Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք վերահաստատում ենք, որ այս պահին պետք է դիմումը մուտք անել». Շաքե Իսայան. «Հրապարակ»

Հունիս 25,2020 11:10

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ իրենք այս պահին չեն միանա սահմանադրական փոփոխությունների հակաիրավական գործընթացը ՍԴ-ում վիճարկելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը։ ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ում այլեւս քննված կլինեն Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող 300․1 հոդվածի վերաբերյալ Վենետիկից եւ ՄԻԵԴ-ից ստացված կարծիքները։

Զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի հետ, ով նույնպես մասնակցել է ԼՀԿ-ականների հետ բանակցություններին։

– «Լուսավորի» Ձեր գործընկերները ԲՀԿ նախաձեռնությանը չմիանալը հիմնավորեցին նրանով, թե չեն ցանկանում կողմ դառնալ՝ երբ կքննվի Քոչարյանի գործը, դրանից հետո կդիմեն։ Դուք ձեզ կողմ համարո՞ւմ եք։

– Անձամբ ես չեմ կիսում այն պատճառաբանությունը, թե ՍԴ-ում այս կամ այն գործն է քննվում, ուստի պետք է սպասել։ Ինձ համար միանշանակ է, եւ դա արձանագրում են նաեւ ԼՀԿ մեր գործընկերները, որ, այո, Սահմանադրության կոպտագույն խախտում է՝ սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել։ Այս ընթացքում, թե ՍԴ-ն ում գործն է քննում՝ իմ, ձեր, թե մյուսի, կարծում եմ՝ քաղաքական ուժի համար դա ոչ մի նշանակություն չպիտի ունենա։ Մյուս կողմից՝ հարգանքով եւ ըմբռնումով եմ մոտենում իրենց դիրքորոշմանը․ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, համոզմունքները եւ առաջնորդվում է դրանցով։

 – Այսինքն՝ համաձայն չեք դիտարկմանը, որ եթե մինչեւ հուլիսի 7-ը դիմեն, ապա որեւէ խմբի շահն են սպասարկելու, ինչպես Մարուքյանն ասաց՝ կողմ են հանդիսանալու։

– Ես ուզում եմ հասկանալ՝ ինչին եւ ում կողմ դառնալու մասին է խոսքը։ Մենք եւ «Լուսավորի» գործընկերներն արձանագրեցինք, որ տեղի են ունեցել խախտումներ, եւ կա իրավունք՝ դա վիճարկելու ՍԴ-ում։ Մի կողմ թողնենք տեխնիկական հարցերը, որ մենք մի դրույթով ենք առաջարկում բողոքարկել, Տարոն Սիմոնյանը՝ այլ դրույթով, քննարկումների ընթացում էլ ասել ենք, որ իրենց առաջարկները մեզ համար քննարկելի են, եթե ուզում են դրույթ ավելացնենք, մենք կիսում ենք այդ մոտեցումը, եւ խնդիր չի առաջանում։ Խնդիրը ժամկետների մեջ է՝ մենք այս պահի՞ն ենք դիմումը մուտք անում, թե՞ սպասում ենք, որովհետեւ պրոցեսը կարող է ասոցացվել այս կամ այն քրեական գործի հետ։ Մեր խմբակցության համար այդ հանգամանքը կարեւոր չէ, այն էլ այն պարագայում, երբ տարիներ շարունակ տարբեր ասոցիացիաներ են արվել՝ մեզ հետ կապված, ու կանեն նաեւ այսօր․․․

– Նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի հետ կա՞պը։

– Ես անուններ չեմ ուզում տալ, միայն կասեմ, որ մեզ համար դա որեւէ կաշկանդող հանգամանք, խոչընդոտ չի կարող առաջացնել։ Մենք ունենք մեր համոզմունքը, որ սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել, որը պետք է բողոքարկվի, մնացյալը, ըստ իս, երկրորդական հարցեր են։ Իրենց առաջարկն այն է, որ դիմումի վրա սկսենք աշխատել ու դիմենք նշված գործի քննությունից հետո, բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ ժամկետից հետո կլինի դիմելու նպատակահարմարություն, որովհետեւ այս պահին ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ՍԴ-ի շուրջ, ու մենք չգիտենք, թե ինչ կունենանք այդ օրերին։ Մեր գործընկերները գտնում են, որ որեւէ լուրջ փոփոխություն չի լինի, ես չգիտեմ՝ որտեղից իրենց այդ համոզմունքն ու վստահությունը, մենք վերահաստատում ենք, որ այս պահին պետք է դիմումը մուտք անել։ Ի վերջո, չի կարող լինել մի վարկած, որ հուլիսի 7-ից հետո ԼՀԿ-ն այլ կողմ հնարավոր է դիտվել։ Հնարավո՞ր է այդպիսի վարկած․ այո, հնարավոր է։ Դրա համար ենք ասում՝ բոլոր վարկածները պետք է մի կողմ թողնել եւ առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930