Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննացի իրավաբան Մաքս Շհրեմսը հասավ նրան, որ ՖԲ-ն նրան տրամադրեց իր վերաբերյալ տվյալները, որոնք կուտակվել էին ՖԲ-ում Մաքսի երեք տարվա ակտիվության արդյունքում

Հունիս 25,2020 13:00

«Առավոտի» իրավական էջի խնդրանքով ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Գեւորգ Գյոզալյանն անդրադառնում է Սոցիալական ցանցերի ազդեցությունը հասարակական հարաբերությունների վրա, դրանց իրավական հետեւանքների մասին թեմային

Որքան զարգանում են նորագույն տեխնոլոգիաները, այնքան անպաշտպան է մնում անձի իրավունքները: Սոցիալական ցանցերի զարգացմամբ և կատարելագործմամբ նվազում է անձանց ոչ միայն մասնավոր կյանքի հարգանքի իրավունքը, այլև սոցիալական ցանցերը շատ հաճախ անձանց կախվածության մեջ դնելով իրենցից, կանխորոշում են այդ անձանց հետագա վարքագիծը: Այս ամենի վրա աշխատում են հսկա թիմեր՝ ինժեներներ, հոգեբաններ, մարկետոլոգներ և այլն: Շատ սոցիալական ցանցերի տարեկան շրջանառությունն ու զուտ շահույթը տասնյակ անգամ կարող են գերազանցել պետությունների բյուջեները:

Ինչ ասվում կամ արվում է բաց տարածքում` մնում է այնտեղ ընդմիշտ: Երբ մենք սոցիալական ցանցերում անում ենք որևէ բան, ապա պետք է հիշենք, որ էկրանի մյուս կողմում բազմաթիվ անձինք տեսնում, իսկ որոշակի դեպքերում պահպանում ու օգտագործում են այն, հիմա թե վաղը, կարևոր չէ:

Հսկա սոցիալական ցանցերի ազդեցությունը մեր աշխարհի վրա հնարավոր է շատ ավելին է, քան բազմաթիվ կառավարությունների: Լավ կամ վատ է այն, դժվար է պատասխանել, բայց որ դրանք շատ հաճախ հատում են մարդու իրավունքների սահմանը՝ հանրահայտ հանգամանք է:

Ապացուցված փաստ է, որ սոցիալական ցանցերը գործուն ազդեցություն ունեն քաղաքական երևույթների վրա, իսկ շատ հաճախ ուղղակի կամ անուղղակի ներգրավվում են իշխանափոխության, կառավարությունների տապալման, ժողովրդավարության հաստատման, քաոսի ստեղծման և այլ գործընթացների մեջ: Իհարկե, այս ամենը հսկվում է հզոր ձեռքի կողմից:

Սոցիալական ցանցերը ցանկանում են վերցնել մեր ժամանակը, մեր ուշադրությունը և հեշտությամբ ստանում են այն: Հետևանքներն անչափելի են: Այս տեխնոլոգիական գյուտը իրականում գիտակցության վերահսկողություն է, որը ահռելի հետևանքներ է առաջացնում հասարակության համար և վերջին հաշվով տանում է դեպի գլոբալիզացիա: Ստեղծվում է նոր մարդ, որին մենք շատ հաճախ անվանում ենք վիրտուալ սերունդ:

Վերցնենք սոցիալական հսկա՝ «Ֆեյսբուքը» (այսուհետ ՖԲ): ՖԲ-ն ստեղծվել է 04/02/2004թ.-ին՝ Մարկ Ցուկերբերգի կողմից, ով դրա շնորհիվ, 23 տարեկանում արդեն միլիարդատեր էր: ՖԲ-ի շրջանառությունը 2018թ.-ին կազմում էր 51.481 միլիարդ ԱՄՆ դոլար, մաքուր շահույթը նույն թվականին կազմել է 22.237 միլիարդ:  ՖԲ-ն այժմ ունի երկու միլիարդ ակտիվ օգտատերեր: Այսինքն, սրանք այն օգտատերերն են, ովքեր ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մուտք են գործել իրենց հաշիվներ: Յուրաքանչյուր օր օգտատերերը վեց միլիարդ հավանում են կատարում և երեք հարյուր միլիոն նկար են տեղադրում: ՖԲ հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր հրապարակային ելույթում հայտնում է, որ իրենք իդեալիստներ են և ցանկանում են համախմբել մարդկանց:

Իր հերթին ՖԲ-ում տեղակայված «Հավանումներ» կոճակը կոնկրետ ցուցիչ է բնորոշելու անձին, գեներացնելու կարծիքներ, ուղղորդելու դրանք և այլն:

