Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուսոնների» բուրմունքը

Հունիս 25,2020 10:00

Վերջերս նկատել եմ, որ որոշ շրջանակներ սկսել են անել այն, ինչ անգլերեն կոչվում է «to catch the flavor the monsoon», եւ, իհարկե, պարզ է, թե Հայաստանի դեպքում որտեղից են այն «մուսոնները» փչում:

Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելը բավականին բարդ եւ մեծ նրբանկատություն պահանջող աշխատանք է: Դրա համար պետք է իմանալ այդ երկրի իշխանության կառուցվածքը, հասկանալ, թե ինչպես են այնտեղ որոշումներ ընդունվում, ինչպես է վերաբերմունք ձեւավորվում: Տեսականորեն, այո, ամեն ինչ, ի վերջո, որոշում է Պուտինը, բայց ինչ գործոններ, ինչ ուժեր են ազդում այդ որոշումների վրա՝ այդ խնդրի մեջ մեր նման երկրի ղեկավարությունը պարտավոր է խորանալ: Սուրճի բաժակ նայելով՝ դա հնարավոր չէ հասկանալ. անհրաժեշտ է տիրապետել բազմակողմանի տեղեկատվությանը, որը, եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի համեմատ, պակաս մատչելի է: Պատահական չէ, որ Ռուսաստանի գլխին 20 տարի կանգնած է մի գործիչ, որը սերում է մեզ հայտնի կազմակերպությունից՝ մենք այն անվանում ենք КГБ , բայց այս կառույցը Ռուսաստանի պետական համակարգի հիմքն է եւ դարավոր ավանդույթներ ունի: Արդեն պարզ է, որ Պուտինն իր պաշտոնը զբաղեցնելու է ցմահ եւ, հետեւաբար, տեսանելի ապագայում գործելու է հենց «կագեբե»-ական համակարգը:

Հիմա ես մի տեսակետ հայտնեմ, որը դուր չի գա ներկայիս իշխանության ընդդիմախոսներին (սովորաբար հակառակն է լինում՝ դժգոհում են իշխանության երկրպագուները): Եթե մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, զգում ենք, որ Հայաստանի իշխանությունը դրսից «պրեսինգի» է ենթարկվում, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում նպաստենք, որ այս հարցում իշխանությունն իրեն վստահ զգա՝ անկախ նրանից, թե ով է առաջին դեմքը, ինչպես ենք մենք գնահատում այդ իշխանության քաղաքականությունն ու աշխատանքի արդյունավետությունը, ինչպիսին է ներկայիս քաղաքական ռեժիմը եւ ինչպիսի սխալներ կամ արատներ ունեն բարձրագույն իշխանավորները: Անկախ նրանից, թե որտեղից է ճնշումը: Անգամ՝ անկախ այն հանգամանքից, որ այդ ճնշումը մասամբ պայմանավորված է իշխանության ոչ հաշվենկատ քայլերով:

Հայաստանի ինքնիշխանությունն իսկապես կարեւոր է. միայն դրանով է երաշխավորվում մեր անվտանգությունը, եւ այդ տեսանկյունից առաջին երեք նախագահներն ու ներկայիս վարչապետը ներկայացնում են այդ ինքնիշխանությունը: Վարչակազմն, իհարկե, կարող է փոխվել, եւ կասկած չկա, որ մոտակա տարիներին (գուցե ավելի շուտ) այն կփոխվի: Բայց այն պետք է փոխվի այնպես, որ նոր իշխանությունը ոչ մի դրսի ուժի պարտական չլինի, ինչպես որ ներկա վարչակազմը (իր բոլոր լուրջ թերություններով) դրսից ոչ մեկի առջեւ պարտավորություններ չունի:

…Ամեն ինչ փոփոխական է: Համեմատաբար վերջերս նախկին ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, որն այդ կուսակցությանն անդամակցելու շնորհիվ դարձավ խոշոր կալվածատեր, հայտարարել է, որ նախորդ իշխանության ժամանակ Հայաստանը ավազակապետություն էր: Կուրծք ծեծողներն ամենից շուտն են վերափոխվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Արտաքին պրեսինգի դեպքում սեփական երկրի իշխանությանը վստահության տրամադրելը նորմալ երևույթ է, աննորմալ է, սակայն, երբ զգալով դա՝ իշխանությունը շարունակում է սխալներ անել իրար հետևից՝ խնդիրներ ստեղծելով երկրի համար: Այնպես որ այդ երևույթը պետք է լինի երկկողմանի՝ ներքևից աջակցել-վերևում կշռադատված որոշումներ ընդունել:

  2. Ruben says:

    Բազմակողմանի տեղեկատվությանը տիրապետելու համար անհրաժեշտ է ունենալ պետության անվտանգության ծառայություն: Արտաքին աշխարհի հետհարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական (արտաքին) հետախուզություն: Եթե ցանկանում եք պատկերացում կազմել հանրապետության կարգավիճակի և տեղի մասին համեմատեք՝ Մարիուս Յուզբաշյանին կամ Հուսիկ Հարությունյանին ներկայիս ազգային անվտանգության ղեկավարի հետ:
    Ինչպես Լևոն Տ-Պետրոսյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ գահին բազմած Նիկոլ Փաշինյանի նպատակն ու գլխավոր հանձնարարությունն է՝ պահել մարդկանց ստրկամտության և քաոսի մեջ:
    Ժողովրդի այսօրվա «ծառաների» հիմնական նշանաբանն է՝ քայլեք, որ վերածվեք «из грязи в князи»:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930