Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործազուրկների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել». Գագիկ Մակարյան. «Ժամանակ»

Հունիս 25,2020 11:38

«Կարծում եմ, որ փոխվարչապետը փոքր թիվ է ներկայացրել, որովհետև, իրականում, գործազուրկների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Սակայն այստեղ ուզում եմ տեղեկացնել նաև, որ ապրիլի վերջերին մեր կազմակերպության իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ գործատուների 89 տոկոսը ցանկացել է աշխատատեղերը պահպանել, իսկ սրան զուգահեռ, 86 տոկոսը նշել էր, որ աշխատավարձ տալու և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելու համար գումար չունի: Հիմա այն գործընթացը, որի մասին ասել է նաև փոխվարչապետը՝ ժամանակի ընթացքում պիտի ավելի ստույգ գնահատվի, որովհետև շատ դժվարություններ դեռևս առջևում են։ Օրինակ՝ տուրիզմի և սպասարկման ոլորտում մոտավորապես 75 հազար աշխատող կա. հիմա, եթե այս ոլորտները դեռ ակտիվ չեն գործում ու դեռ չգիտենք էլ ակտիվ կգործեն, թե ոչ, ռեստորանները չկարողանան ամբողջ ծավալով ռեստորանային ծառայություն մատուցել, կամ նույնը սրճարանները, ակումբները և այլն, պատվերներ չունենան կամ դրանք քիչ լինեն, մարդաշատ միջոցառումներ չկարողանան կազմակերպել, հյուրանոցներում այցելուներ չլինեն և այլն, և այլն, ապա գործազուրկների թիվը կանխատեսվածից էլ շատ կլինի: Իմ հաշվարկով՝ Հայաստանում գործազրկությունը կարող է ավելանա մինչև 80 հազար մարդ, ինչը մեր երկրի համար բավականին մեծ ցուցանիշ է: Ընդ որում՝ այս ցուցանիշը նաև հարաբերական է, այսինքն՝ եթե քաղաքացիները չգնան և չգրանցվեն զբաղվածության պետական գործակալությունում, չհայտնեն աշխատանքը կորցնելու մասին, մենք այդպես էլ ստույգ տվյալներ չենք ունենա։ Փոխվարչապետը խոսել է դեռևս հարկադիր պարապուրդի մատնվածների մասին, իսկ ես գործազրկության հնարավոր ցուցանիշներն եմ մատնանշում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանն օրերս ԱԺ-ում հայտարարել էր, որ, նախնական գնահատականներով՝ Հայաստանում ճգնաժամի հետևանքով հարկադիր պարապուրդում է մոտ 12 հազար քաղաքացի։

Ամփոփելով խոսքը՝ Մակարյանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ կառավարությունն արդեն իսկ պետք է հընթացս սկսի քայլեր ձեռնարկել տնտեսական այս խնդիրները հաղթահարելու համար, այլ ոչ թե միայն հիմնվի աջակցության մի քանի թերի իրականացված ծրագրերի վրա, որոնք, ըստ էության, նաև ժամանակի ընթացքում ի ցույց դրեցին իրենց ոչ բարձր արդյունավետությունը։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930