2020թ.-ի մարտի 5-ին, հայտնի «Բի Բի Սի» բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերությունը հեռարձակեց փաստավավերագրական ֆիլմ, որում մանրամասն անդրադարձավ սոցիալական ցանցերի և մասնավորապես ՖԲ-ի նպատակներին, որի հիմնական նպատակը գրավել անձանց ժամանակը և վաճառել այն: Այս նպատակին հասնելու համար նախ և առաջ անհրաժեշտ էր, որ մարդիկ ձեռք բերեն կախվածություն: Այս ֆիլմում, Լիա Պյորլումանը, ով հանդիսացել է ՖԲ «Հավանում» կոճակի ստեղծողներից մեկը, պատմում է, որ ձեռք է բերել կախվածություն դրանից և իր վարքը կառուցել է նրա վրա, թե որքա՞ն հավանում է ստացել իր փոստը կամ նկարը, նա կախված է եղել թվերից, որոնք չէր կարող վերահսկել և միշտ իր վարքը փորձել է կառուցել հավանումների միջոցով դրսևորվող պատասխան վարքագծերից:

Այս ամենի ետևում, շարունակում է Լիան, կանգնած է եղել գիտությունը, որը մանրակրկիտ բացահայտելով անձի էությունը այն օգտագործել է բացառապես առևտրային և այլ նպատակներով: ՖԲ ստեղծողներն ու կատարելագործողները շատ լավ գիտակցել են, որ անհրաժեշտ է անել մի բան, որ անձի մոտ կառաջացնի բավականության զգացողություն (Дофами́н) ինչն էլ իր հերթին անձի մոտ կստեղծի կախվածություն:

Սրա շարունակությունն է նաև այն, որ ՖԲ էջը երբեք չի վերջանում և անձը ստիպված չի լինում սեղմել որևէ կոճակ, անցնելու համար այլ էջի: Սա պայմանավորված է նրանով, որ ՖԲ էջը թերթելիս անձանց ուղեղը ազդակ չի տալիս դադարի վերաբերյալ և անձը ժամերով կարող է թերթել ՖԲ էջը, չկտրվելով դրանից և վատնելով իր թանկագին ժամանակը ՖԲ-ի վրա, բերելով ՖԲ բաժնետերերին ահռելի գումարներ:

2016թ.-ին, «Pew Research Center»-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն, ԱՄՆ քաղաքացիների զգալի մասը օրվա նորությունները ստանում էին ՖԲ-ից: ՖԲ-ն մեղադրվում էր այն բանում, որ ՖԲ ալգորիթմները նորությունները հավաքագրում էր այնպես, որ ինքն էր որոշում ինչ նորություններ պետք է ցույց տրվի առաջին հերթին և ինչի մասին պետք է լռել:

Մեկ այլ հետազոտության համաձայն (որը հրապարակվել է Computers in Human Behavior #5-ում)՝ ՖԲ օգտատերերի մոտ հայտնաբերվել էր ավելի շատ նարցիսիզմի և էքսգիբիցիոնիզմի երևույթներ, քան այն անձանց մոտ ովքեր չեն օգտվում ՖԲ-ից:

2011թ.-ին վիեննացի իրավաբան Մաքս Շհրեմսը (Max Schrems) հասավ նրան, որ ՖԲ-ն նրան տրամադրեց իր վերաբերյալ տվյալները, որոնք կուտակվել էին ՖԲ-ում Մաքսի երեք տարվա ակտիվության արդյունքում: Այս տվյալները կազմում էին 1200 էջ (pdf ֆորմատով): Մաքսը կազմակերպեց կոլեկտիվ հայցի ներկայացում ընդդեմ ՖԲ-ի՝ Վիեննայի շրջանային դատարանում, այն բանի համար, որ ՖԲ-ն հավաքել և պահել է իր վերաբերյալ տեղեկություններ: Այս հայցում ի թիվս այլնի շոշափվում էր նաև ՖԲ-ի և ԱԱԳ (ազգային անվտանգության գործակալություն) -ի համագործակցությունը PRISM (Program for Robotics, Intelligents Sensing and Mechatronics) ծրագրի շրջանակներում: Հայցին միացել են ավելին քան 60000 մարդ 100 երկրներից:

06/06/2017թ.-ին բրիտանական «The Times» հրատարակչությունը հայտնել է, որ ՖԲ-ն պլանավորում է օգտագործել արհեստական ինտելեկտը, որպեսզի վերլուծի օգտատերերի էմոցիաները առցանց ռեժիմում, իսկ 2019թ.-ին հայտնի դարձավ, որ ՖԲ-ն օգտատերերի գաղտնաբառերը պահպանել է առանց թվայնացման, ինչն էլ իր հերթին այն հասանելի է դարձրել բազմաթիվ անձանց:

