Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կարանտինային պարապուրդից հետո աշխատավորներն անցնում են իրենց բնականոն գործին, ապա հարց է, թե այստեղ ո՞րն է կառավարության ձեռքբերումը. «Փաստ»

Հունիս 25,2020 11:50

Քանի որ գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշները մտահոգության տեղիք են տալիս, ապա այս ֆոնին հետաքրքրական է, որ տևական ժամանակ վարչապետը խուսափում էր իր ֆեյսբուքյան էջում տնտեսական ցուցանիշներ հրապարակել։

Եվ սա այն դեպքում, որ Փաշինյանը հակված է պարբերաբար ցուցանիշների միջոցով ցույց տալ, թե իր գլխավորած կառավարությունն ինչ «աննախադեպ ձեռքբերումների» է հասել։

Սակայն Փաշինյանն այս անգամ չկարողացավ համբերել և օրերս փորձեց հանրությանը ներկայացնել ցուցանիշներ այն մասին, թե աշխատատեղերի վերականգնման գործընթաց է գնում։ Ըստ այդմ, վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն, մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 471 աշխատատեղերից 50 094-ը:

Այդուհանդերձ, պարզ չէ, թե վարչապետը որտեղից է վերցրել նշված ցուցանիշները, քանի որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ապրիլին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը եղել է 61 133։ Եվ գործազրկության այս ցուցանիշը չի նշանակում, թե միանգամից մեկ ամսվա ընթացքում այդքան թվով մարդիկ ընթացքում գործազուրկ են դարձել։

Ու շատ տարօրինակ է, որ ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, 2020 թվականի հունվարին ապրիլի համեմատությամբ գործազրկության ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել՝ 62 004։ Ընդ որում, 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների համեմատությամբ մի բան էլ գործազրկության անկում է նկատվել, քանի որ գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին եղել է 64 830, իսկ 2020 թվականի հունվար-ապրիլին՝ 61 727։

Ամեն դեպքում պաշտոնական վիճակագրությանը հանրությունը լուրջ չի վերաբերվում, քանի որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ դրական ցուցանիշներ և աճեր ցույց տան։ Սակայն այսքանից հետո կարելի է ենթադրել, որ միգուցե վարչապետ Փաշինյանը աշխատատեղերի վերականգնում ասելով՝ նկատի է ունեցել աշխատողների այն հատվածին, որոնք ողջ ապրիլի ընթացքում հարկադիր պարապուրդի էին մատնվել, և կարանտինի ավարտից հետո արդեն պետք է աշխատանքային ռիթմի մեջ մտնեին։ Բայց եթե կարանտինային պարապուրդից հետո աշխատավորները անցնում են իրենց բնականոն գործին, ապա հարց է, թե այստեղ ո՞րն է կառավարության ձեռքբերումը։ Եթե իրապես փակված աշխատատեղերի փոխարեն նորերն են ստեղծվել, ապա Փաշինյանն էլ ինչո՞ւ է ընկնում սար ու ձոր, թող տվյալներ ներկայացնի նոր աշխատատեղերի ստեղծման մասին։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930