Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն մեկ անձից գնման եղանակով ծառայություններ է մատուցել ԱԱԾ-ին

Հունիս 25,2020 14:30

Ազգային անվտանգության ծառայությունը սեփական կարիքների համար 2018-2019 թթ. մեկ անձից գնման ընթացակարգով գնել է նաև թանկարժեք հուշանվերներ:

2017-ից շրջանառության մեջ դրված «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետական կառույցների՝ սեփական կարիքների համար գնումներ կատարելու ընթացակարգերը չորսն են՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշման հարցում և մեկ անձից գնում։ Օրենքը սահմանում է, որ գնումների ամենից նախընտրելի ընթացակարգը բաց մրցույթն է, իսկ ոչ խրախուսելի, կոռուպցիոն մի շարք ռիսկեր պարունակող տարբերակը՝ մեկ անձից կատարվող գնումները:

Օրենքով սահմանվում է, որ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառվում է խիստ սահմանափակ դեպքերում: Որպես կանոն գնման այս ընթացակարգին պատվիրատուները դիմում են այն դեպքում, երբ մրցութային ընթացակարգերի կիրառումն, ըստ էության, լինելու է ինքնանպատակ, կամ դրանց կիրառումը սուղ ժամկետի առումով անհնարին է: Պետական մարմինները, սակայն, ոչ միայն չեն փորձում նվազեցնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների ընթացակարգի կիրառումը, այլև շարունակում են դրա՝ հաճախ չհիմնավորված կիրառումը։

Օգտվելով ՀՀ ֆինանսների նախարարության armeps.am և պետական գնումների մշտադիտարկում իրականացնող tender-monitoring.am կայքերի համակցված տեղեկություններից, ուսումնասիրել ենք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության 2018 և 2019 թթ. ամբողջական և 2020 թվականի մինչև ապրիլի 30-ը կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների ընթացակարգով կատարած գնումները:

2018 թվականին, ըստ tender-monitoring.am կայքի, ԱԱԾ-ի կողմից կնքվել է շուրջ 271 պայմանագիր 2.1 մլրդ դրամ արժողությամբ, որից մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 26 պայմանագիր՝ շուրջ 856.6 մլն դրամ արժողությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը սեփական կարիքների համար պայմանագրեր է կնքել տարբեր ընկերությունների հետ: Բաց տվյալներից օգտվելով՝ առանձնացրել ենք այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2018-ի մայիս և դրանից հետո, երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական խոշոր փոփոխություններ։ Այդ նպատակով հստակ ընդգծել ենք գնման պայմանագրերում նշված ամսաթվերը։

Այսպիսով՝ 2018 թ. հունիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մեկ անձից կատարված գնման եղանակով Ազգային անվտանգության ծառայությունը 3 պայմանագիր է կնքել «Սամ Մար Օբսի» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 848,400 դրամ արժողությամբ: Կնքված պայմանագրերի շրջանակում Ազգային անվտանգության ծառայությունը ձեռք է բերել անվանական հուշամեդալ 248,400 դրամ միավոր արժեքով և բրոնզե հուշամեդալներ 24,000 դրամ միավոր արժեքով:

Մեկ այլ պայմանագրով էլ Ազգային անվտանգության ծառայությունը 2018-ի հունիսի 18-ին «Ե Ս Սիլվեր» կազմակերպությունից ձեռք է բերել հուշանվեր բաժակներ 50,000 դրամ միավոր արժեքով և հուշանվերների տուփեր 7,000 և 11,000 դրամ արժեքով: Մեկ ուրիշ պայմանագրով էլ ԱԱԾ-ն 2018-ի մայիսի 4-ին «ՄՊ Վուդ» կազմակերպությունից ձեռք է բերել շքանշանի տուփեր 18,000 և 55,000 դրամ միավոր արժեքով: Մայիսի 23-ին և 24-ին «Տ. Թովմասյան» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրերի շրջանակում ձեռք են բերվել հուշանվերներ 83,000, 87,500, 89,000 և 90,000 դրամ միավոր արժեքով:

Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականին իր սեփական կարիքների համար գնված հուշանվերների, անվանական հուշամեդալների և հուշամեդալների տուփերի համար Ազգային անվտանգության ծառայությունը ծախսել է 1,616,900 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2018 թվականի մարտի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անձից գնման եղանակով պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ: Իրականցվել են ավտոմեքենաների պահպանման ծառայություններ, պայմանագրի գումարը կազմել է 2 մլն ՀՀ դրամ: Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի բաժնետերերն են հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը և Վահե Գզրարյանը:

2019 թվականին ըստ tender-monitoring.am կայքում տեղ գտած տվյալների՝ Ազգային անվտանգության ծառայությունը կնքել է 324 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 2.4 մլրդ դրամ արժողությամբ: Մեկ անձից գնման ընթացակարգով 31 պայմանագիր՝ շուրջ 80 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

2019 թվականը սեփական կարիքների համար գնված հուշանվերների և հուշամեդալների առատության տեսանկյունից ոչնչով չի զիջում 2018 թվականին:

Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անձից կատարված գնման եղանակով 2 պայմանագիր է կնքել «Ռիվոլի Դե Լյուքս» ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում ձեռք է բերել հուշանվեր գավաթներ՝ արծաթեպատ՝ կաշվեպատ տուփով 91,000 դրամ միավոր արժեքով: Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 770,000 դրամ:

«Գովելլի» ՍՊԸ-ից պայմանագրով ձեռք է բերել մեկ արծաթյա դաշույն 360,000 դրամ արժողությամբ և կրկին մեկ անձից իրականացված գնման ընթացակարգով։

Արմեն Աբելյան Ա/Ձ-ից մեկ անձից կատարված գնման եղանակով ձեռք է բերել ոսկեզօծ պատվանդանով կաբարդին կտորից դրոշներ: Ոսկեզօծ պատվանդանի միավոր արժեքը 65,000 դրամ է, իսկ կաբարդին կտորից դրոշի արժեքը՝ 28,000 դրամ: Ընդհանուր առմամբ՝ գնված դրոշների և պատվանդանների համար ծախսվել է շուրջ 924,000 դրամ:

Ազգային անվտանգության ծառայությունը Էդիկ Մանուկյան Ա/Ձ-ից դարձյալ մեկ անձից գնման եղանակով ձեռք է բերել ընկույզե փայտից կոնյակի 0.5լ տակառներ շուրջ 580,000 դրամի:

Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականին «ՄՊ Վուդ» ՍՊԸ-ից ձեռք է բերել մեդալի համար նախատեսված տուփեր, այս անգամ շուրջ 693,000 դրամի չափով:

Ընդհանուր առմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունը սեփական կարիքների համար մեկ անձից գնման եղանակով հուշանվերների և նմանատիպ այլ պարագաների համար 2019-ին ծախսել է շուրջ 3.3 մլն դրամ:

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացուցչական ծառայություններ է գնել նաև «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ից, ու դարձյալ ծառայությունը եղել է մեկ անձից կատարվող գնման եղանակով: Մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 24.8 մլն ՀՀ դրամ: «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պատկանում է խոշոր սեփականատեր, գործարար, Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Ընկերությունը Ազգային անվտանգության ծառայությանը մատուցել է հյուրանոցային ծառայություններ, սակայն, ըստ պետեկամուտների կոմիտեի կայքի տրամադրած տվյալների, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ- ն գրանցված է որպես խաղատների գործունեությամբ զբաղվով ընկերություն։ Ի դեպ, ծառայությունը մատուցել է «Մուլտի գրանտ» հյուրանոցը:

Մեկ այլ պայմանագրով էլ Ազգային անվտանգության ծառայությունը 3.6 մլն ՀՀ դրամի գնումներ է կատարել «Մուլտի Ռեստ Հաուս» ՍՊԸ-ից, որը թեև ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի պատկանում է Ագի Պրիմա անունով իրավաբանական անձին, սակայն ըստ «Հետք» առցանց պարբերականի հրապարակման՝ այն նույնպես Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության մի մասն է:

Ընդհանուր առմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող երկու ընկերությունների մատուցած ծառայությունների համար վճարել է շուրջ 28.4 մլն ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ 2020-ի հունիսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ, թե բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:

2020 թվականի մինչև ապրիլի 30-ը ըստ tender-monitoring.am կայքում տեղ գտած տվյալների՝ Ազգային անվտանգության ծառայությունը արդեն կնքել է 168 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 1.6 մլրդ դրամ արժողությամբ: Մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրերի ընդհանուր արժողությունը կազմել է շուրջ 628.4 մլն դրամ:

Ազգային անվտանգության ծառայության 2019 թ. մեկ անձից կատարված գնումների ընդհանուր գումարը 2018 թ. համեմատությամբ նվազել է 90.6%-ով, իսկ 2019-ի համեմատ մինչև 2020 թ. ապրիլի 30-ը ավելացել է 78.5%-ով։

Հուշանվերների և նմանատիպ այլ առարկաների գնման տեսանկյունից Ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին բավական համեստ է գտնվել. ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ դեռ հուշանվերներ և նմանատիպ իրեր չի գնել 2020-ին։

Մեկ անձից գնման եղանակով Ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի ապրիլի 16-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ և օգտվել ընկերության մատուցած ավտոմեքենաների պահպանման ծառայություններից: Պայմանագրի գումարը կազմել է 4.5 մլն դրամ։ Փաստացի, շարունակել է ծառայություն ստանալ. թե՛ 2018-ին, թե՛ 2020-ին այս կազմակերպության հետ կնքվել են պայմանագրեր։

Այսպիսով՝ Ազգային անվտանգության ծառայության սեփական կարիքների համար կատարած գնումներից պարզ է դառնում, որ գնումները միշտ չէ, որ հիմնավորված են։ Եվ, փաստորեն, ԱԱԾ-ն, մեկ անձից գնման եղանակով, որը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, պայմանագրեր է կնքել Գագիկ Ծառուկյանին պատկանող այն ընկերության հետ, որի մասին օրեր առաջ հայտարարություն էին տարածել որպես պետությանը վնաս հասցրած կազմակերպություն, որն առանց լիցենզիայի գործունեություն է ծավալել։

 

Զարա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարը՝ Multi Grand Pharaon Hotel-ի ֆեյսբուքյան էջից

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930