«Ամերիկայի ձայն». Սպիտակ տունը վեց ամսով սառեցնում է մի շարք վիզաների տրամադրումը: Մասնավորապես, սառեցվում է աշխատանքային H-1B, H-2B եւ L վիզաների տրամադրումը, ինչպես նաեւ այդ վիզաները ստացած անձանց ընտանիքի անդամներին նոր վիզաների տրամադրումը: Մինչեւ 2020 վերջը սառեցվում է նաեւ կարճատեւ կրթական ծրագրերի համար նախատեսված J վիզաների տրամադրումը:
Հրամանագիրը նախատեսում է երեք բացառություն. շարունակելու են ստանալ աշխատանքային վիզաներ գյուղատնտեսության ոլորտում աշխատող արտերկրացիները, ինչպես նաեւ կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի մեջ ներգրավված մասնագետները: Չի դադարեցվելու J վիզաների տրամադրումը դասախոսներին եւ գիտնականներին:
Դոնալդ Թրամփի այս որոշման դեմ են արտահայտվել ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, որոնց համաձայն, արդյունքում դանդաղելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն Ամերիկայում:
Նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է նաեւ դեռեւս ապրիլին ընդունված արգելքը՝ նոր GREEN CARD-երի համար դիմող անձանց համար, ինչպես նաեւ սառեցրել է GREEN CARD-երի խաղարկությունը: Ըստ Սպիտակ տան, նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովագրել կորոնավիրուսի եւ տնտեսական անկման հետեւանքով կրճատված ԱՄՆ-ի աշխատանքային շուկան արտերկրյա աշխատուժից: Մասնագետների գնահատմամբ, արդեն իսկ ուժի մեջ մտած վիզային սահմանափակումները շուրջ 600,000 նոր աշխատատեղեր են ազատելու Միացյալ Նահանգներում:
Կարդացեք նաև
Ավելի երկարատեւ հեռանկարում Սպիտակ տունը նախատեսում է պահանջել արտերկրյա մասնագետներ հրավիրող ընկերություններից այդ մասնագետներին ավելի բարձր աշխատավարձ վճարել՝ միջոց, որն այլեւս թույլ չի տալու ընկերություններին աշխատանքի վերցնել արտերկրյա մասնագետների՝ ավելի ցածր վճարելով նրանց աշխատանքի դիմաց:
Բացի դրանից, Սպիտակ տունը եւ Հանրապետական կոնգրեսականների մի մասը ցանկանում են անցնել GREEN CARD-երի եւ աշխատանքային վիզաների բաշխման խաղարկային համակարգից՝ բալայինի: Ուստի, վիզաներն ու GREEN CARD-երը կստանան ոչ թե առավել հաջողակներն այլ պետության համար առավել անհրաժեշտ մասնագետները:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