Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանը բռնանում է, չի թողնում՝ 81-ամյա կինն իր տունը ջուր անցկացնի, իրավապահ մարմիններն էլ, որեւէ հարցով չեն օգնում

Հունիս 25,2020 13:30

Թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունները պնդում են, որ մարդակենտրոն են, բայց սովորական քաղաքացու խնդիրները որեւէ մեկին չեն հետաքրքրում, հակառակ դեպքում 81 տարեկան կինը չէր ընկնի դատարանների դռները:

81-ամյա Լենա Ավետիսյանն արդեն 23 տարի է խմելու, ճաշ եփելու, լողանալու եւ այլ կարիքների համար ջուրը դույլերով կրում է:

Եթե տարիներ առաջ կնոջ առողջությունը ինչ-որ չափով թույլ էր տալիս ծանր դույլերը վերցնել, հիմա, ուժերը ջլատվել են, չի կարողանում:

Ձմռանը մի ձեռքը ջուր կրելուց ցրտահարվել է, մյուս ձեռքն էլ անցած ձմռանն է կոտրել եւ ի վիճակի չէ անգամ փոքրիկ դույլ բարձրացնել: Տարեց կինը ջուրը կրում է, կարելի է ասել, բաժակ առ բաժակ, որպեսզի հոգա իր կենցաղային հարցերը:

«Այնքան ջուր եմ կրել՝ ուժասպառ եմ եղել, էլ չեմ կարողանում, առողջությունս ու տարիքս չի ներում»,-ցույց տալով տարիների ընթացքում ցրտահարված ու ջլատված ձեռքերը՝ «Առավոտի» հետ զրույցում ասում է տիկին Լենան: Շենքը, որտեղ բնակվում է Լենա Ավետիսյանը հանրակացարան է, գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 18 հասցեում:

Այս հանրակացարանը նախկինում պատկանել է «Կանազ» գործարանին, սակայն 25 տարի առաջ գործարանի հաշվեկշռից դուրս է եկել: 1980 թվականին գործարանն այն իրացրել է եւ հիմնական բնակիչներին վերաբնակեցրել: Լենա Ավետիսյանն այստեղ է տեղափոխվել 1987 թվականին եւ մինչ օրս մնացել այստեղ՝ մի փոքրիկ սենյակում: Տիկին Լենան երեխաներ չունի, միայնակ թոշակառու է եւ երկար տարիներ է ենթարկվում է մեկ հարկ ներքեւում ապրող հարեւանի բռնաճնշումներին: Շենքն ամբողջությամբ ջրաֆիկացված է. ջուր ունի նաեւ տիկնոջ վրա բռնացող հարեւանը, բայց  տարեց կնոջն արգելում է ջուր անցկացնել բնակարան՝ պատճառաբանելով, թե իր «գլխին», ջուր կլցնի եւ այդպես, տարիներ շարունակ տարեց կինը զրկված է ջուր ունենալու իր  իրավունքից:

Լենա Ավետիսյանը թոշակից կոպեկ կոպեկ հավաքել՝ խողովակներ է գնել, որպեսզի վարպետն առաջին հարկից ջուրը բարձրացնի երկրորդ հարկ՝ տիկնոջ խորդանոց, որտեղ կինն իր կարիքներն է հոգում, սակայն հարեւանը կռիվ-պատերազմ է սարքել եւ վարպետին վտարել: Հինգ տարի առաջ, կրկին թոշակով գնած լվացքի մեքենան էլ այնտեղ է չաշխատելուց փչացել: Ուշագրավ է, որ սոցիալական այս պետությունում, որտեղ թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունները պնդում են, որ մարդակենտրոն են, որեւէ սոցիալական ծառայություն կամ իրավապահ մարմին կամ վարչական շրջանի պատասխանատու տիկնոջ հարցով չի զբաղվում, չի աջակցում, նրա ձեռքը բռնած չի դիմում այն կառույցներին, որոնք կպաշտպանեն տարեց քաղաքացու՝ ջուր ունենալու ամենատարրական իրավունքը: Տարիներ ի վեր տիկին Լենան դռներ է ծեծում, բայց որեւէ մեկը ջանք չի գործադրում կնոջն օգնել:

Կինը ճարահատյալ դիմել է դատարան: Գործը գտնվում է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Էրեբունու նստավայրի դատավոր Դիանա Հարությունյանի վարույթում: Տասը ամիս է տիկնոջ գործով որեւէ էական առաջընթաց չկա: Նախ՝ չորս-հինգ ամիս տարբեր պատճառաբանություններով դատը ձգձգվում էր, չէր նշանակվում: Վերջին նիստը շաբաթներ առաջ է եղել, Լենա Ավետիսյանի փաստաբանը դատարանին հայտնել է, որ ամբողջ շենքը ջրաֆիկացված է եւ բոլոր բնակիչներն էլ, բացի Լենա Ավետիսյանից ջուր ունեն: Հայտնել է նաեւ, որ չկա ջուր անցկացնելու վերաբերյալ առարկող եզրակացություն:

Սակայն այս անգամ էլ դատական նիստը հետաձգվել է, որպեսզի պատասխանող կողմը՝ մասնագետի եզրակացություն դատարան ներկայացնի, որը կհավաստի ջուր անցկացնելու անհնարինության մասին: Լենա Ավետիսյանի խոսքով, դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 6-ին, սակայն մասնագետը ո՛չ եկել, ո՛չ էլ  տարածքն ու տեղանքը նայել է: Համենայն դեպս իրեն այդ հարցով որեւէ մեկը չի անհանգստացրել, իսկ առանց նայելու ի՞նչ եզրակացություն կարող է տալ, հարց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930