Ապրիլին փակվել է 71 հազար 471 աշխատատեղ, իսկ մայիս ամսվա եկամտային հարկի տվյալների ուսումնասիրությունը թույլ է տվել իշխանությանը պարզել, որ «լոքդաունը» չշարունակելու պայմաններում 50 094 աշխատատեղ վերականգնվել է: Հիմք ընդունելով նաև այս տվյալները՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վերականգնման գործընթացի մեկնարկի մասին: Անդրադառնալով նշված տվյալներին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Վարչապետը (և ոչ միայն նա) հաճախակի է հայտնում նման տվյալներ, որոնք պաշտոնական այլ աղբյուրների հետ համեմատելու հնարավորություն չկա: Իսկ իրողությունն այն է, որ մենք, ընդհանուր առմամբ, դեռ ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբում ենք: Մոտակա մեկ տարում ունենալու ենք թե՛ տնտեսական, թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալական լուրջ խնդիրներ: Եվ պետք չէ հանրությանը այդ առումով սին հույսեր տալ: Պետությունը թե՛ հանրությանը, թե՛ բիզնեսին ճիշտ ազդակներ պետք է փոխանցի առ այն, որ առաջիկա մեկ տարում ֆինանսատնտեսական ճգնաժամ է լինելու, որ բիզնեսը և հանրությունը իրենց քայլերի մեջ ավելի զգույշ լինեն»:
Այս առումով տնտեսագետը մատնանշեց հատկապես խնայողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին. «Մոտակա ամիսներին ունենալու ենք նաև վարկային մեծ ճգնաժամ: Երկարաձգումների ժամկետներն ավարտվում են, և բիզնեսն ու հանրությունը միանգամից մի քանի ամսվա վարկ պետք է վճարեն, ինչը ևս մեծ խնդիր է:
Սա իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև բիզնեսի մասով. բիզնեսները դադարեցնելու են գործունեությունը, իսկ մարդկանցից շատերը ոչ միայն կորցնելու են իրենց աշխատատեղերը, այլև իրենց գույքը, որը գրավադրել են այս կամ այն վարկը ձեռք բերելիս: Սա ևս լուրջ մարտահրավեր է: Ու պարզապես զուտ մի քանի թվով հայտարարություններ անելը, մարդկանց սխալ ազդակներ փոխանցելը ճիշտ չէ»:
Ինչ վերաբերում է տնտեսության վերականգնման գործընթացի հնարավորությանն ու այդ առումով տարվող քաղաքականությանը, Ս. Պարսյանը շեշտեց. «Ակնհայտ է, որ գործող իշխանությունները չեն տիրապետում տնտեսական խնդիրներին և այն առաջնահերթություններին, որոնք պետք է հաշվի առնվեին այս ճգնաժամի պայմաններում: Դրա վառ օրինակը նրանց կողմից հաստատված ճգնաժամի հետևանքները վերացնելու փաթեթներն էին, որոնք ունեն ցածր արդյունավետություն, իսկ առանձին դեպքերում արդյունավետությունը 0-ական է: Այսուհանդերձ, այդ փաթեթների շրջանակներում ծախսվեցին ու շարունակում են ծախսվել միլիարդավոր դրամներ: Սա ամենասխալ տարբերակն էր, որը որդեգրեց իշխանությունը: Այն «զոհողությունը», որ մարտ-ապրիլ ամիսներին եղավ, այսինքն, բնակչությունը և բիզնեսը նստեց տանն ու չաշխատեց, ըստ էության, ապարդյուն էր:
Կարդացեք նաև
Վարակը մայիսին շատ արագ տարածվեց, ու տարածման տեմպերն անվերահսկելի դարձան: Սա վկայում է հատվածական քաղաքականության մասին, նրանց այն որոշումների մասին, որոնք կարճաժամկետ են ու վերաբերում են առանձին երևույթներին ու խնդիրներին:
Նրանց մոտ բացակայում է առհասարակ ռազմավարական մտածելակերպը, քաղաքականությունը: Չեմ ասում մեկ տարվա համար, բայց գոնե մի քանի ամսվա համար չունեն այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան շտկել իրավիճակը»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: