է. «Ունենք նաեւ աշխարհագրական վերլուծություններ։ Ես մի անգամ պարետատան նիստում ասացի՝ օրինակ՝ Վանաձոր քաղաքում տեմպն աճել էր վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Երեւանում տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր են, բայց գնում է կայունացում։ Կարծես թե Երեւանը դառնում է մի մեծ օջախ, որովհետեւ նախկինում մենք հիմնականում ակտիվ օջախներ ունեինք Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, հիմա այդպիսի տարանջատում պրակտիկորեն չկա։ Նույնը կարելի է ասել տարբեր ինդուստրիալ ոլորտների մասին։ Մենք գիտենք, որ մեր հիմնական խնդիրները եղել են մեծ բռնկումները, վերջին շրջանում կարծես թե նման մեծածավալ բռնկումներ չկան, ասենք՝ 500 կամ ավելի մարդու վարակվածության դեպք որեւէ հաստատությունում։ Այս առումով կարելի է ասել՝ վարակն ամենուր է։ Եվ մենք կանոնները պահպանելով՝ ամենուր պետք է պաշտպանվենք»:

Վարչապետն էլ նշեց, որ երեկ ԱՀԿ ներկայացուցիչների հետ է հանդիպել. «Մեր հիմնական խնդիրը կարգապահության մեջ է: Պետք է պահպանել կանոնները, այս առումով ինչպես հաղորդակցությունն, այնպես էլ վարչական լծակները պետք է գործադրենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930