Գրեթե բոլոր առաջադեմ երկրներում սահմանադրորեն պաշտպանված է անձի անձնական կյանքի, հաղորդակցության ազատության և գաղտնիության անձեռնմխելիության իրավունքը: Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որն իր Սահմանադրության 31-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածներում ամրագրել է մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքները:

Բացի Սահմանադրությունը, նշված իրավունքները պաշտպանվում են նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով  և այլ նորմատիվ իրավական ակտերով:

Սույն հոդվածը չծանրաբեռնելով ՀՀ օրենսդրությունից երկար-բարակ մեջբերումներով, կփաստեմ միայն մի բան, որ վկայակոչված նորմերը առավելագույնս պաշտպանում են անձանց իրավունքները առնվազն օրենսդրական մակարդակում: Բայց սա հնարավոր կլինի այն դեպքերում, երբ որևէ ձևով հայտնի է դառնում, որ տեղի է ունեցել այդ իրավունքների խախտում: Վերը նկարագրված դեպքերում բավականին բարդ է, օրինակ, դատի տալ ՖԲ-ին, «Յութուբին» կամ այլ սոցիալական հսկային այն բանի համար, որ նա այս կամ այն ձևով պահել և օգտագործել է անձի տվյալները կամ էլ այլ ձևով մանիպուլացրել է հանրային կարծիքը և այլն: Սրանք դժվար ապացուցելի փաստեր են, եթե իհարկե, երջանիկ պատահականությամբ տեղի չի ունեցել տվյալների արտահոսք:

Ընդունելով հանդերձ սոցիալական ցանցերի օգտակարության որոշակի աստիճանը, այդուհանդերձ, կարծում եմ, որ հայրենի կառավարությունը, ազգային ժողովն ու պատգամավորները, դատական իշխանությունն ու պաշտոնատար այլ անձինք օր առաջ պետք է նվազագույնի հասցնեն սոցիալական ցանցերում իրենց ակտիվությունը և փորձեն առհասարակ կտրվել դրանցից, իհարկե՝ ստեղծելով դրանց հայկական այլընտրանքներ, որով կշփվեն ազգաբնակչության հետ:

Զորօրինակ ոչինչ չի խանգարում պաշտոնատար անձանց մարդկանց հետ շփվելու հանրային և պաշտոնական կայքերով, դրանք համապատասխանեցնելով գիտության վերջին զարգացումներին այնպես, ինչպես «Յութուբն» է, ՖԲ-ն է և այլն: Եթե կուզեք սա նաև ազգային անվտանգության և երկրի հեղինակության հարց է: Չի կարող այնպես լինել, որ ՖԲ-ն հայաստանյան քաղաքական և հասարակական կյանքում ստեղծի եղանակ: Այլ կերպ ասած՝ մենք պետական մակարդակով պետք է թույլ չտանք նման զարգացում: Իսկ որ հնարավոր է, որ հսկա սոցիալական ցանցերը եղանակ ստեղծեն կոնկրետ երկրում, կարծում եմ՝ ողջամիտ կասկածից վեր է:

Իմ համեստ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայաստանյան իրականության մեջ առավել օգտագործվում է ՖԲ-ն, «Յութուբը», շատ ավելի քիչ՝ «Թվիթերը», որոնք բացի այն, որ կարող են վերահսկվել օտարերկրյա անձանց կողմից, այլև ունակ է հայաստանյան իրադարձությունները, դրանցում ներգրավված անձանց տվյալները օգտագործելու, ինչպես նաև հանրային կարծիք գեներացնելու:

Այս տիրույթներում տոտալ խախտվում է անձանց իրավունքները՝ սկսած ամենազզվելի հայհոյանքից, վերջացրած սուտ տեղեկություններով և այս ամենը բավականին բարդ է վերահսկվում: Երբ անձի վերաբերյալ տեղեկություն է հայտնվում վերը թվարկված սոցիալական ցանցերում ու բազմաթիվ կեղծ և անհայտ օգտատերեր սկսում են մեկնաբանություններում ուղղակի հայհոյել այդ անձին, ապա գործնականում ուղղակի անհնարին է արդյունավետ ձևով պաշտպանել այդ անձի իրավունքները, սկսած դրա անվերահսկելի մեծաթվությունից և վերջացրած այդ օգտատերերի անհայտ լինելուց: Այս կեղտոտ լեքսիկոնը տարածվում և օգտագործվում է: Սա լոկալ մակարդակում: Իսկ գլոբալ առումով ինստիտուցիոնալ մակարդակում ստեղծվում են կարծիք գեներացնողներ, ովքեր փորձում են ազդել կոնկրետ երևույթների վրա՝ մանիպուլացնելով հանրային կարծիքը և այն ուղղորդելով անձի կամ իշխանության դեմ:

Հասել ենք անգամ այնտեղ, որ ըստ էության պաշտոնական տեղեկատվությունը առաջնահերթ տրամադրվում է բացառապես ՖԲ-ի և «Յութուբի» միջոցով, ինչն էլ իր հերթին նվազեցրել են «Հանրային հեռուստաընկերության» և պաշտոնական կայքերի դերն ու նշանակությունը: Այդ ցանցերում ըստ էության զգալի մաս է կազմում «Զրուցարաններին» հատուկ կենցաղային մակարդակի քննարկումները, որոնցում գրեթե միշտ ոտնձգություն է կատարվում անձանց արժանապատվության, բարի համբավի նկատմամբ: Տեղի է ունենում տվյալների արտահոսք, հանիրավի մեղադրվում են անձինք և տեղի է ունենում «ֆեյսբուքյան դատավարություն և դատաստան», իշխանության դեմ սանձազերծվում են գրոհներ, իրականացվում է տեղեկատվական տեռոր:

Էլ ավելին, այս ամենում պետական ինստիտուտներն ու պաշտոնատար անձինք ամբողջովին կախված են այդ ցանցերից, դրանում գեներացվող կարծիքներից: Երբ անձը օգտագործելով կոնկրետ կառույցի պաշտոնական կայքը այս կամ այն հարցով դիմում է այդ կառույցին, ապա նրա դիմումին ընթացքը կարող է տևել օրեր, անգամ ամիսներ և վերջում էլ լուծում չստանալ: Բայց այլ է սոցիալական ցանցերի դեպքում: Բավական է խնդիրը հրապարակային գրել ՖԲ էջում, հավաքել որոշակի թվով «Հավանումներ», պարբերաբար «Մեկնաբանությունների» միջոցով ակտիվ պահել այդ փոստը և օ~ հրաշք, խնդիրը արագ լուծվեց: Վերջում իհարկե համապատասխան պաշտոնյան կխնդրի, որ ՖԲ-ում գրվի, որ խնդիրը լուծվեց, որպեսզի «իր վրա խոսակցություն չգա»: Սա ոչ այլ ինչ է քան «Ֆեյսբուքապետություն՝ կենցաղային մակարդակում»:

Հայաստանյան իրականությունն անգամ հասել է այնտեղ, երբ իրավաբանի մասնագիտություն ունեցող անձինք ՖԲ-ում դրսևորելով խուժանի վարքագիծ, այնուհետև իրենց հաշիվները պարզել են դրսում՝ ուժի կիրառմամբ: Սոցիալական ցանցերի այս ողջ աղմուկի մեջ գրեթե ամեն օր կարելի է նկատել անձի իրավունքների կոպիտ խախտումներ: Այս ցանցերում ստեղծվում է մի նոր մարդ, ով ոչ միայն տառապում է նարցիսիզմով, այլև դրսևորում է բոլորովին այլ վարքագիծ, քան նա իրականում կարող է դրսևորել սովորական պայմաններում, երբ շփվում է անձանց հետ:

Այս ամենի լուծումն, ըստ իս, շատ պարզ է և որքան էլ, որ այն մերօրյա ժամանակներին ոչ համահունչ հնչի, այդուհանդերձ անհրաժեշտ է պետական մակարդակով աստիճանաբար հրաժարվել այդ ցանցերից և ստեղծել կամ կատարելագործել պաշտոնական, ամուր հենքի վրա հիմնված մեխանիզմներ՝ անձանց հետ վիրտուալ տիրույթում հարաբերվելու համար: Այս մեխանիզմները պետք է ստեղծվեն/կատարելագործվեն այնպես, որ առավելագույնս հաշվի առնվի անձանց հիմնական իրավունքները և դրանց արդյունավետ պաշտպանությունը: Հակառակ պարագայում, եթե պատկերավոր ասեմ, մեր տան խոսակցությունը, մեր վեճերն ու սոցիալական բնույթի այլ և այլ երևույթները ամբողջությամբ վերահսկելի են այլ անձանց կողմից և եթե այդ անձինք ցանկանան տեսնել ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ պատգամավորների, դատավորների և այլ պաշտոնատար անձանց ողջ ակտիվությունը, ապա այն որևէ խնդիր չի ներկայացնի, էլ ավելին, եթե ցանկանան էլ կոնկրետ եղանակ ստեղծել ՀՀ-ում դա որևէ բարդություն չի ներկայացնի այդ անձանց համար:

Գևորգ ԳՅՈԶԱԼՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
24.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930